ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԸՆԴԱՄԵՆԸ 3 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ամենաքննարկվող թեման Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծն էր: Ինչպես հայտնի է` ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագիծ, որն արտահերթ կարգով խորհրդարանում քննարկելու համար անհրաժեշտ էր 44 ստորագրություն:

Նիստի սկզբում Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ նշեց, որ դեռեւս երեք պատգամավոր է միացել իրեն եւ Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջողներին՝ կոչ անելով միանալ նախագծին կամ ներկայացնել այս նախագիծը լրացնող առաջարկներ: Սակայն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը ցանկացող պատգամավորների թիվը չավելացավ, եւ Փաշինյանի նախաձեռնությանը դրական արձագանքեցին միայն «Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ու նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են ներկայացրել մյուս խմբակցությունների ներկայացուցիչները: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ խմբակցությունը կիսում է երկրում առկա վիճակի մասին Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները, որոնք ներկայացված են այդ փաստաթղթում, սակայն չի միանա նրա նախաձեռնությանը: «Վիճակն իրատեսականորեն հետեւյալն է՝ որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկփուլանոց գործողություն` առաջին փուլում 66 ձայնի ապահովմամբ, երկրորդ փուլում՝ 88 ձայնի: Ստացվում է, որ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկ քայլանոց գործողություն եւ ավարտվելու է անհաջողությամբ»:
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, թե չի ստորագրել փաստաթղթի տակ, քանի որ այս հարցը պետք է ավելի մանրակրկիտ քննարկվեր: «Բացատրությունների կարիք չկա, իմաստ չկա, հասկանում եք, շտապում ենք, ես առիթ չեմ ունեցել նրան լսելու, ոտքի վրա նման խնդիրներ ինձ համար գոնե քննարկելի չեն»,- նշեց Խ. Քոքոբելյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց. «Ո՞ւր ա ընդեղ իմպիչմենտ… Ես կարդացել եմ, ու այդ տեքստն ինձ ավելի շատ հիշեցնում է դպրոցական տարիների գովասանագիր»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս նախագծի վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: «Ես չեմ հասկանում, թե էդ ինչ բաներ ա: Վաբշե չեմ հասկանում: Չգիտեն լավ ու վատը, բայց պահանջում են, էլի, իմ հրաժարականն էլ եք պահանջում մեկ-մեկ: Թող իրար մեջ մաքուր, ազնիվ լինեն, հետո պահանջեն»:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալու շարժառիթներն ու խոսեց նախագծի տապալման պատճառների մասին:
