ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մինչ մեզ թվում է, թե կոմունիստական կուսակցությունն անվերադարձ կերպով պատմության «գիրկն» է անցել, շաբաթ օրը տեղի ունեցած այդ կուսակցության համագումարը ցույց տվեց, որ այս քաղաքական ուժին նույնիսկ երիտասարդներն են անդամագրվում: Հուսանք՝ եղածը ձեւական չէ, ու երիտասարդների մեջ նույնպես կան այսպիսիք, ովքեր հավատում են կոմունիստներին:

 

 

 
ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմանալ, եթե աշխատում են 2 վայրում` մեկը համատեղությամբ, մյուսը՝ հիմնական, սոցիալական վճարումը կատարո՞ւմ են երկու աշխատավայրերից, թե՞ միայն մեկից:

Մարգարիտա Վարդանյան (35 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ սոցիալական վճարներ կատարելու պարտականությունը սահմանված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածով: Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ սոցիալական վճար կատարելու պարտավորությունը փոխկապակցված է անձի` աշխատաշուկայում ներգրավվածությանը` կարգավիճակին: Եթե Դուք վարձու աշխատողի կարգավիճակ եք ձեռք բերել (նշանակվել եք նոտարի պաշտոնում, դարձել եք անհատ ձեռնարկատեր) մինչեւ 2014 թ. հուլիսի 1-ը ներառյալ եւ չեք համարվում օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված վարձու աշխատող, ապա իրավունք ունեք Օրենքն ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 25-ը դիմում ներկայացնել հարկային մարմին՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին: Եթե Դուք ունեք այդ իրավունքը, սակայն վերոհիշյալ դիմումը չեք ներկայացրել, ապա Օրենքի համաձայն՝ գործատուն, որպես հարկային գործակալ, պետք է հաշվարկի եւ փոխանցի (գանձի) սոցիալական վճարը:
Եթե Դուք վարձու աշխատողի կարգավիճակ եք ձեռք բերել (նշանակվել եք նոտարի պաշտոնում, դարձել եք անհատ ձեռնարկատեր) 2014 թ. հուլիսի 2-ին եւ դրանից հետո, ապա չեք կարող հրաժարվել Օրենքի ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարելու պարտականությունից, եւ այս դեպքում Օրենքի համաձայն՝ գործատուն, որպես հարկային գործակալ, պետք է հաշվարկի եւ փոխանցի (գանձի) սոցիալական վճարը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքների այս գլխապտույտից հասկացանք, որ եթե քաղաքացին վարձու աշխատողի կարգավիճակ է ձեռք բերել 2014թ. հուլիսի 2-ին եւ դրանից հետո, ապա գործատուն չի կարող հրաժարվել սոցվճար կատարելուց: Այսինքն՝ քաղաքացուց սոցիալական վճարումը գանձվում է երկու աշխատավայրերից միաժամանակ, եթե, իհարկե, նա չի ներկայացրել սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմում: Իսկ թե հրաժարումից հետո ինչքանո՞վ կարող է մարդը երաշխավորված լինել, որ իրապես իրենից չի գանձվի, դա դժվար է ասել, քանի որ մի շարք փաստաբաններ անգամ այս առիթով դատական հայց են ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարության դեմ:

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ, եթե իրավաբանական անձը ցանկանում է ստանալ պետական գրանցում, ապա դրա մերժումը ո՞ր դեպքում կարող է հիմնավոր համարվել:

Տիգրան Սարգսյան (30 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքերն են`
ա) իրավաբանական անձի կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը.
բ) օրենքով սահմանված փաստաթղթեր չներկայացնելը.
գ)ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին.
դ) նոր գրանցվող (ստեղծվող) առեւտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաեւ գործադիր մարմնի ղեկավարի` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելը.
ե)ֆիրմային անվանման անհամապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին, եթե ֆիրմային անվանման գրանցումը մերժվել է, եւ անձը չի ներկայացրել այլ անվանում:
Առեւտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք չէ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար:
Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, եթե նշված կետերի անհամապատասխանություն կա, որոշ փաստաթղթեր էլ պակասում են, ապա իրավաբանական անձի գրանցումը կարող է եւ մերժվել: Սակայն մեր օրերում քիչ չեն դեպքերը, երբ մարդկանց իրականում անհարկի են գցում թղթաբանության շրջապտույտում, եւ այն վերանում է միայն այն ժամանակ, երբ թղթերի տակ կանաչ գույնի պարունակությամբ ծրար է երեւում:




Լրահոս