Այն, որ բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, վաղուց բոլորի համար հայտնի իրողություն է: Բայց որ մարդկային փոխհարաբերություններն են զրկվում այդ կարեւորագույն արժեքից, պատկերն ավելի սոսկալի է դառնում: Ինչո՞ւ ենք այսպես կարծում:
Օրերս, երբ «Ժողովուրդ»-ը հրապարակեց Շենգավիթ վարչական շրջանի՝ իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների պատմությունը (նրանք քվեարկել էին ՀՀԿ-ի օգտին, սակայն խոստացված գումարը չէին ստացել), առավել հետաքրքիր մանրամասներ սկսեցին ի հայտ գալ, որոնք պտտվում են Շենգավիթ վարչական շրջանի ՀՀԿ-ական ղեկավար Արմեն Սարգսյանի եւ նրա պատգամավոր եղբայր, ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն զանգահարած շենգավիթցիներից մեկը հետեւյալը պատմեց: 2007-ի գարնանը, երբ խոսակցություններ էին ծավալվում, թե Սարգիս Հովհաննիսյանը` Կադիլակ Սերոժը, պետք է առաջադրվի որպես թաղապետի թեկնածու, նրա մրցակիցը պետք է լինի ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանի` Բելիաջիոյի Գրիշի եղբայր Սերժ Մարգարյանը: Եւ որպեսզի կանխվի այդ զարգացումը, Հովհաննիսյանների հետ քավորսանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը Ս. Հովհաննիսյանին առաջարկում է իրենց մոտ կանչել Գրիգորի Մարգարյանին եւ նրան «տղավարի» հարցնել` «արդյոք աչք ունի Սերոժի պաշտոնի վրա»: Բայց կասկած ունենալով, որ Գրիգորի Մարգարյանը գուցե հետագայում «հետ կանգնի» իր խոսքերից, Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանն առաջարկում է նաեւ ձայնագրել այդ խոսակցությունը (ավելորդ ապացույցը չի խանգարի սկզբունքներից ելնելով): Հովհաննիսյանը համաձայնում է, եւ «պատմական» հանդիպումը կայանում է:
Սարգիս Հովհաննիսյանը, Մարտին Սարգսյանը եւ Գրիգորի Մարգարյանը նստում են սեղանի շուրջ, եւ որպեսզի խոսակցությունն ավելի անկեղծ լինի (այդ ժամանակ Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանն ամեն ինչ անում էր, որ Հովհաննիսյանը թաղապետ դառնար), Սարգսյանը սկսում է հայհոյանքներ «ուտել», թե ինքն ու իր եղբայր Արմեն Սարգսյանը «աչք չունեն Սերոժի աթոռի վրա»: Անդաստիարակի տպավորություն չթողնելու համար չենք կարող նկարագրել, թե քանի «հարկանի» հայհոյանքներ է տալիս Մարտին Սարգսյանը (ձայնագրության մեջ) այն մարդուն, որն «աչք ունի Սերոժի աթոռի վրա»: Նա անգամ ասում է, որ «եթե ՀՀ նախագահն էլ ասի, ես ու իմ եղբայր Արմեն Սարգսյանը կյանքում չենք «նստի» Սերոժի աթոռին»: Այս տեքստից հետո Մարտին Սարգսյանն առաջարկում է, որ նույնպիսի հայհոյախառն խոստում տա նաեւ Գրիգորի Մարգարյանը: Սակայն Բելաջիոյի Գրիշը հրաժարվում է խոստման այդ տարբերակից` միայն հայտարարելով, թե «ես տղավարի ասում եմ, որ ես ու իմ եղբայրը աչք չունենք Սերոժի աթոռի վրա»: Այսքանով խոսակցությունն ավարտվում է:
2007թ. հուլիսի 9-ին Սարգիս Հովհաննիսյանը` Կադիլակ Սերոժը, ընտրվում է Շենգավիթի թաղապետ: Պաշտոնավարելով 4 տարի՝ անցած տարվա դեկտեմբերի 5-ին Հովհաննիսյանը հրաժարական է տալիս պաշտոնից, եւ թաղապետի աթոռը զբաղեցնում է նույն այն Արմեն Սարգսյանը, որի եղբայրն ընդամենը 4 տարի առաջ հայհոյում էր ինքն իրեն ու բոլոր նրանց, ովքեր աչք կունենան Հովհաննիսյանի աթոռի վրա:
Այսպիսով` փոս փորողն ինքն է ընկել փոսը: Մարտին Սարգսյանը, որ ձայնագրված խոսակցությունը կազմակերպել էր Գրիգորի Մարգարյանից խոստում կորզելու համար, ինքը հայտնվեց, մեղմ ասած, անհարմար իրավիճակում եւ «մնաց իր խոստման տակ»: Իհարկե, նա հայտարարել է, թե եղբորը թաղապետ նշանակելու գաղափարը կուսակցության որոշումն է եղել, բայց այդ արդարացումը որեւէ մեկի կողմից չի ընդունվում: Շենգավիթի բնակիչների մի ստվար հատված գիտի այս պատմությունը, եւ անգամ նրանցից շատերի մոտ կա դրա մասին վկայող ձայնագրությունը, որի մի օրինակն էլ «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է:
ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԻՐԵՆՑ «ԽՈՍՏՄԱՆ ՏԱԿ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