ՔԱՆԻ՞ ՕՐՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿԿԱՐԴԱ 2.000 ԷՋԱՆՈՑ ԲՅՈՒՋԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում իսկական խառնաշփոթ սկսվեց այն բանից հետո, երբ հայրենի օրենսդիրներին բաժանվեց 2015 թվականի բյուջեի նախագծի «ծանրոցները»: Պատգամավորները ողջ նիստի ընթացքում միայն մտածում էին, թե այն ինչպես պետք է իրենց աշխատասենյակներ «հասցնեն», քանի որ իսկապես շատ ծանր էր: Որոշ պատգամավորներ էլ այդ «բեռից» խուսափելու համար իրենց օգնականներին էին ուղարկում նախագծի հետեւից: Օրենսդիրները ոչ թե շտապում էին էջ առ էջ ծանոթանալ, հասկանալ, թե Կառավարությունն ինչ է զետեղել մոտ 2.000 էջանոց նախագծում, այլ ընդամենը ցանկանում էին շուտափույթ ԱԺ նիստերի դահլիճի իրենց սեղանը «մաքրել» այդ «ծանրությունից»:

Եւ այսպես՝ 2015 թվականի բյուջեի նախագիծը վերջնական տեսքով արդեն հայրենի օրենսդիրների սեղանին է: Անցած հինգշաբթի ՀՀ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Կառավարության կազմած բյուջեի նախագիծն արդեն պատրաստ է ու այն ԱԺ-ում պետք է քննարկվի երեքշաբթի օրը՝ այսօր:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ՝ պարզելու, թե իրենք ինչ առաջարկներ են ներկայացրել ՀՀ գլխավոր ֆինանսական փաստաթղթի մասով եւ ինչպես են քվեարկելու 2015 թվականի բյուջեի նախագծին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սեդրակյան, 2015 թվականի բյուջեի վերամշակված նախագիծն արդեն բաժանվել է բոլոր պատգամավորներին, Դուք ծանոթացե՞լ եք այդ նախագծին: Արդյո՞ք Ձեզ «բավարարում» է բյուջեի նախագիծը:
-Չէ՛, դեռեւս չեմ ծանոթացել նախագծին:
-Այդ դեպքում ինչպե՞ս եք քվեարկելու 2015 թվականի բյուջեի նախագծին, եթե ծանոթ չեք:
-Չէ՛, մինչեւ էդ կծանոթանամ նոր կքվեարկեմ:
-ՀՀ Կառավարությունը հայտարարել է, որ 2015 թվականի բյուջեն զարգացման բյուջե է, ի՞նչ եք կարծում՝ ՀՀ Կառավարությանը կհաջողվի՞ բյուջեն կյանքի կոչել: Մենք հաջորդ տարի զարգացած երկրո՞ւմ ենք ապրելու:
-Եթե ասում են, ուրեմն զարգացման բյուջե է… Ու մենք բոլորս պետք է անենք, որ մեր երկիրը զարգանա: Դա միայն Կառավարության խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է: Չեմ կարծում, որ տենց չի լինելու: Ես անցած քառօրյային չեմ մասնակցել, չեմ կարող այլ բան ասել: Անպայման բյուջեին ծանոթանալու եմ, հետո կասեմ: Հիմա ծանոթ չեմ, չեմ հասցրել, բայց կհասցնեմ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ
-Պարո՛ն Բադեյան, Դուք ծանոթացե՞լ եք 2015 թվականի բյուջեի վերամշակված նախագծին, արդյո՞ք նոր նախագիծը Ձեզ դուր է գալիս:
