Հունիսի 6-ին Իջեւանում կայացավ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը:
Դատարանում հետազոտվեց վկա Արթուր Մկրտչյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նաիրա Բուլղադարյանին տված հարցազրույցի տեսագրությունը: Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Մկրտչյանն ասում է, թե Բերդի ոստիկանությունում քննիչները՝ Սարգիս Մադաթյանը եւ մեկ ուրիշը, որի անունը չէր հիշում, ծեծելով իրեն ստիպել են կեղծ ցուցմունք տալ, ապա հավելում է, թե «տղերքը մեղավոր չեն»: «Տղերքը» ասելով՝ նկատի ունի ամբաստանյալ զինվորներ Ադիբեկ Հովհաննիսյանին, Մխիթար Մխիթարյանին, Հարութիկ Կիրակոսյանին: Հարցազրույցում Ա. Մկրտչյանը վկայում է, որ ռազմական ոստիկանությունում ծեծել են գործով ներգրավված բոլոր զինծառայողներին, այդ թվում՝ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանին: Վերջինիս պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարեց, որ հարցազրույցում Ա. Մկրտչյանի արած այն պնդումները, թե Հակոբ Մանուկյանը մի քանի անգամ ծեծել է Արտակ Նազարյանին, ճիշտ չեն, իր պաշտպանյալը Ա. Նազարյանին չի ծեծել, նրանք վիճել են որպես հավասար կողմեր, իսկ վեճերը չէին կարող Ա. Նազարյանին ինքնասպանության մղել:
Նույն հարցազրույցում վկան ասել է, որ ճաշարանում թափված է եղել Հակոբ Մանուկյանի կողմից ծեծված Արտակ Նազարյանի արյունը, մինչդեռ նախաքննության նյութերում չկան փորձաքննության արդյունքներ, թե ում արյունն է թափված եղել ճաշարանում: Հրանտ Գեւորգյանն ասաց, որ վկաները եւ ամբաստանյալները ՌՈ-ում հարցաքննվել են անմարդկային պայմաններում, եւ միջնորդեց տեսաերիզի այն հատվածը, ուր Ա. Մկրտչյանը հայտարարել է ՌՈ-ում ծեծի եւ ճնշման ենթարկվելու մասին, ճանաչել որպես ապացույց: Ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը եւս համաձայն էր միջնորդությանը: Սակայն մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը դեմ էին տեսաերիզը որպես ապացույց կցել գործին: Մեղադրողների խոսքերով՝ հարցազրույցը վկան տվել է ամբաստանյալների ծնողների ճնշման տակ, որ Ա. Մկրտչյանը ճշմարտությունն ասել է դատարանում, ուր նա ստորագրել է սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության ենթարկվելու մասին:
Պաշտպան Ալվարդ Մնացականյանը դատարանում ընթերցեց Վաղարշապատի ոստիկանության բաժնի պետի գրությունը, որ առանցքային վկա Արման Մնացականյանը ամբուլատոր բուժման մեջ է սրտի ռիթմի խանգարման պատճառով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց բժշկական հանձնաժողովի միջոցով ստուգել վկա Արման Մնացականյանի առողջական իրական վիճակը եւ դատական նիստերն արտագնա կարգով անցկացնել Երեւանում, քանի գործում ներգրավված բոլոր կողմերի համար այդպես ավելի հարմար է:
Դատավորն իր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մերժեց նիստերը Երեւանում անցկացնելու միջնորդությունը, իսկ Արման Մնացականյանի առողջական վիճակը բժշկական հանձնաժողովի կողմից ստուգելու միջնորդության վերաբերյալ որոշում կընդունի դատական հաջորդ փուլերում:
Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 12-ին:
Տավուշ