«Սույն նախագծով «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը հիշեցնում է քաղաքական դաշտում հաստատված աղետալի, առանցքային պատասխանատուների եւ նրանց գործունեության քրեաիրավական բնույթի մասին: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում, իմպիչմենտի հարուցման հետ կապված, հանդես եմ եկել մի քանի անգամ: Տեսնելով, որ այլ ձեւով իմպիչմենտ հնարավոր չէր հարուցել, սույն նախագծով վերահաստատում եմ իմ նվիրվածությունն ընտրողների առաջ»,- հայտարարեց Փաշինյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ պատրաստ է միանալ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու ցանկացած նախաձեռնության, որը կհարուցվի խորհրդարանական որեւէ ուժի կամ պատգամավորի կողմից: Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ եռյակի դիրքորոշումն ավելի քան խոսուն է: Իսկ այն դիտարկմանը, թե ինչո՞ւ սկսեց Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացն ԱԺ-ում, եթե ընթացակարգը ենթադրում է վերջին փուլում 88 ձայն, ինչը գործնականորեն անհնար է, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց.
«Մենք վերջին շրջանում անընդհատ լսում ենք, որ իշխանական բուրգը ճաքեր է տալիս, որ իշխանությունները երբեմն նաեւ խուճապի մեջ են: Այդ 88 ձայնը, որ ասում են, պետք է հաշվի առնել, որ երկրորդ փուլում նախատեսվում է փակ գաղտնի քվեարկություն: Եվ եթե մենք պնդում ենք, որ հիմա քաղաքական պրոցեսներ են գնում իշխանափոխության համար, եւ այն պետք է իրականացվի սահմանադրական ճանապարհով, ուրեմն սահմանադրական ճանապարհը ԱԺ-ում հենց այդ հարցը բարձրացնելն է»:
Ինչեւէ, երեկ ԱԺ-ում շարունակվեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկում էին փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ակտիվությունը, օգտակարությունը, օրենսդրական աշխատանքը, ելույթների քանակը, ընտրողների հետ աշխատանքն ավելի քիչ է, ավելի պակաս արդյունավետ, քան համամասնական ցուցակով ընտրվածներինը: «Ես ընդամենն ասում եմ, որ մեծամասնականի մեջ «խոտանն» ավելի շատ է, քան համամասնականի մեջ: Սա ամենեւին չի նշանակում, որ մեկը «քըխ» է, իսկ մյուսը՝ լավը»: Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հիշեց, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրել է իր թեկնածությունը 4 անգամ եւ 4 անգամ էլ իր մրցակից թեկնածուները բացահայտ առավելությամբ հաղթել են իրեն: Նա նշեց, որ ընտրական այդ համակարգի արդյունքում իրեն հաղթել են «լավ տղաներ», որոնց անունները հանրությանն անհայտ են:
Ներկայացված նախագծի վերաբերյալ դրական արտահայտվեցին նաեւ ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր ոճի մեջ կարծիք հայտնեց, թե օրինագիծը պարզապես ներկայացվել է, որպեսզի անարդյունք լինի: «Բայց մի բան որ ձեռնարկում եք, տեսեք՝ արդյունք լինելո՞ւ է, թե՞ չէ: Թե՞ արդյունքն այն է, որ ասեք` տեսե՛ք՝ էս բոբո հանրապետականներն էլի չհամաձայնեցին»:
Նշենք, որ հարցի քննարկումն ավարտվեց նախագծի հեղինակ Ռուբիկ Հակոբյանի ելույթով, ով ընդգծեց, որ մեր ընտրական մշակույթի առումով համամասնական ընտրակարգին անցումն ավելի նախընտրելի է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 
ՍԱՐԻԳՅՈՒՂՆ ԱՌԱՆՑ ՋՐԻ