-Ինքը բալանսավորված բյուջե է եւ հնարավորության սահմաններում խնդիրները լուծում է:
-ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը 2015 թվականի բյուջեն որակել է «յոլա» գնալու բյուջե, քանի որ որեւէ սոցիալական խնդիր 2015 թվականի բյուջեով չի լուծվելու:
-Իսկ դուք ո՞նց եք պատկերացնում կտրուկ լավացումը, բյուջեի ավելացմամբ, չէ՞: Իսկ ինչպե՞ս եք այդ դեպքում պատկերացնում բյուջեի ավելացումը, հարկերի մեծացմամբ, չէ՞, իսկ ովքե՞ր են այդ հարկերը վճարում, ժողովուրդը, չէ՞: Այսիքն՝ ի՞նչ: Դուք էլ եք հարկ մուծում, ես էլ եմ հարկ մուծում, այսինքն՝ ժողովուրդն է, չէ՞, այդ հարկերը վճարում: Հիմա եթե ժողովրդից մի ձեռքով պետք է վերցնենք, մյուս ձեռքով իբրեւ թե տանք… ո՞ւմ ենք խաբում:
-Բայց Դուք հայտարարել եք, որ կողմ եք քվեարկելու 2015 թվականի բյուջեին, այդ դեպքում ստացվում է, որ Դուք էլ ե՞ք ժողովրդին խաբում: Համակերպվելու եք ՀՀ Կառավարության ներկայացրածով ու «յոլա՞» եք գնալու:
-Ո՛չ, այդպես չի, օդից չեն վերցրել ու ներկայացրել բյուջեի նախագիծը, դա մանրակրկիտ հաշվարկների արդյունք է ներկայացված բյուջեն, բալանսներն էլ ճիշտ է պահված: Ցանկացած բյուջե, ցանկացած երկրում, ցանկացած ժամանակ քննադատելի է, որովհետեւ տեսլականներ կան: Օրինակ՝ Դուք կարծում եք, որ առողջապահությանը պետք է ավելի շատ փող տալ, իսկ ես էլ կարծում եմ, որ պետք է շատ փող հատկացնել կրթության ոլորտին: Մեր կարծիքները կլինեն իրար հակասող, ինչի համար էլ միշտ կգտնվի քննադատը: Հիմա բյուջե կազմողները ղեկավարվում են պրոֆեսիոնալ սկզբունքներով, հաշվի առնելով կառավարության, նախագահի ծրագրերը, որպեսզի իրականացնեն այդ ծրագրերը: Այսինքն՝ այդ ծրագրերին համահունչ է ներկայացվում դրանք: Եթե նախագծից առանձնացնենք դրանք, ապա կտեսնենք, որ զարգացում կա, բայց պետք է հասկանանք նաեւ, որ որեւէ բյուջե, որեւէ երկրում, որեւէ ժամանակ կտրուկ ոչինչ չի կարող փոխել:
-Իսկ Դուք Կառավարությանը Ձեր առաջարկությունները ներկայացրել ե՞ք, դրանք ընդունվել, թե՞ մերժվել են:
-Ներկայացրել եմ, մերժվել է: Դե՛, գիտեք ինչ՝ բյուջեն դա վերջավոր քանակությամբ փող չէ, եւ մեր բանակցությունները Կառավարության հետ, որ այս հատվածից ճիշտ կլինի գումարը վերցնել ու դնել իմ առաջարկի մեջ, ինձ համոզեցին, որ այդքան էլ ճիշտ չի:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ
-Պարո՛ն Նուշիկյան, հնարավո՞ր է՝ 2015 թվականի բյուջեին եւս դեմ քվեարկեք՝ նախորդ՝ «Անձնական տվյալների գաղտնիության մասին» օրենքի նախադեպը հաշվի առնելով:
-Կողմ եմ, ցանկալի էր՝ ավելի լավը լիներ, բայց, դե, դա է (արագ քայլելով՝ հեռանում է Ս. Գ.):

