ԹԱՏՐՈՆ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից մինչ օրս հեռուստասերիալի պես ձգձգվում է Հայաստանի կառավարության ձեւավորման գործընթացը: Ամեն շաբաթ իշխող Հանրապետական կուսակցությունը նիստ է հրավիրում, որոշում մեկ-երկու հարց եւ մյուս հարցերը հետաձգում մինչեւ հաջորդ շաբաթ:

ՀԱՐՑ.  Ըստ Ձեզ՝ ՀՀ կառավարության ձեւավորման գործընթացն ինչո՞ւ է ձգձգվում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել եւ արագ որոշում կայացնել:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հետաձգել կարելի է ասել այն ժամանակ, երբ դու Սահմանադրության ժամկետներից ես հետաձգում: Սահմանադրությունը տալիս է մոտ 57 օր, որպեսզի մենք կատարենք կառավարության ծրագիրը, եւ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներով Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ հանրապետության նախագահն իրականացնում են իրենց վրա դրված ֆունկցիաները: Ամեն ինչ արվում է՝ ըստ օրենքի եւ ժամանակացույցի: Դեռ ժամանակ կա, մի՛ շտապեք:

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Ազգային Ժողովի փոխխոսնակ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինձ թվում է՝ դա նորմալ գործընթաց է: Բնականաբար, պաշտոններ նշանակելը քաղաքականության մեջ ամենադժվար երեւույթներից մեկն է:

 ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ.  Օրենքի մեջ ձեւավորվող հարցեր են: Օրենքը չի խախտվել այս առումով: Արդեն նշանակվել է վարչապետը, տասը օր հետո կլինի կառավարության նշանակումը:

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՀՇ վարչության նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկրի նախագահն արդեն նշանակել է վարչապետին, դրանից հետո վարչապետը պետք է ստեղծի իր «կաբինետը»: Առաջին նիստից հետո՝ 20 օրվա ընթացքում, վարչապետը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի ԱԺ: Եթե Ազգային Ժողովը հաստատում է կառավարության ծրագիրը, ապա կառավարությունը հաստատված է համարվում: Իմ կարծիքով՝ այդ ամենը սահմանված կարգով ընթանում է:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ.  Օրենքով սահմանված ժամկետ կա, չեմ կարծում, որ ինչ-որ խախտում է արվում: Նշանակվել է վարչապետը, 20 օր հետո արդեն պարզ կլինի նոր կառավարության կազմը:

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ  

Հ.Գ. Իհարկե հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն իր գործողություններով գոնե այս անգամ ՀՀ Սահմանադրության կետերը չի խախտում: Բայց եւ այնպես, նա, անընդհատ «սեթեւեթելով», փորձում է ժամանակ ձգել, որպեսզի հասարակության ուշադրությունը կենտրոնացած պահի պաշտոնների վրա: Սա պարզ հնարք է, որ մարդիկ այլ, ավելի կարեւոր թեմաները մոռանան ՝ հետաքրքրվելով միայն, թե ով ինչ պաշտոնի նշանակվեց:

Պատրաստեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ




Լրահոս