Դեկտեմբերի 14-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղ համայնքում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: 983 ընտրող ունեցող Սարիգյուղում համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն են՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Կոմիտաս Էլլարյանը, անկուսակցական Սեյրան Սարիբեկյանը եւ ՀՀԿ անդամ Գագիկ Մադաթյանը: Ուշագրավ է, որ ՀՀԿ անդամ երկու թեկնածուները, այդ թվում՝ գործող գյուղապետ Կ. Էլլարյանը, առաջադրվել են ոչ թե իշխող կուսակցության կողմից, այլ ինքնառաջադրմամբ:

Սարիգյուղացիներն իրենց մտահոգությունները հայտնեցին սահմանամերձ գյուղի վատթար վիճակի մասին: Գյուղում ոռոգման ջուր չկա, խմելու ջուրն էլ չեղածի հաշիվ է: Սարիգյուղի տարածքում 3 աղբյուր կա, որտեղից սարիգյուղացիները ջրամաններով ջուր են կրում: Այդ աղբյուրներից 2-ը՝ ավտոկանգառի եւ Ջաղացի ձորի աղբյուրները, սնվում են նույն ջրագծից: Ներկայումս այդ ջրագծում ջուր չկա: Ջուր չկա նաեւ ազատամարտում զոհված սարիգյուղացիների հիշատակին ռուսաստաբնակ սարիգյուղացի Հենրիկ Եգանյանի կողմից կառուցված հուշաղբյուրում: Տանձուտի սարամասից ձգվող ջրագիծը սարիգյուղացիների կենցաղային կարիքների համար ջուր է մատակարարում: Սակայն այդ ջրատարը գործում է 5 օրը մեկ, օրական՝ 1-2 ժամով:
Համայնքամիջյան ճանապարհները վատթար վիճակում են: Դրանք, ի տարբերություն Սարիգյուղի կենտրոնով ձգվող միջպետական բարեկարգ ճանապարհի, փոսառատ են, քանդված: Գիշերային լուսավորության ցանցը միայն կենտրոնական հատվածն է ներառում, Սարիգյուղի մեծ մասը գիշերները թաղվում է խավարի մեջ: Բնակավայրի ծայրամասերում աղբի մեծ կույտեր կան:
Ինչ վերաբերում է ժամանցային կենտրոններին, ապա գյուղի մշակույթի կենտրոնը կիսավեր վիճակում է: Թեեւ այդ կենտրոնին ադրբեջանական ոչ մի արկ կամ գնդակ չի դիպել, սակայն շենքը տուժել է խնամքի պակասից: Իսկ գյուղացիներն էլ ստիպված են լինում «օր մաշեցնել» միջպետական ճանապարհի եզրին՝ Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ թղթախաղ խաղալով:
Ի դեպ, 2004թ. համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովը մշակույթի տանն է գործել: Մշակույթի տան մանրահատակը վնասել են որոշ ժամանակ այդտեղ հաստատված զինվորականները: Իհարկե, կարելի էր պահպանել, գոնե առանձին սենյակներ վերանորոգել, շենքը դարձնել Սարիգյուղի արվեստի, սպորտի զարգացման, բնակիչների ժամանցի կենտրոն, սակայն համայնքի ղեկավարը մինչ օրս ոչինչ չի արել այդ ուղղությամբ:
Սարիգյուղում շուրջ 5 տարի կիսատ է Ռուսաստանում բնակվող սարիգյուղացիների ֆինանսավորմամբ հանդիսությունների սրահի շինարարությունը: Մի խոսքով, Սարիգյուղի հիմնահարցերը բազմաթիվ են, որոնք տարիներով լուծման են սպասում, բայց առայժմ այնտեղ գյուղապետի աթոռի կռիվ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՄԱՍ-ՄԱՍ
Երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում լարված իրավիճակ էր: «Ժողովուրդ»-ին ահազանգած բնակիչները տեղեկացրեցին, որ արդեն սկսել են կարկուտից տուժած բնակիչներին շիֆրեր բաժանելու գործընթացը: Սակայն քաղաքապետարանը շիֆրեր բաժանում է միայն ներքին Ճամբարակի բնակիչներին, իսկ վերին ճամբարակցիները մտահոգվում են, քանի որ կարկուտից հետո դեռ ոչ մի ընտանիք ոչ մի հատիկ շիֆր չի ստացել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ, ով ասաց. «Մենք սկսել են շիֆրերի բաժանումը: Բոլորն էլ մի մարդու նման ստանալու են: Ավելի կոնկրետ շիֆրեր կստանան նրանք, ովքեր վնասներ են կրել: Ով ցուցակում ընդգրկված է, կստանա»,- հավաստիացրեց քաղաքապետը: Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի հետեւանքով տուժած 819 անհատական տների եւ 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ:

 

ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրված գնաճի տվյալները: Այսպիսով՝ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 7.1 տոկոս, իսկ 2014-ի հոկտեմբերի համեմատ՝ 2.3 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է կաթնաշոռի 3 տոկոս, թթվասերի 3.1 տոկոս, մածունի 3.4 տոկոս գնաճով: Հանրապետության բոլոր քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կաթնամթերքի գներն աճել են 0.6-5.2 տոկոսով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: Իսկ ահա մայրաքաղաք Երեւանում կաթնամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.8 տոկոսով:




Լրահոս