ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է ՀՔԾ-Ի ԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՐԻԺՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. նոյեմբերի 28-ին՝ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրը, Սերժ Սարgսյանը, ըստ երեույթին, ոչ միայն շնորհավորեց, այլեւ որպես տոնական նվեր «դաբրո» տվեց ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին` մի դաստիարակչական պատասխան տալ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Այս անգամ էլ ՀՔԾ-ի հետ է դատախազությունը հակամարտում:

«Կռիվ կինոյի» սկիզբը
Նոյեմբերի 25-ին ՀՀ ՀՔԾ-ն հրապարակել էր «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործողությունները խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր լրագրողի ձեռքին, տապալել էր IPad-ը, իսկ ՀՔԾ-ն այդ արարքում հանցանք չէր տեսել: Նոյեմբերի 28-ին՝ հենց ՀՔԾ աշխատողի օրը, ՀՀ գլխավոր դատախազությունը որոշեց ՀՔԾ-ի որոշումը վերացնել եւ նոր նախաքննություն նշանակել: Ավելի ուշ Գեւորգ Կոստանյանն էլ մյուս պաշտոնյաների նման այցելել էր ՀՔԾ հանդիսավոր նիստին մասնակցելու: Շնորհավորական ուղերձ էր ուղղել նաեւ Սերժ Սարգսյանը:

ՀՔԾ-ի հորդորը դատախազությանը
Իրենց տոնը նշելուց եւ խումարից դուրս գալուց հետո ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի հրահանգով այսպիսի մի հայտարարություն տարածվեց. «Պետական մարմնի հավասարակշռված վարքին ոչ հարիր ենք համարում, երբ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե. «ՀՔԾ-ն նախաքննությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես անձին՝ Մարինե Խաչատրյանին, տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել»: Տեղին է հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է … դատախազը …»: Այսինքն՝ քրեական գործով նախաքննության ընթացքում բավարար հիմքերի առկայության դեպքում դատախազն իրավասու էր կայացնել անձին տուժող ճանաչելու մասին որոշում: Ինչը քննարկվող քրեական գործի նախաքննության շուրջ 1.5 ամսվա ընթացքում դատախազի կողմից չի կատարվել: Բացի այդ՝ ավելորդ չենք համարում նշել, որ սույն քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է ՀՀ ԳԴ դատախազի կողմից, այն բանից հետո, երբ վերացվել էր արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը, եւ դատախազը գտել էր, որ առկա են հանցագործության մասին վկայող փաստական տվյալներ:
Եթե հրապարակման հեղինակի մտահոգությունը լրագրող Մ. Խաչատրյանի՝ որպես տուժողի իրավունքների պաշտպանությունն է, ապա չենք կարծում, որ դատախազությունը տեղյակ չէ ՀՀ քր. դատ. օր. 182-րդ հոդվածի 3-րդ մասի այն դրույթից, համաձայն որի. «Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող…»:
Ակնհայտ է, որ լրագրող Մ.Խաչատրյանի անձը հայտնի էր քրեական գործ հարուցելու պահին, իսկ սույն քրեական գործը հարուցող դատախազն ինքը կարող էր որոշում կայացնել տուժող ճանաչելու մասին, ինչը չի կատարել: Հարկ ենք համարում փաստել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հայտնի հաղորդագրությամբ փորձ է արվել հանրային հնչեղություն ունեցող գործով առիթն օգտագործելով՝ հանրության առաջ արժեւորել դատախազությունը՝ մեկ այլ պետական կառույցի աշխատանքները թերագնահատելու հաշվին, առանց անդրադառնալու նույն խնդրի կապակցությամբ դատախազի թույլ տված բացթողումներին:
Գտնում ենք, որ հարկ է այսուհետ հանդես բերել ՀՀ գլխավոր դատախազության նման ծանրակշիռ կառույցին բնորոշ զսպվածություն եւ հանրությանը տրամադրել իրավաբանորեն հիմնավորված տեղեկատվություն՝ ընթերցողներին թյուրըմբռնումից զերծ պահելու համար»: Ակնհայտ է, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի գիտությամբ եւ խմբագրմամբ տարածված այս հայտարարության տեքստը չէր կարող հրապարակվել, քանի դեռ դրա համար նա չէր ստացել Սերժ Սարգսյանի «դաբրոն»:

