ՕԵԿ-Ը ՊԱՐԶԵՑ, ՈՐ ԻՆՔԸ ԿՑՈՐԴ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի կողմից տարիներ առաջ ստեղծված ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալու մասին որոշումը պատճառաբանել է իշխանության ներսում անտեսված լինելու հանգամանքով: Ստացվում է՝ ՕԵԿ-ից 6 տարի պահանջվեց, որպեսզի գիտակցի իր իրական տեղն ու դերը ՀՀԿ-ի կողքին: Սակայն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, գիտակցության այդ պաուզայից օգտվելով, հասցրեց բավականին մեծ հարստություն դիզել. 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ վերջինս չէր հայտարարագրել որեւէ անշարժ գույք, իսկ 2012թ. արդեն նշել էր, որ ունի 215.3քմ մակերեսով բնակարան, 34.8քմ մակերեսով ավտոտնակ: 2012թ. նա իր հաշվին ունեցել է 5մլն դրամ ու 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013թ.-ին հայտարարագրել է միանգամից 25 մլն դրամ ու 20 հազար ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը միանգամայն սպասված էր. Բաղդասարյանը վերջին շրջանում ՕԵԿ կառույցներում հանդիպումներ է ունեցել, լսել կուսակցության մասին հասարակական կարծիքը, նաեւ ասել, որ իրենք «կարող է պրոֆիլ փոխեն»: Սակայն այս ամենն արել է ՕԵԿ-ական պաշտոնյաներից գաղտնի, ինչը կուսակցության ներսում լուրջ դժգոհություն է հարուցել: Հիշեցնենք, որ Ա.Բաղդասարյանը ՕԵԿ քվոտայով նախարարների հետ կոնֆլիկտ էր ունեցել, երբ պահանջել էր, որ նրանք ֆինանսական ներդրումներ անեն կուսակցությունում, բայց նախարարները հրաժարվել էին:
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն կանգնած է կադրային լուրջ խնդիրների առաջ: Սկզբում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացել է կառավարությունը ձեւավորել խորհրդարանի իր թիմակիցներով, այդ նպատակով նույնիսկ նախնական խոսակցություններ են եղել, թե ՀՀԿ պատգամավորներից ովքեր պետք է գնան կառավարություն: Սակայն, շատ արագ այդ ծրագիրը չեղյալ է համարվել, քանի որ ՀՀԿ-ում հաշվարկել ու տեսել են՝ եթե Աբրահամյանի նախանշած ՀՀԿ-ականները վայր դնեն մանդատները, ապա խորհրդարանում իրենց վիճակը շատ տխուր կլինի. առանց այն էլ խորհրդարանում «խոսող, աշխատող» մարդ չունեն, իսկ ՀՀԿ ցուցակով հաջորդ եկողներն էլ այդ առումով չեն արդարացնի հույսերը, եւ կլինեն հերթական կոճակ սեղմողը: Արդյունքում Աբրահամյանին ասվել է, որ ԱԺ-ից շատ մարդ չտանի:

 

Երեկ ՕԵԿ գրասենյակում տված ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումը ՕԵԿ քաղխորհրդում ընդունվել է միաձայն: Սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ, ինչը պարզ երեւում է քաղխորհրդի կազմից` ՕԵԿ-ական 3 նախարարներն ու ԱԺ պատգամավորները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկվա նիստին նախարարներ Ա. Երիցյանը, Ս. Թադեւոսյանը եւ Ս. Կարապետյանը չեն մասնակցել. հենց սկզբում դիմում են գրել ու հեռացել կուսակցությունից: Նախարարներին կոնյակի բաժակներով հաջողություն են մաղթել ու ճանապարհել: Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն էլ Հայաստանում չէ: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը զանգահարում էր նրան, սակայն միայն օրվա վերջում հաջողվեց խոսել: Բոթոյանի խոսքերով՝ ինքը չի մասնակցել որեւէ նիստի եւ ոչնչից տեղյակ չէ. «Ես Հայաստանում չեմ, կգամ, կզրուցենք»: Այսպիսով, ՕԵԿ քաղխորհուրդը «միաձայն» որոշումը ընդունվել է կիսաձայն` Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, Լ. Դոխոլյանի, Մ. Շահգելդյանի եւ Բաղդասարյանի մասնակցությամբ:

 