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն «ԷՇԻ ՔՈՒՌԱԿ»

Երեկ հերթական անգամ հայրենի խորհրդարանը քննության էր առել ԵՏՄ-ին անդամակցության հարցը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով մշտապես աչքի է ընկել իշխանավորների հասցեին հնչեցրած քննադատություններով, այս անգամ փաստորեն համակարծիք է նրանց հետ:

-Տիկի՛ն Սարգսյան, ԵՏՄ-ի պայմանագիրը, գալով խորհրդարան, ի՞նչ ճակատագրի կարժանանա: Ինչպե՞ս եք Դուք քվեարկելու:
-Ես կողմ եմ քվեարկելու: Մեր կուսակցությունը դեռ անցյալ տարի այդ անդամակցությանը կողմ է եղել,- հայտարարեց Սարգսյանը՝ հավելելով,- կարծում եմ, որ ոչ միայն ես եմ կողմ քվեարկելու, այլեւ շատ ու շատ քաղաքական ուժեր, որոնք ներկայացված են ԱԺ-ում: Մեր իշխանությունները վաղուց արդեն պիտի հասկացած լինեին, որ մեզ համար «Եվրամիության» համաձայնագրի շուրջ երեք տարի բանակցություններ իրականացնելը պարզապես անմտություն էր: ԵՏՄ-ին անդամակցությունը կարող է բազմաթիվ խնդիրների լուծում դառնալ մեզ համար: Տարօրինակ է, որ մեր իշխանությունները միայն երեք տարի հետո հասկացան, որ ԵՏՄ-ին անդամակցությունն է մեր փրկությունը:
Երբ ՀԱԿ ներկայացուցչին հիշեցրեցինք մտահոգություններն այն մասին, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում մենք կկորցնենք ինքնիշխանությունը, նա բացատրեց. «Եթե մենք ԵՏՄ-ին ժամանակին անդամակցեինք, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Մեր հռետորաբանությունն այլ կլիներ: Շատ ցավալի է, երբ մեր գործընկեր երկիրն է մեզ հասկացնում, թե որտեղ ենք սխալվել: Եթե ավելի շուտ անդամակցեինք ԵՏՄ-ին, Բելառուսի եւ Ղազախստանի հետ կարող էինք դիտարկվել որպես գործընկեր, Ռուսաստանի հետ՝ առավել եւս»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ «Ժողովուրդ»-ին ասաց, որ պայքարելու է այնքան, մինչեւ քանդվի այս միությունը: «Ես կզարմանամ, եթե որեւէ մեկը կասկածի իմ տեսակետի վրա: Միանշանակ դեմ եմ քվեարկելու: Հանձնաժողովում էլ եմ նույն կերպ քվեարկել»,- հայտարարեց պատգամավորը:
Հավելենք, որ մինչ խորհրդարանը քննարկում էր ԵՏՄ-ի անդամակցության հեռանկարը, առավոտից ԱԺ-ի դիմաց հավաքված տասնյակ ցուցարարները պատգամավորներից պահանջում էին դեմ քվեարկել պայմանագրին:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշում էր, որ պատժամիջոցներից քայքայվող ռուսական տնտեսությունը ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին: «Ով այդ փաստաթղթի տակ վավերացնի, թող իր ժառանգների համար գրի՝ այս օրը, այսինչ ժամին ես եղել եմ իշի քուռակ: Ես բառեր չեմ գտնում»,-ասաց Հայրիկյանը: Իսկ Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ պաշտոնական Երեւանը Կրեմլին դիմադրելու ռեսուրս այլեւս չունի: Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանի խոսքերով՝ իշխանություններն իրենք էլ չեն հավատում հավաստիացումներին, թե մեծ շուկա է բացվելու մեր առջեւ, խաբեություն է:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԳԵՆԵՐԱԼԸ  ՉԼՍԵՑ
Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ «կռիվ» սկսվեց: Ինչի համար ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ու անմիջապես ՕԵԿ-ականները դուրս եկան դահլիճից: Նրանք փորձում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներին համոզել, որ կողմ քվեարկեն նախագծին: Հ. Բիշարյանը սկսեց «դասընթացներ» կազմակերպել հենց խորհրդարանի միջանցքում: Վերջինս շատ բարձր տոնով ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սեյրան Սարոյանին ու Մհեր Սեդրակյանին «բացատրում» էր, որ այդ օրենքը «խփելու» է նաեւ իրենց գրպանին: Ս. Սարոյանը զրույցի կեսից գնաց՝ ասելով, թե. «Հեղինե՛, էլ մի՛ սկսա, սա լավ ա», իսկ Բիշարյանը շարունակում էր արդեն Սեդրակյանին մանրամասնել: Միջանցքով անցնողներին նույնիսկ թվում էր, թե նրանք վիճում են: 20 րոպե հետո, սակայն, օրինագիծը մերժվեց 48 կողմ, 58 դեմ, 4 ձեռնպահ ձայներով:

 

ԷԼԻ ԳԻՐՔ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երբեմնի ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը երեկ խորհրդարան էր «բերել» իր հեղինակած գիրքը: Այն վերնագրված էր «Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. հաղթել՝ սանձելով պատերազմը»: Առաջին էջում էլ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարն է՝ ձեռք ձեռքի տված: Արտաշես Գեղամյանի օգնականը ողջ օրվա ընթացքում խորհրդարանի այս ծայրից այն ծայր էր գնում՝ գրքերը բաժանելու համար: Իսկ Գեղամյանը պատգամավորներին առանձին-առանձին իր հեղինակած գիրքն էր նվիրում՝ ամեն մեկին վերաբերող մի «յուրահատուկ» գրառում անելով:

 

ԱՆԿՈՒՄՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է
Նավթի միջազգային գինը եւ ռուսական ռուբլու փոխարժեքը երեկ նոր հակառեկորդներ են սահմանել: Մասնավորապես նավթի մեկ բարելը երեկ օրվա սկզբին միջազգային շուկայում էժանացավ մինչեւ 68 դոլար: Ինչին ռուբլու փոխարժեքն արձագանքեց անմիջապես, եւ 1 դոլարի փոխարժեքը հասավ մինչեւ 54 ռուբլու: Օրվա վերջին նավթի գինը մի փոքր բարձրացավ` մինչեւ 71 դոլար մեկ բարելը, իսկ դոլարը մի փոքր «արժեզրկվեց» եւ օրվա վերջին արդեն վաճառվում էր 51,50 ռուբլով: Այս ամենի արդյունքում Հայաստանում ռուսական ռուբլին էժանացավ 40 լումայով եւ երեկ արդեն ռուսական մեկ ռուբլին գնվում էր 8 դրամ 30 լումայով:




Լրահոս