«Oֆշորի գործով» հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանի որդին` Էդգար Սուքիասյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր մորը, առավել եւս իր ընտանիքին, ոչ ոք չի ահաբեկել. «Սա շառ է ու շոու»:
Հիշեցնենք, որ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունները կապվում են Կիպրոսում՝ օֆշորային գոտում ընկերություն գրանցելու մեջ: Նախկին վարչապետն ու գործող արքեպիսկոպոսը հերքում են, իսկ ահա Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Գործարարը գտնվում է Վրաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկում:
Ինչեւէ, ինչպես նկատում ենք՝ «Օֆշորի գործով» նոր բացահայտումներ են սպասվում ու զարմանալին այն է, որ բացահայտումները սկսվեցին արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումից հետո:
Եվ այսպես, Hetq.am-ը ապրիլի 15-ին գրել էր, որ Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարել է գործարար Աշոտ Սուքիասյանին Հայաստանին արտահանձնելու միջնորդությունը:
45 րոպե տեւած դատական նիստում գործարարը խնդրել է իրեն արագ տեղափոխել Երեւան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կինն ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ստանում: Այս պատմության թերեւս ամենակարեւոր փաստն այն է, որ դատախազության հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ «Օֆշորի գործով» Կիպրոսից փաստաթղթեր են ստացվել, սակայն նախաքննության գաղտինությունը պահպանելու համար առայժմ չեն հրապարակում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Կիպրոսը հիմա որոշեց արձագանքել ամիսներ շարունակ իրենց ուղարկված նամակներին եւ Հայաստանի իրավապահ համակարգն էլ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո սկսեց խոսել փաստաթղթերի մասին: Միգուցե սա հարմար առիթ էր հայտնի այս սկանդալային պատմության կծիկը բացելու համար: Կապրենք, կտեսնենք:
Իսկ այժմ վերադառնանք այս գործով տուժող Փայլակ Հայրապետյանին: Վերջինս, անդրադառնալով գործարար Աշոտ Սուքիասյանի հայտարարությանն, ասել է, թե Սուքիասյանի ծնողները մահացել են շատ վաղուց. «Երբ այս գործը դեռ բացահայտված չէր, նրանք արդեն մահացել էին: Իսկ ինչ վերաբերում է կնոջը ահաբեկելուն, ապա հնարավոր է, քանի որ Աշոտը հո մենակ ինձ չի քցել, էնքան լավ-լավ մարդկանց է խաբել»:
Ավելին՝ գործարար Փայլակ Հայրապետյանն armlur.am-ի հետ զրույցում ասել է, որ եթե Կիպրոսից ուղարկված փաստաթղթերը պարունակեն իրական տվյալները, ապա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կդատապարտվի. «Այստեղ ամեն ինչ իրական է, սակայն եթե այստեղից համապատասխան մարդիկ չգնան եւ այնտեղ հրահանգներ չտան, որ ուրիշ տվյալներ ուղարկվեն, քննությունը կընթանա ճիշտ ուղղությամբ»,-ասաց Հայրապետյանը:
Ինչո՞ւ պետք է ստեր գործարար Աշոտ Սուքիասյանը եւ, առհասարակ, արդյոք նրա ընտանիքին ահաբեկո՞ւմ են: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց գործարարի որդու՝ Էդգար Սուքիասյանի հետ:
Ըստ Էդգար Սուքիասյանի՝ իր ընտանիքին ոչ ոք չի կարող ահաբեկել եւ այս ամենը շառ է. «Նման բան չկա: Չեմ հավատում, որ իմ հայրը կարող է նման բան ասած լինի: Երազում եմ, որ հայրս գա ու ամեն ինչ պարզ կլինի: Կարծում եմ՝ Փայլակ Հայրապետյանը չի այս անիմաստ տեղեկությունների հեղինակը, սա ուրիշ մեկն է, որ չգիտեմ, թե ինչ շառ է անում ու ինչ շոու է սարքում»:
Ըստ Էդգարի` ինքը հստակ չգիտի, թե որ օրը իր հայրը կլինի Հայաստանում. «Բայց մայիս ամսին հաստատ կլինի ու բոլորս կիմանանք, թե ինչն ինչոց է»:
Ըստ մեր զրուցակցի՝ իր համար զարմանալի է, թե ինչու Փայլակ Հայրապետյանը չի գնում Վրաստան` հանդիպելու իր հորը: «Աֆրիկայում որ դատ է ունեցել, հորս հետ գնացել է, բա թող գնա մի հատ Վրաստան, ինչո՞ւ չի գնում»,-ասաց գործարարի որդին` չցանկանալով այլեւս խոսել` ընդամենը նշելով, որ այս պատմության մեջ ո՛չ վարչապետը, եւ ո՛չ էլ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կապ չունեն, իսկ իր հոր՝ Հայաստան գալով ամեն ինչ կպարզվի:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փայլակ Հայրապետյանն, անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի որդու հարցին, թե եթե այդքան խոսում է, ինչո՞ւ չի գնում Վրաստան` կալանավայրում հանդիպելու իրեն ունեզրկողին՝ ասաց. «Ինչո՞ւ պետք է գնամ Վրաստան: Իմ հարցը լուծողը Վրաստանը չէ, իմ հարցը լուծողը Հայաստանն է, իմ երկիրը»՝ կարծիք հայտնելով, որ այս ընթացքում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խանգարել է գործին: Ասել է թե՝ այնպես է արել, որ Կիպրոսից փաստաթղթերը չգան Հայաստան. «Եթե հիմա իր դուրս գալուց հետո չմիջամտի, ապա ամեն ինչ կպարզվի»-եզրափակեց Հայրապետյանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
20 ՏԱՐՎԱ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՉԸՆՏՐՎԵՑ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վաղաժամկետ դադարեցվելու են ՀՀ Արարատի մարզի Դարբնիկի համայնքապետ Ազատ Խաչատրյանի եւ Նիզամիի համայնքապետ Արատավազդ Դունոյանի լիազորությունները: Նշենք, որ այս երկու համայնքներում մարտի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել, ինչի արդյունքում երկու համայնքապետերը չեն վերընտրվել: «Ժողովուրդ»-ը Դարբնիկի նախկին համայնքապետ Ազատ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչով է նա զբաղվելու. «Գյուղատնտեսությամբ: Սեփականաշորհված հողեր ունեմ: Պետք է դրանք մշակեմ»,-ասաց նա: «Ժողովուրդ»-ի հարցին՝ գյուղապետի պաշտոնն էր եկամտաբեր, թե գյուղատնտեսությունը, նախկին գյուղապետը պատասխանեց. «Ես այն ժամանակ էլ եմ զբաղվել գյուղատնտեսությամբ: Հողեր ունեմ, մշակում եմ: Ինչ արած, 19 ձայնով չանցա: Շատերն են զարմանում: 20 տարվա գյուղապետ եմ, իհարկե զարմանալի է»:
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ն ապրիլի 4-ին գրել էր, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածային ծառեր են հատվում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծառահատման համար առկա է եղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի թույլտվությունը` 400 ծառ հատելու համար` հէկ կառուցելու նպատակով: «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մեր այս հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը լուրջ ուսումնասիրություններ է անցկացրել Վայոց ձորի մարզում եւ մեր տեղեկություններով՝ ապօրինի ծառահատման համար հարուցվել է քրեական գործ: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ն առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնա ստեղծված իրավիճակին:
ՈՉԽԱՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ
Տարեցտարի ավելանում է Հայաստանից ոչխարի արտահանումը։ Ըստ մաքսային վիճակագրության՝ 2012թ. եթե արտահանվել է 60 հազար 900 ոչխար՝ 8.5մլն դոլար արժողությամբ, ապա 2013թ. արտահանված ոչխարների քանակը հասել է մոտ 118 հազար հատի՝ 14.1մլն դոլար արժողության: Ի դեպ, ոչխարների արտահանումն առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների խմբում իր մեծությամբ 17-րդն է: Իսկ առաջին տեղում է հանքաքարի ու պղնձի խտանյութի արտահանումը՝ 279 մլն դոլար, երկրորդ տեղում՝ էթիլային սպիրտի արտահանումը՝ 187մլն դոլար, իսկ երրորդում՝ երկաթահամահալվածքի արտահանումը՝ 102 մլն դոլար:
ԲԼԹ
«Մենք ուրիշների պես չենք ասում՝ մենք ամեն ինչ գիտենք, ու երկրի տնտեսությունը մի քանի տարում հասցնում ծանրագույն ճգնաժամի: Մենք ասում ենք՝ այո, խնդիրները շատ են ու շատ բարդ, բայց մենք չենք վախենում դրանցից, մենք կարող ենք գտնել դրանց լուծումները»։
Գագիկ Ծառուկյան armlur.am
Ժամանակին ԲՀԿ առաջնորդը Բրյուսելում հայտարարել էր, թե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում են ամենակոռումպացված մարդիկ, այսինքն՝ իշխանությունները, եւ հետո տեսանք, թե ինչ եղավ՝ վերադառնալուց հետո Գագիկ Ծառուկյանը պարզապես հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին՝ հուսախաբ անելով իր ընտրազանգվածին: Հիմա նորից մեղադրում է իշխանություններին՝ երկրի տնտեսությունը ծայրագույն ճգնաժամի հասցնելու մեջ, բայց իրականում այդ իշխանություններին հիմնովին փոխելու ուղղությամբ ոչինչ չի արել եւ չի էլ պատրաստվում անելու, քանի որ օլիգարխը մնում է օլիգարխ:
«Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ դրանց արդյունքում ապահովվեն մեր բնակչության առողջության, նրանց որակյալ բժշկական ծառայություններով…»:
Դերենիկ Դումանյան «Առավոտ»
Արդեն անիմաստ է հիշել, թե որերորդ անգամ է ասվում, որ բնակչությանը պետք է ապահովել որակյալ բժշկական ծառայություններով, բայց այդ ծառայություններն այդպես էլ համառորեն չեն ուզում որակյալ դառնալ, հատկապես եթե խոսքը գնում է անվճար ծառայությունների որակի մասին, ինչի արդյունքում հիվանդները հաճախ ստիպված են լինում օգտվել վճարովի ծառայություններից: Կամ ի՞նչ առողջության մասին կարող է խոսք գնալ այն դեպքում, երբ այդ նույն բնակչությունը վճարունակ չէ: Այսօր էլ արդեն նախկին նախարարը գոնե հեռանալուց համեստորեն հեռանա, նորից իր անիմաստ խոստումներն է տալիս:
«Հանրահավաքներում ես փրկեցի ձեր բոլորիդ պատիվը, ցույց տվեցի, որ այս ազգն ունի նաեւ իր զգացածը… ՄՄ օգտին որեւէ ցույց չի եղել, բայց ԵՄ օգտին ես ցույցեր եմ արել»:
Պարույր Հայրիկյան Armlur.am
Ճորտատիրոջ փոփոխությունից ճորտի կարգավիճակը չի փոխվում։ Ի՞նչ տարբերություն՝ ում ճորտը լինել` ՄՄ-ի, թե ԵՄ-ի: Այստեղ ընդամենը շահերի խնդիր է, եւ ո՞վ է «ազգիս փրկչին» ասել, թե ԵՄ-ի օգտին ցույցեր անելը դա մեր բոլորի պատիվն է, սա ի՞նչ նոր հայտնագործություն էր ռուսական ԿԳԲ-ի «հալածյալի» կողմից: Բա անկախության գաղափարն ո՞ւր մնաց… Բայց մյուս կողմից՝ Հայրիկյանն իրավացի է, նա իր կազմակերպած հանրահավաքներում փրկեց մեր պատիվը, քանի որ դրանք ավելի շուտ «մանրահավաքներ» էին, ինչը ցույց տվեց, որ ազգս դեռ վերջնականապես ձեռքից չի գնացել:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