Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժը հարձակում է ձեռնարկել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղի պաշտպանական 4 հենակետերի վրա: Այդ հենակետերից մեկը՝ Բերձենբուլաղը, գտնվում է հայկական հնամենի Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց: Սպիտակ քարից գեղեցիկ այս եկեղեցին, ըստ պատմական աղբյուրների, որպես գրչատուն հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից: Այն գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ Կոթի գյուղից մոտ 8 կմ հեռավորության վրա: Հայ սահմանապահները հետ են մղել ադրբեջանական զինուժի բոլոր գրոհները՝ չունենալով զոհ եւ վիրավոր: Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերն ադրբեջանցիները փոքրաթիվ կրակոցներ են արձակել Ոսկեպարի ուղղությամբ: Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանն ասաց, որ գյուղում վնասներ չկան: Հունիսի 6-ի առավոտյան ադրբեջանցիները գնդակոծել են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի մաս կազմող Բաղանիս-Ոսկեպար ճանապարը, ինչի պատճառով ժամը 15-ի դրությամբ այդ ճանապարհը Նոյեմբերյանի ոստիկանների, ապա նաեւ պետավտոտեսչության կողմից փակվել էր, եւ մեքենաները երթեւեկում էին շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանից տեղեկացանք, որ հունիսի 6-ին ադրբեջանական զինուժը գյուղը չի գնդակոծել, սակավաթիվ կրակոցներ են արձակվել հայ սահմանապահների դիրքերի ուղղությամբ: Չինարիի գյուղապետն ասաց, որ այդ օրը «Ունիսոն» ՀԿ-ն եւ «Փարոս» հիմնադրամը բարեգործական միջոցառում են իրականացրել. գյուղի մանկապարտեզի եւ դպրոցի երեխաներին, բացառությամբ 12-րդ դասարանցիների, կոշիկներ են նվիրել: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ թեեւ հունիսի 6-ին գյուղում կրակոցներ չեն հնչել, սակայն սահմանամերձ գյուղի բնակիչներն անհանգիստ են: «Մարդիկ վախենում են դաշտ գնալ, իրենց այգիները մշակել: Ադրբեջանական սնայպերներն աշխատում են: Այգիների մշակությունը կիսատ է մնացել»,-նշեց Մ. Կամենդատյանը:
ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