Պատասխան ՀՔԾ-ին
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ որոշեց չլռել: Նրա խորհրդական Ք. Մելքոնյանը, ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցին, ասաց, թե. «Նախ ակնհայտ փաստ է, որ որեւէ կառույցում, գերատեսչությունում գործառույթներն իրականացվում են տվյալ գործի համար պատասխանատու անձի կամ անձանց միջոցով: ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում անձանց անուններ չհրապարակելու նպատակը հենց գործը չանձնավորելն է, քանի որ հանրության համար կարեւոր է ոչ թե քննիչի կամ դատախազի անձը, այլ գործի ընթացքը, թե տվյալ կառույցը, գերատեսչությունը ինչպիսի լուծում եւ գնահատական են տալիս: Այդ պարզ պատճառով հաղորդագրությունում աննուներ չեն նշվել, ընդ որում դա արվել է առանց ենթատեքստերի:
Իսկ կոնկրետ դեպքում քննարկվող քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման՝ զուտ իրավական մասնագիտական խնդիրներով հանրությանը չծանրաբեռնելու համար ընդամենը հարկ ենք համարում հիշեցնել, որ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված է նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողական լիազորություն, այսինքն` դատախազությունը կարող է վերացնել նախաքննական մարմնի որոշումները, ցուցումներ տալ քննիչներին, նաեւ անձին տուժող ճանաչել…: Դատախազի կողմից իր լիազորություններից որեւէ մեկից չօգտվելը որեւէ կերպ չի արդարացնում տվյալ գործով նախաքննության մարմնի կողմից անձին տուժող չճանաչելու փաստը:
Ինչ վերաբերում է հրապարակման «բարոյախրատական» մասին, ապա դարձյալ պետք է հիշեցնել, որ ինչպես դատախազությունը, այնպես էլ նախաքննական մարմիններն իրավական գործառույթ իրականացնող կառույցներ են, որոնց գործունեությունը հրապարակային կամ ոչ սահմանափակվում է բացառապես իրավունքի շրջանակներում: ՀՀ գլխավոր դատախազության հրապարակումները պարբերաբար միջանձնային հարաբերությունների դաշտ բերելն ու տարբեր, անհիմն ենթատեքստերով շրջանառելը պարզունակ եւ անհեռանկար զբաղմունք է:
Դատախազությունն իրականացնում է օրենքով սահմանված իր լիազորությունները, այդ թվում՝ անհիմն եւ ապօրինի որոշումները վերացնելու եղանակով, պետական որեւէ կառույցի իրավական գիտելիքների խորությունը եւ բարոյախրատական տոնի իրական արժեքը տեսանելի կլինեն կատարված աշխատանքի արդյունքում»:
Այսպիսով՝ հիմա էլ դատախազությունը «մեջլիս է մտել» մեկ այլ քննչական մարմնի՝ հատուկ քննչական ծառայության հետ: Տեսնենք, թե այս հակամարտությունն ինչ արդյունք կունենա: Քննչական կոմիտեի հարցն էլ դեռ «փակված» չէ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՐՏԱՌՈՑ ԴԵՊՔ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, կալանավոր Դավիթ Մարկոսյանը հոգեբուժարանում իրարանցում է սարքել՝ հայտարարելով, թե ինքնասպան կլինի եւ վնասել է հոգեբուժարանի գույքը:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ կալանավոր Դավիթ Մարկոսյանին «Նուբարաշենի» հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա: Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի է դարձել, որ Դավիթն առողջական խնդիր չունի, եւ երբ ցանկացել են նրան տեղափոխել ՔԿՀ, վերջինս հրաժարվել է՝ հայտարարելով, որ ինքը հիվանդ է եւ կվնասի իրեն, եթե տեղափոխեն ՔԿՀ:
Հենց այդ պահից հոգեբուժարանում լուրջ իրարանցում է սկսվել. կալանավորը փորձել է կտրել երակները: Հավաքված ոստիկանները եւ հիվանդանոցի աշխատակազմը շուրջ 1 ժամ տեւած իրարանցումից հետո կարողացել են մեկուսացնել Դավիթ Մարկոսյանին եւ կարգավորել հոգեբուժարանում տիրող իրարանցումը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Նուբարաշենի» հոգեբուժարանի տնօրեն Սամվել Թորոսյանը հաստատեց, որ միջադեպ եղել է, եւ կալանավորը խուլիգանական վարք է դրսեւորել:
Նշենք, որ Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի` ավազակություն եւ 176-րդ հոդվածի` կողոպուտի հատկանիշներով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ կալանավորի կողմից հոգեբուժարանի գույքը վնասելու մասով կատարվում է հետաքննություն:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 
ԴԻԱԿ ԵՆ ԳՏԵԼ
Երեկ Քանաքեռ-Զեյթունում գտնվող թիվ 1 հանրակացարանի մոտ տեղի բնակիչները գետնին անշարժ ընկած տղամարդու են նկատել: Ավելի ուշ պարզել են, որ տղամարդը մահացած է: Դեպքի վայր ժամանած իրավապահներին հայտնի է դարձել, որ տղամարդու մահը վրա է հասել կրծքավանդակի հատվածում առկա կտրած-ծակած վնասվածքից: Պարզվել է, որ սպանվածը 49-ամյա Գեորգի Պողոսյանն է, ով նշված շենքի բնակիչ չէ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1 մասի (սպանություն) հատկանիշներով:
Armlur.am-ի հետ զրույցում բնակիչները նշել են, որ սկզբում կարծել են, թե նա հարբել, քնել է: Տղամարդուն նրանք չեն ճանաչել, նախկինում իրենց կողմերում չեն տեսել: Զրուցակիցները նշել են, որ սկզբում իրենք կարծել են, թե տղամարդու սպանությունը կապված է իրենց շենքի երկու բնակիչների՝ Արմենի եւ Գուրգենի հետ, որոնցից մեկն ալկոհոլի նկատմամբ հակում ունի, մյուսը՝ հոգեմետ դեղերի: Բնակիչների խոսքով՝ այս երկու տղամարդիկ հաճախ են իրենց բնակարաններում խնջույքներ եւ գինարբուքներ կազմակերպում, որոնք հիմնականում ավարտվում են վեճերով:

 

ԽՆԴՐԱՆՔ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Կանազի» զինհոսպիտալի ծեծի գործով ամբաստանյալ 26-ամյա Ռազմիկ Մանուկյանի մայրը` Աննա Կարապետյանը, հայտնեց, որ իրեն հաշված օրերն են մնացել եւ իր վերջին ցանկությամբ դիմում է ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին. «Արդեն մեկ տարի է՝ այդ երեխաներին չարչարում են, ես խնամակալ չունեմ, դուստրս ամուսնացած է, ես ու ամուսինս հաշմանդամ ենք: Խնդրում եմ՝ ուզում եմ այս ամենը շուտ ավարտվի, գոնե իմ վերջին օրերին երեխաս ինձ հետ լինի»: Ռազմիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ԼՂՀ ՊԲ զորամասի ժամկետային զինծառայող, ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, ալկոհոլի ազդեցության տակ՝ նշված բաժանմունքում բուժման մեջ գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արշակ Թորոսյանի եւ Դավիթ Մարկոսյանի հետ բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել իրենց դիտողություն անող ՀՀ ՊՆ հոսպիտալի հրամանատար, փոխգնդապետ Սահակ Օհանյանի, բժիշկներ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լեւոն Բալայանի եւ Էմիլ Բաբաջանյանի հասցեին:




Լրահոս