ՀՀ ՏՄՊՊՀ-ն պետգնումների ոլորտում խախտումներ կատարած երեք՝ «Սեար գրուպ», «Երեքնուկ» եւ «Ամարաս Յուս» ընկերությունների գործով առաջիկայում դիմելու է ՀՀ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ սրանք այն ընկերություններն են, որոնք շարունակ հաղթել են գրեթե բոլոր մրցույթներում՝ խանգարելով այլ ընկերությունների գործունեությունը: Այսինքն՝ մանկապարտեզներին, ծերանոցներին եւ մանկատներին մշտապես մատակարարել են ապրանքներ՝ իրականից եռակի-քառակի բարձր գներով՝ վատնելով պետական միջոցները եւ միլիոնավոր դոլարների վնաս պատճառելով ՀՀ պետբյուջեին: Ի դեպ, ՀՀ վերահսկիչ պալատն իր՝ 2013-ի տարեկան հաշվետվության մեջ նույնպես անդրադարձել էր գնումների ոլորտին՝ հայտնաբերելով խոշոր չափով խախտումներ: Այդ ընկերություններից են «Տիսա»-ն եւ «Դանինի»-ն: «Ժողովուրդ»-ի հարցին` արդյոք Հանձնաժողովը «Տիսա»-ում ուսումնասիրություններ անցկացրել է, թե ոչ, մամլո խոսնակ Գայանե Սահակյանը պատասխանեց. «Խնդիրը հենց դա էր, որ մի ընկերություն Հանձնաժողովի կողմից պատժվում էր, նրանք անմիջապես մեկ այլ ընկերություն էին բացում ուրիշ անունով, որի հետ կապված ոչ մի խնդիր չէր լինում: «Տիսա»-ն հենց նման ընկերություն էր, որը կապակցված էր «Ամարաս Յուս»-ի, «Երեքնուկ»-ի հետ, բայց իրականում իրավաբանորեն լրիվ մաքուր էր ու խնդիր չուներ»:

 

 

 

 

 

 

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ 

Եվ այսպես` Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը, կարելի է ասել, իրողություն է: Չնայած այն բանին, որ Ղրիմի հանրաքվեից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը չի պատրաստվում նույն կերպ հետամուտ լինել Ուկրաինայի արեւելյան շրջանների ռուսազգի բնակչության իրավունքների պաշտպանությանը, իսկ ավելի պարզ ասած` բռնակցել նաեւ այդ շրջանները, իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ դա այդպես չէ:
Ղրիմի հանրաքվեին հաջորդող օրերին ռուս անջատողականները մեկը մյուսի հետեւից գրավեցին Ուկրաինայի արեւելյան շրջանների պետական նշանակության օբյեկտները եւ արդյունքում՝ Ուկրաինայի գործող նախագահ Օ. Տուրչինովը ստիպված եղավ ընդունել երկրի ազգային անվտանգության խորհրդի կայացրած որոշումը` Ուկրաինայի զինված ուժերը ռուսների դեմ գործադրելու մասին:
Ընդ որում, հարկ է նկատել, որ այդ հարցում որոշակի նշանակություն ունեցավ ինչպես Եվրամիության ոչ միասնական եւ ոչ բավարար վճռական հակազդեցությունը, այնպես էլ Ուկրաինայի գործող իշխանությունների անհեռատես պահվածքը: Մինչ Ռուսաստանը գազային վերջնագրեր էր ներկայացնում Ուկրաինային` պահանջելով վճարել 11 միլիարդ եվրոն գերազանցող պարտքը, հակառակ դեպքում եվրոպական 18 երկրներին խոստանալով պարզապես դադարեցնել գազի մատակարարումը, Եվրամիության անդամ երկրները հապաղում էին Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների սահմանման հարցում: Մասնավորապես Գերմանիան, որը մինչեւ երկուշաբթի օրը չէր համաձայնվում պատժամիջոցները խստացնելու առաջարկին, երեկվանից, սակայն, երբ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը բացահայտ կերպով փորձում է մասնատել Ուկրաինան` այդ ընթացքում շանտաժի ենթարկելով ողջ Եվրոպային, փոխեց իր դիրքորոշումը: Բայց ինչպես ասում են` գնացքն արդեն գնացել է:
Ուկրաինայի հարավ-արեւմուտքում տիրող իրավիճակը ներկայում ամբողջովին դուրս է եկել վերահսկողությունից: Այդ մասին ուկրաինական զինուժի կողմից Կրամատորսկում գտնվող բազան ռուսներից հետ գրավելուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինը` զգուշացնելով առաջիկա արյունահեղության վտանգի մասին: Այդպիսով` Ռուսաստանը բացահայտ կերպով հայտարարում է, որ իրենք ոչնչի առջեւ կանգ չեն առնելու, եւ, ի վերջո, ամեն ինչ տանելու են երկրի վերջնական մասնատմանը` արդեն մարդկային բազմաքանակ զոհերի գնով: Այսօր Ժնեւում կայանալու են քառակողմ բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության մասնակցությամբ, որոնց ընթացքում եթե փոխզիջումային եզրեր չգտնվեն, ապա Ուկրաինայում կհաստատվի երկարատեւ քաոս` անկանխատեսելի հետեւանքներով: Այս ամենից հետո դժվար է Մայդանում պայքարող ուկրաինացիներին չուղղել հռետորական հարց` էս էի՞ք ուզում:




Լրահոս