«ՓՈՐՁԱՌՈՒ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՓՈԽԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ բյուրոյի անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը որեւէ նախարարությունում որպես նախարար չի նշանակվելու: Մեր զրուցակիցն ընդգծեց, որ դեռեւս հստակեցված չէ` արդյոք ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ, թե՞ ոչ:

-Պարոն Լոքյան, վերջին օրերին համառ խոսակցություններ են պտտվում, որ Դուք նոր կառավարությունում նշանակվելու եք նախարար: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը եւ հատկապես ո՞ր նախարարությունում եք պատկերացնում Ձեզ:
-Չկա այդպիսի հարց, եւ ես չեմ լինելու, դրանք հնարովի բաներ են: Մեզ մոտ այդպիսի խնդիր չի քննարկվել: Ավելի կոնկրետ ասեմ` կլինի հայտարարություն դրա մասին` կլսեք ու կտեղեկանաք: Մենք չենք մասնակցելու… գոնե ես գիտեմ, որ այդպես է: Մեզ մոտ անձերի խնդիր չի քննարկվել, դրա համար զարմանում եմ, որ առանց ինձ հարցնելու իրականում նման բան կա, թե ոչ, նման տեղեկություններ են տարածում: Մեզ մոտ դեռեւս որոշված չէ մենք արդյոք մտնում ենք, թե չենք մտնում կոալիցիա: Գերագույն մարմնում են որոշվում նման հարցերը ու պետք է սպասել մինչեւ տեղի կունենա Գերագույն մարմնի նիստը:
-Բայց եթե որոշում կայացվի, որ ՀՅԴ-ն կոալիցիա է կազմելու ՀՀԿ-ի հետ ու Ձեզ նախարարի պաշտոնի առաջարկ լինի, կհրաժարվե՞ք:
-Նախ կուսակցությունը պետք է որոշի մենք գնում ենք աշխատելու, թե ոչ: Չեմ հասկանում, թե ինչու են նման տեղեկություններ անընդհատ շրջանառվում:
-Ըստ Ձեզ՝ Հովիկ Աբրահամյանը ինչպիսի՞ վարչապետ կլինի, արդյոք նրան կհաջողվի՞ Հայաստանի քայքայված տնտեսությունը վերականգնել:
-Կաշխատեն` կտեսնենք: Կարծում եմ՝ չարված բանի մասին կարծիք հայտնելը շատ վատ բան է: Բայց այն, որ մարդը փորձառու է, որ մարդը կարող է ինչ-որ բան փոխել, դա բոլորի կարծիքն է:

 

«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին քարտուղար Արտյուշա Շահբազյանից պարզել, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ կուսակցությունը ինչ որոշում է կայացրել:
-Պարոն Շահբազյան, տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն արդեն որոշում է կայացրել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել ու գործադիրում պորտֆելներ ունենալ: Ի վերջո, ի՞նչ է կատարվում ՀՅԴ-ում, նման որոշում ունե՞ք, թե՞ ոչ:
-Արդեն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարություն արել է այդ մասով ու այս պահին նման որոշում չկա: Ա. Ռուստամյանն ասել է, որ մենք լուրջ պայմաններ ենք դրել, ներկայացրել ենք 7 կետ, որոնք մեզ համար կարեւոր են: Նշվել է, որ եթե այդ 7 կետն ընդունվի, այդ դեպքում նոր մենք կհայտարարենք մեր որոշման մասին։
-Տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն արդեն երկու պորտֆել է «վերցրել» իշխանություններից ու համաձայնվել է միայն այդ դեպքում կոալիցիա կազմել: Նման պահանջ ներկայացրե՞լ եք, իսկապե՞ս երկու պորտֆելի դիմաց է ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու:
-Արդեն քանի օր է՝ անհասկանալի ու ապուշ տեղեկություններ են տարածվում, եթե ուղիղ ասեմ: Ես գիտեմ, որ այս պահի դրությամբ նման խնդիր չկա ընդհանրապես, դեռ չենք հասել այնտեղ, որպեսզի քննարկենք: Նախ՝ սկզբունքային հարց կա՝ ընդհանրապես Դաշնակցությունն իշխանության հետ մաս կազմելու է, թե չէ: Եթե այդ հարցը լուծվի, նոր այդ ժամանակ կլուծվեն հաջորդ հարցերը: Իսկ թե դրանք կլուծվեն, թե չէ` խիստ հարցական է:
Հ. Գ. Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադառնալով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցին` ասել է. «Ինչ-որ երկրորդական-երրորդական հարցերում համաձայնության գալը մեզ չի բավարարում: Մեզ անընդհատ մեղադրում են, թե իբր մենք ձեւեր ենք փնտրում իշխանության մեջ մտնելու: Մենք անընդհատ էլ ասել ենք` եթե մեր ծրագիրն իրականացվի, առնվազն 2015 թվականին կարող ենք ունենալ նոր որակի երկիր, որտեղ ընտրությունների միջոցով իշխանությունները կարող են փոխվել»: Նկատենք, սակայն, որ Արմեն Ռուստամյանը չի հայտարարել, թե Դաշնակցությունը կառավարության մաս չի կազմի, նա միայն նշել է, որ ապրիլի 18-ին կայանալիք ՀՅԴ Գերագույն ժողովից հետո հանդես կգան հայտարարությամբ:

 

 

 

 

 

 

 

 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ՈՒՆԻ ԿՈՒՏԱԿԱ

 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը շատ լավ կարող է ղեկավարել խորհրդարանը, քանի որ նա տարբեր ոլորտներում լավ ղեկավար է եղել:

-Պարոն Վարդապետյան, այժմ քննարկվում է ԱԺ նոր նախագահի հարցը: Շրջանառվող հիմնական թեկնածուներն են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ նույն խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը: Ձեր գնահատմամբ` ում շանսերն են ավելի մեծ:
-Երկուսն էլ ինձ համար ընդունելի եւ հարգարժան մարդիկ են, բայց չեմ ցանկանում թաքցնել իմ անձնական մտերմությունը Կարեն Կարապետյանի հետ, որը քաղաքական կատեգորիա չէ: Երկու անձերի թեկնածությանն էլ հարգանքով եմ վերաբերվում:
-Բայց ըստ Ձեզ՝ թեկնածուներից ո՞ւմ կառաջադրեն ԱԺ նախագահի պաշտոնում:
-Ես, անկեղծ ասած, դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց բոլոր դեպքերում ես արդեն նշեցի, որ երկուսն էլ արժանավոր թեկնածուներ են: Ինձ համար երկուսն էլ ընդունելի մարդիկ են, ուզում եմ բացառել «կամ-կամ»-ի տարբերակը: Երկուսն էլ արժանի թեկնածուներ են։
-Գալուստ Սահակյանին կարծես թե հասարակությունը ճանաչում է, նա մշտապես հրապարակային դաշտում է, մինչդեռ Կարեն Կարապետյանը վերջին ժամանակահատվածում ընդունել է «նեղացածի» կեցվածք ու երկար ժամանակ է` հրապարակային քաղաքական դաշտում չկա: Ինչ եք կարծում՝ արդյոք Կ. Կարապետյանը կկարողանա՞ ղեկավարել խորհրդարանը:
-Կարեն Կարապետյանը բոլոր ժամանակներում շփվել է, շփվում է ու շփվելու է հասարակության հետ ու հասարակության կողմից բացառիկ ընդունված անձնավորություն է: Կարեն Կարապետյանը նաեւ մարդկային այն տեսակին է պատկանում… ես գիտեմ նրա վերաբերմունքն իր ծնողների նկատմամբ, որը վայել է ամենաբարոյական մարդուն, նրա ընտանիքում շատ օրինակելի է ամեն ինչ, ու եթե խորապես ուսումնասիրում եք նրա կենսագրությունը, ապա կտեսնեք, որ նա բոլոր ինստանցիաներով անցել է ու քաղաքական հսկայածավալ կապիտալ ունի կուտակած, դրան գումարեք ժողովրդի լայն զանգվածների դրական վերաբերմունքը, կամ կարող եմ ասել՝ ժողովրդի հարգանքն ու համակրանքը իր անձի նկատմամբ:
-Նեղածացի կարգավիճակը չի՞ խանգարի նրան:
-Ոչ: Նա երբեք նեղացած վիճակում չի կարող լինել, նա պետական մտածողությամբ օժտված պետական այր է:
-Քանի որ նշեցիք, թե շատ լավ եք ճանաչում Կ. Կարապետյանին, ինչ եք կարծում՝ եթե նրան առաջարկվի ղեկավարել ԱԺ-ն , նա կհամաձայնվի, թե ոչ:
-Այդ մի հարցը պետք է իրեն ուղղեք, ես դա չեմ կարող ասել, բայց, որպես թեկնածու, համարում եմ իդեալական: Ոչ միայն Աժ ամբիոնում, այլեւ ինքը բոլոր ոլորտներում էլ կարող է փայլուն ղեկավար լինել, որովհետեւ բոլոր բաղադրիչներն ունի:

 

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԱԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ Է

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին: Նրանց հետ Աբրահամյանը խոսել է ՏՏ բնագավառը զարգացնելու մասին: Հետաքրքրականը, սակայն, այն է, որ այդ հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ում, ըստ շրջանառվող լուրերի, Աբրահամյանն առաջիկայում նշանակելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Այնինչ, Դավիթ Հարությունյանը, դեռ չնշանակված, արդեն սկսել է ներգրավվել կառավարության աշխատանքներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Դ.Հարությունյանը կառավարությունում անցկացված խորհրդակցությանն իր մասնակցությունն այսպես մեկնաբանեց. «Որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ ծրագրավորող եւ անտարբեր չեմ ոլորտի հարցերի հետ կապված: Առաջին անգամ չէ, որ այս տարիներին մասնակցել եմ վարչապետի մոտ քննարկումների՝ որպես ԱԺ պատգամավոր»:

 
Ի ՀԵՃՈՒԿՍ ՉԱՐ ԳՈՒՇԱԿՆԵՐԻ

«Հրաշալի քառյակ»-ը երեկվա հանդիպումից հետո պնդում է՝ իրենք շարունակելու են նույն ձեւաչափով գործունեությունը: «Ի հեճուկս չար գուշակողների, մենք շարունակում ենք աշխատել»,- հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նշենք, որ երեկվա հանդիպումը ՀՅԴ խմբակցությունում էր: Ըստ Ռուստամյանի՝ Քառյակը քննարկում է պարտադիր կուտակայինի հետ կապված հարցեր՝ մասնավորապես իրենք հանդես են գալու օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Քառյակն այդ նպատակով նախատեսել է առաջիկայում ԱԺ պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ արտահերթ նիստ հրավիրել: Ինչ վերաբերում է կառավարության հետ կապված Քառյակի հետագա քայլերին, ապա այստեղ դեռեւս որոշում չի կայացվել՝ նրանք ցանկանում են սպասել, թե ինչ ծրագիր է ներկայացնելու նոր կառավարությունը, բայց եւ չի բացառվում, որ չորս ուժերը վերստին դեմ քվեարկեն դրան: Իսկ ապրիլի 28-ի հանրահավաքն, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա, թեեւ «Ժառանգություն»-ը պնդում է, որ, այնուամենայնիվ, պետք է այդ օրը միասնական հանրահավաք անցկացնել, թեկուզ՝ ոչ շուրջօրյա: Մի կողմից տեսակետ կա, որ հանրահավաքն ավելի արդյունավետ կլինի կառավարության ծրագիրը ներկայացնելու օրը, երբ ժողովուրդը կլինի դրսում, մյուս կողմից ՝ ընդդիմությունը դեմ կքվեարկի այդ քայլերին:

 
ՔԿՀ-ՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

Պարզվում է, որ «Էրեբունի» քրեակատարողականը միակը չէ, որ փակվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Էրեբունի» ՔԿՀ-ի ճակատագրին են արժանանալու նաեւ «Վարդաշենի», ինչպես նաեւ «Նուբարաշենի» ՔԿՀ-ները: Ավելին՝ այս օրերին նշված ՔԿՀ-ներից դատապարտյալների տեղափոխման գործընթացը սկսվել է:




Լրահոս