1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել:
Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում՝ գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ: Փոքր Կովկասի տեկտոնական և երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր Կովկասյան շղթային հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան ուղղությամբ: Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց ընդհանուր առմամբ՝ այն բնորոշվում է երկրի կեղևի սեղմամբ ու խտացմամբ, Արաբական և Եվրասիական սալերի տեղաշարժերի պատճառով: