ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում լուրջ խմորումներ են ընթանում: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանի անունից ինչ-որ դիմումներ են շրջանառության մեջ մտել, որոնց մասին պատգամավորի մերձավորները ոչինչ չգիտեն:

Նախ փորձենք հասկանալ, թե որտեղից է սկսվել ամեն ինչ. երկու օր առաջ տեղեկության արտահոսք եղավ այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Դավիթ Քոչարյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել: Պարզվում է` այս դիմումը պատգամավորը գրել էր ապրիլի 4-ին: Սակայն ԲՀԿ-ում արագ հասկացան, որ եթե հիմա Քոչարյանը ԲՀԿ-ից դուրս գա ու դառնա անկախ պատգամավոր, դա կարող է վատ նախադեպ լինել: Ասել է թե` բոլոր ԲՀԿ-ականները կարող են դուրս գալ խմբակցությունից եւ «անկախանալ»: Այս իրավիճակը կարգավորելու համար ԲՀԿ-ն որոշեց գործի դնել ավանդական «շանտաժի» մեխանիզմը:
«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների` դեռեւս քարոզարշավի ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատգամավորի բոլոր թեկնածուներին ստիպել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում գրել: Բնականաբար, բոլոր թեկնածուներն էլ գրել էին այդ դիմումը: Փաստաթղթում բաց էր թողնվել միայն ԱԺ նախագահի անունը (քանի որ դժվար է կանխատեսել, թե տարիներ հետո ով կլինի ԱԺ նախագահը) եւ ամիս-ամսաթիվը (որպեսզի ըստ անհրաժեշտ ժամանակի այն օգտագործվի):
Եվ ահա հիմա եկել է ԲՀԿ-ի համար օրհասական պահը: Կուսակցությունն էլ հանել է Դավիթ Քոչարյանի կողմից 2012-ին «տեմպի տակ» ստորագրված դիմումը եւ մատուցում է իբրեւ թե ապրիլի 11-ին գրված դիմում: Մինչդեռ պատգամավորը Հայաստանում չէ եւ դժվար է հասկանալ, թե Հայաստանում չլինելով նա ինչպես է ստորագրել դիմում եւ մի բան էլ՝ այն բերել ԱԺ՝ հանձնել ԲՀԿ խմբակցությանը:
Հիշեցնենք, որ համաձայն Աժ կանոնակարգ օրենքի 13-րդ հոդվածի՝
1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումն անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:
2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝
ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.
բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով»:
Դժվար թե մանդատից հրաժարվելու մտադրություն ունեցող պատգամավորը գոնե այդ առիթով ԱԺ կանոնակարգը չկարդար:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանից պարզել՝ ով եւ երբ է ԱԺ նախագահին ներկայացրել դիմում՝ Դավիթ Քոչարյանի անունից եւ ինչ ճակատագրի է արժանացել դիմումը: Պողոսյանի խոսքերով՝ պատգամավոր Դավիթ Քոչարյանի անունից ԱԺ նախագահին ներկայացվել է երկու դիմում. մեկը ապրիլի 4-ին՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին, մյուսը՝ ապրիլի 11-ին՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Իսկ թե ով եւ կոնկրետ որ օրն է ներկայացվել, Պողոսյանը հստակ որեւէ պատասխան չտվեց: Միայն ասաց, թե դիմումին տրվել է համապատասխան ընթացք եւ ԱԺ նախագահն առաջիկա նիստի ժամանակ կհայտարարի, որ ստացել է պատգամավոր Դավիթ Քոչարյանի հրաժարականի դիմումը:
Ինչպես ասում են՝ շան գլուխը հենց այստեղ է թաղված. ո՞վ է պատգամավորի փոխարեն լիազորությունների դադարեցման մասին դիմում ներկայացրել: Բացի այդ՝ ո՞ւմ է ներկայացվել այդ դիմումը, արդյոք ԱԺ նախագահը անձա՞մբ է ստացել այն: Եվ, ընդհանրապես, ի՞նչ տրամաբանությամբ է դա արվել. եթե պատգամավորը ապրիլի 4-ին ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել, ինչո՞ւ է դրանից հետո նաեւ մանդատից հրաժարվել: Տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդը մտադրություն ունի պատգամավորի մանդատից հրաժարվել, նախ՝ չպետք է խմբակցությունից դուրս գա: Բնական է՝ եթե մանդատը կորցրեց, ինքնաբերաբար դուրս է գալիս նաեւ խմբակցությունից:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ Ազգային ժողովում տեղի է ունենում հանցագործություն. պատգամավորը Հայաստանում չէ, նրան որեւէ մեկը չի տեսել, չի խոսել հետը, սակայն նրա անունից մանդատից հրաժարվելու դիմում է գրվել, դրվել շրջանառության մեջ: Իհարկե հասկանալի է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից եւ վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ-ում բոլորի գլուխը խառն է եւ աշխատակիցները «ժամանակ» չունեն՝ ԱԺ կանոնակարգ օրենքը պահպանել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Հ. Աբրահամյանի հրաժարականից հետո նախագահի պարտականությունները կատարում է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ժողովուրդ»-ը երեկ ողջ օրը փորձեց նրանից պարզաբանումներ ստանալ, սակայն Շարմազանովն անջատել էր հեռախոսը եւ ընդհատակ անցել:

 

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

 
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԱՆԱՍՈՒՆԸ ՀԱՆԴ ՏԱՆԵԼԻՍ ԱԺ-Ն ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Սեւաքար համայնքում այս պահին ապրում է ընդամենը 35 ընտանիք: Գյուղի դպրոցը վաղուց փակված է: Համայնքի ղեկավար Արշավիր Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված ասաց, որ իր պաշտոնավարման տարիների ընթացքում գյուղից հեռացել է ավելի քան 150 մարդ:

-Ինչո՞վ են զբաղվում գյուղի բնակիչները:
-Սոված չեն մնում, ապրում են, էլի: Անասնապահությամբ եւ դաշտավարությամբ են զբաղվում: Իրենք իրենց գլուխը պահում են:
-Ինչի՞ց են շատ մտահոգվում, դժգոհում:
-Դժգոհող ժողովուրդը միշտ էլ դժգոհում է: Երկրի նախագահին էլ փոխեն, մեկ է, էլի դժգոհելու են: Ինչ էլ ուզում է լինի, միեւնույն է՝ իրենք իրենց անասուններին շարունակելու են պահել, այգիները մշակել:
-Վարչապետին փոխեցին, ի՞նչ եք կարծում՝ դրանով ինչ-որ բան կփոխվի՞ երկրում:
-Ոչ մի բան… Ի՞նչ պետք է փոխվի: Մենք էլի մեր անասունը պահելու ենք, մեր այգիները մշակելու ենք: Դե տեսնենք, էլի: Գուցե էս նոր վարչապետը գյուղացուն լավ կնայի:
-Իսկ ինչպիսի՞ն էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիները:
-Ես շատ փոքր մարդ եմ, որ վարչապետին գնահատական տամ:
-Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք կամ ի՞նչ կորցրեցիք:
-Ոչ ձեռքբերում ենք ունեցել, ոչ էլ կորցրել ենք: Մենք մեզ համար ապրում ենք:
-Այսինքն: Ավելի՞ վատացավ գյուղի վիճակը, թե՞…
-Չէ, գնալով ավելի վատացավ: Ապրանքները թանկացան:
-Իսկ սեւաքարցիներն ի՞նչ են քննարկում, ի՞նչ են խոսում այդ մասին:
-Մեր գյուղացիները Ազգային Ժողովն են շատ քննարկում: Դու մի օր առավոտյան արի մեր գյուղ, կտեսնես, թե անասունը հանդ տանելիս ինչեր են քննարկում ու խոսում: Ամեն ինչ վերլուծում են: Գրագետ մարդիկ են: Ոչ մեկը լուրերը բաց չի թողնում: Քաղաքականության մասով շատ են վիճաբանում:
-Քանի՞ տարի է, ինչ գյուղապետ եք աշխատում:
-16 տարի է՝ աշխատում եմ որպես գյուղապետ, եւ այս ընթացքում միայն 150 մարդ հեռացել է գյուղից: Ամեն տարի էլ գնում են:
-Իսկ նախորդ տարի քանի՞սն են գնացել:
-13 մարդ հեռացավ: Ճիշտ է, նրանց տները չկողպվեցին, բայց դե երկրից դուրս են եկել ու դժվար էլ վերադառնան:
-Դպրոց ունե՞ք:
-Չէ, արդեն երկար տարիներ է, ինչ փակվել է մեր գյուղի դպրոցը:
-Պատճա՞ռը:
-Աշակերտների թիվը նվազել է:
-Քանի՞սն է նրանց թիվը:
-Յոթը: Հիմա նրանք հաճախում են հարեւան՝ Եղեգ համայնքի դպրոցը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՐԶԵՐ

 

ՎԱՐՉԱՊԵՏԻՑ` ԴԱԳԱՂԻ ՓՈՂ

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի տարեցները մշտապես հետաքրքրվում են Հայաստանի ներքաղաքական իրադարձություններով եւ քննարկում դրանք։ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես են նոյեմբերյանցի տարեցները վերաբերվում Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուն եւ ինչ ակնկալիքներ ունեն նրանից:
Սերյոժա Ջանվելյան. «Թող բանկերի փողերը տա: Բայց կտա՞, որը գալիս ա, խաբում ա»։
Շալիկ Անանյան. «Ես էլ եմ նույնը ցանկանում: Ես ցանկանում եմ, որ խնայբանկում գտնվող իմ փողերը՝ 2000 ռուբլին, տա, ես շուտով 90 տարեկան եմ, շուտով էն աշխարհ գնալու իմ վախտն ա , իրենց այդպես էլ ասա՝ էն մարդն ասում ա՝ իմ դագաղի փողն եմ ուզում, ձեզնից փող չեմ խնդրում, այդքանը»:
Ռուբիկ Խաչիկյան. «Հովիկ Աբրահամյանը նոր վարչապետ ա, ցանկանում եմ, որ նա ժողովրդի համար լավ լինի: Խնայբանկում կինս 10 հազար ռուբլի ուներ, ես՝ 8 հազար ռուբլի: Ցանկանում եմ, որ մեր փողերը տան: Կինս մահացած ա, թող իր փողերն աղջկաս տան»:
Սեդրակ Վարդանյան. «Ես ցանկանում եմ, որ աշխատատեղեր բացեն, մեր ջահելները ցրվել են աշխարհով մեկ, մեր երեխեքն օտար աշխարհում են , մեր նման ծերերը թուրքի բերանին անտեր չմնան: Տանը մենակ մարդ կապրի՞, 3 աղջիկ ունեմ, Ռուսաստանում են ապրում, օտար աշխարհում, փող էլ չեն կարում ուղարկեն, ասում են՝ զոռով ենք ապրում, այնտեղ էլ խառնակ վիճակ է»:
Հայկազ Բուդաղյան. «Շատ ճիշտ, լավ կադր ընտրեցին, Հայաստանի հասարակությունը նրա հետ հույսեր է կապում, որ մեծ փոփոխություններ են լինելու, արտագաղթը կքչանա, Հայաստանում նոր աշխատատեղեր կբացվեն: Հովիկ Աբրահամյանը լավ մարդ է, իմ տեսանկյունով՝ վատ չի եղել, մարդասեր է, խորհրդարանում ինչքան իրեն ռեպլիկա են տվել, ինքը ոչ մեկին չի կոպտել, իրավիճակը հանգստացնող անձնավորություն ա»:

 
ԳՈՂ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները բացահայտել են Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 2 բնակչի կողմից իրենց համագյուղացու կովի գողությունը: Դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության Տավուշի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի աշխատակիցները կարողացել են այլ մարզի տարածքում հայտնաբերել եւ կովատիրոջը վերադարձնել իր անասունը: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով («Կողոպուտը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Ձախողակ անասնագողերի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Գործի նախաքննությունը շարունակվում է:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս