ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՏՆԵԼ ԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերահսկիչ պալատը գնումների ոլորտում կատարած ուսումնասիրությունների արդյունքում դարձյալ հայտնաբերել է մի շարք խախտումներ ու թերություններ, որոնք ներկայացված են ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվության մեջ: Ըստ դրա` գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունները նույն տեխնիկական բնութագրերն ունեցող որոշ ապրանքատեսակներ տարբեր վարչական շրջանների մանկապարտեզների մատակարարել են տարբեր գներով: Այդ ընկերություններից են «Տիսա»-ն եւ «Դանինի»-ն, որոնք, ի դեպ, մատակարարված սննդամթերքի ներմուծող կամ արտադրող չեն հանդիսանում:

Ըստ ՎՊ հաշվետվության՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Հատուկ կրթություն» եւ «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների սննդամթերքի գնման պայմանագրերով նախատեսված որոշ ապրանքատեսակների գները չեն համապատասխանել նույն տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակների շուկայական գներին: Դեռ ավելին, նույնանուն սննդի տեսականին միեւնույն մատակարարի կողմից ՊՈԱԿ-ներին մատակարարվել է տարբեր գներով: Մասնավորապես «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն հաճարը մատակարարել է 440-720 դրամով այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 300 դրամ, կարտոֆիլը մատակարարել է 146-220 դրամով, իսկ շուկայում դրա նվազագույն գինը կազմել Է 100 դրամ, շաքարավազը մատակարարել է 435-496 դրամով, մինչդեռ դրա նվազագույն գինը շուկայում կազմել է 372 դրամ:
Իսկ «Դանինի» ՍՊԸ-ն բրինձը մատակարարել է 400 եւ 430 դրամով այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 328 դրամ, հնդկաձավարը մատակարարել է 600 եւ 650 դրամով, իսկ շուկայում դրա նվազագույն գինը կազմել է 420 դրամ, կարտոֆիլը մատակարարել է 160 եւ 180 դրամով, մինչդեռ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ եւ այլն:
Սակայն ուսումնասիրված ապրանքատեսակները պայմանագրերով նախատեսված քանակներով շուկայական միջին գներով ձեռք բերելու դեպքում «Սննդի ձեռքբերում» հոդվածով հնարավոր տնտեսումը «Հատուկ կրթություն» եւ «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով կարող էր կազմել 4 մլն 681 հազար 200 դրամ:
ՀՀ ԿԳՆ «Հատուկ կրթություն» եւ «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների կողմից իրականացված սննդամթերքի գնումների ընթացակարգերի ուսումնասիրությունից ՎՊ-ն պարզել է, որ սնունդը հիմնականում մատակարարել է «Տիսա» ՓԲԸ-ն եւ «Դանինի» ՍՊԸ-ն, որոնց հետ կնքվել են 5 մլն 203 հազար 921 դրամի, այդ թվում «Տիսա» ՓԲԸ-ի հետ` 3 մլն 121 հազար 143 դրամի, իսկ «Դանինի» ՍՊԸ-ի հետ` 2 մլն 82 հազար 878 դրամի պայմանագրեր:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն կատարելով գնումների ոլորտում հայտնաբերել էր, որ հանրապետության մանկապարտեզներին, մանկատներին եւ ծերանոցներին սնունդ մատակարարող երեք՝ «Սեար գրուպ, «Երեքնուկ» եւ Ամարաս» ընկերությունները թույլ են տվել խախտումներ, ինչի համար էլ յուրաքանչյուրը տուգանվեց 15 մլն դրամի չափով: Ի դեպ, այս ընկերությունները մեկ տարով զրկվել են պետգնումների մրցույթին մասնակցելու իրավունքից՝ հայտնվելով «սեւ ցուցակում»: Նշված ընկերությունների սեփականատերն է Յուրի Ադյանը, ով ծնունդով ԼՂ Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ կարճ ժամանակահատվածում օրինախախտ ընկերությունների կողմից ստեղծվել է «Տիսա» ՓԲԸ-ն, որն էլ սկսել է մասնակցել պետգնումների շրջանակում իրականացվող մրցույթներին: Բնականաբար, հիմնադիրն այլ մարդ է` Անի Անդրեասյանը, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այլեւս չի աշխատում այդ ընկերությունում: Կապ հաստատեցինք նաեւ Յուրի Ադյանի հետ, ով էլ իր հերթին հերքեց այդ տեղեկությունները` նշելով, որ ինքը «Տիսա»-ի հետ ընդհանրապես կապ չունի եւ երբեւէ չի ունեցել:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՏՄՊՊՀ-ից հետաքրքրվել, թե ինչ ընթացք ունեցավ Հանձնաժողովի կողմից բացահայտված օրինախախտ ընկերությունների գործը: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը նշեց. «Հարցը գտնվում է քրեաիրավական հարթությունում, այս պատճառով էլ նախապատրաստվում են նյութեր ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկվելու համար: Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի իր իսկ նախաձեռնությամբ պետգնումների մի ոլորտ ուսումնասիրում է. դեղորայքի, մանկապարտեզներին, մանկատներին սննդի մատակարարում եւ այլն»:
«Ժողովուրդ»-ի հարցին` արդյոք Հանձնաժողովը «Տիսա» ընկերությունում ուսումնասիրություններ անցկացրե՞լ է, թե ոչ, մամլո խոսնակը պատասխանեց. «Խնդիրը հենց դա էր, որ մի ընկերություն Հանձնաժողովի կողմից պատժվում էր, նրանք անմիջապես մեկ այլ ընկերություն էին բացում ուրիշ անունով, որի հետ կապված ոչ մի խնդիր չէր լինում: «Տիսա»-ն հենց նման ընկերություն էր, որը կապակցված էր «Ամարաս Յուս»-ի, «Երեքնուկ»-ի հետ, բայց իրականում իրավաբանորեն լրիվ մաքուր էր ու խնդիր չուներ: Բայց այդ գործընթացը կանխելու համար, մենք դիմում ենք դատախազություն, քանի որ այստեղ քրեաիրավական հարց կա»:
Ինչեւէ, մեզ մնում է միայն հուսալ, որ ՎՊ-ի կողմից բացահայտված խախտումները չեն մնա թղթի վրա եւ օրինախախտ ընկերությունները կստանան իրենց արժանի պատիժը` պետբյուջեի գումարները վատնելու համար:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում «Դանինի» ՍՊԸ անվանումով ոչինչ գրանցված չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

ՄԵԴԱԼԻ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵԻՆՔ

 

Ապրիլի 12-ին Իսրայելում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Եվրոպայի նախկին չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը զբաղեցրեց ընդամենը 10-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ նա 2011 թվականին ծանր վնասվածք էր ստացել, որի պատճառով վատ էր հանդես եկել 2012 թվականի օլիմպիական խաղերում, իսկ դրանից հետո միջազգային մրցահարթակ դուրս չէր եկել։
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց Առաքել Միրզոյանի հայրը, նաեւ մարզիչը՝ օլիմպիական խաղերի հաղթող Օգսեն Միրզոյանը, ընդհանուր առմամբ, հավաքականի տղաների ելույթներն այսօրվա կտրվածքով կարելի է համարել նորմալ։ «Եթե Եվրոպայում երկրորդ, երրորդ տեղ են գրավում, չի կարելի ասել, որ դա վատ ցուցանիշ է։ Բայց այդ ցուցանիշներն աշխարհի առաջնությունում հաջողություն ակնկալելու համար բավարար չեն։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ խաղարկվելու են նաեւ օլիմպիական ուղեգրեր»,- նշեց օլիմպիական չեմպիոնը։ Ինչ վերաբերում է Առաքելի ելույթներին, ապա իրենք մի պահ նույնիսկ ցանկացել են հրաժարվել Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց. «Չէինք ցանկանա, որպեսզի Եվրոպայի բացարձակ չեմպիոնը, աշխարհի արծաթե մեդալակիրը գրանցի այդ համեստ արդյունքը։ Ի դեպ, հենց մենք ենք ուզել, որ Առաքելը Բ խմբում հանդես գա. մեդալի ակնկալիք չունեինք, կարեւորը Առաքելի՝ միջազգային մրցահարթակ դուրս գալն էր, հոգեբանական խնդիրը հաղթահարելը։ Եվ այդ առումով հասանք մեր նպատակին։ Հիմա մեր խնդիրն աշխարհի առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարելն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է լավ մարզվել։ Առաքելը պատրաստված է 70 տոկոսով, պետք է պայքարենք մնացած 30 տոկոսի համար, որպեսզի նա աշխարհի առաջնությունում մրցանակակիր դառնա։ Դրանից հետո արդեն կմտածենք օլիմպիական խաղերի մասին, քանի որ ցանկացած բարձրակարգ մարզիկի վերջնական նպատակը օլիմպիադայում հաղթելն է»։
Որոշ մասնագետների կարծիքով՝ հավաքականի անդամը պետք է խոշոր մրցաշարերի նախապատրաստվի հավաքականի հետ անցկացվող ուսումնամարզական հավաքների ընթացքում, մինչդեռ մեր զրուցակիցը որդու հետ պարապում է առանձին։ «Ո՛չ հավաքականի մարզիչների, ո՛չ տղաների հետ խնդիր չունենք, պարզապես նպատակահարմար ենք գտնում առանձին պարապել։ Ես ե՛ւ տանը, ե՛ւ Երեւանում ունեմ ամենալավ դահլիճներից մեկը, ծանրաձողերը, որոնք թույլ են տալիս լիարժեք մարզումներ անցկացնել։ Եթե հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնի, չի բացառվում, որ մենք էլ կմասնակցենք»,- ասաց մեր զրուցակիցը։

 

 

ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՈՎ 

Ինչպես տեղեկացրեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի մարզիչ, սպորտի վարպետ Արթուր Ղարիբյանը, օրերս իր երկու սաները մասնակցել են Ռուսաստանի Պսկով քաղաքում կայացած խոշոր միջազգային մրցաշարին, որում 41,5 կգ քաշային կարգում Խաչիկ Մանուչարյանը գրավել է երկրորդ տեղը։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԸ

2011 թվականից Երեւանի Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Ս. Աստվածածին Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ ընթանում է Սուրբ Աննա եկեղեցու եւ կաթողիկոսարանի երեւանյան նստավայրի կառուցումը: Եկեղեցին եւ հայրապետական նստավայրը կառուցվում են Միացյալ Նահանգներում բնակվող բարերարներ Տեր եւ Տիկին Հրայր եւ Աննա Հովնանյանների հովանավորությամբ: Ըստ նախագծի՝ ընդամենը 2 տարի անց այստեղ պետք է լիներ մի ամբողջ եկեղեցական համալիր, որտեղ գտնվելու էր նաեւ կաթողիկոսի երեւանյան նստավայրը: Շինարարության մեկնարկից անցել է արդեն 3 տարի, սակայն եկեղեցական համալիրի կառուցման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Շինարարության ավարտի եւ եկեղեցական կառույցի առաքելության մասին armlur.am-ը զրուցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե քանի որ եկեղեցական համալիրի շինարարությունն իրականացնում է «Հովնանյան» հիմնադրամը, եւ քանի դեռ համալիրը չի ավարտվել եւ հանձնվել է Մայր Աթոռին, միայն հիմնադրամը կարող է պաշտոնական պատասխան տալ շինարարության ավարտի ժամկետների վերաբերյալ: Մեզ չհաջողվեց ճշտել, թե արդեն որքան գումար է ծախսվել եկեղեցական համալիրի կառուցման համար, եւ թե որքան է նախատեսվել, սակայն տարբեր առիթներով արդեն նշվել է, որ կառուցապատման ընդհանուր արժեքը կարող էր կազմել մոտ 5 միլիոն դոլար: Անդրադառնալով կառույցի նշանակությանը՝ Տեր Վահրամը նշեց. «Բնական է, որ համալիրում կգործեն որոշ կառույցներ եւ գրասենյակներ՝ պայմանավորված համալիրի ստանձնած առաքելությամբ, սակայն դա չի ենթադրում Մայր Աթոռի փոխադրություն: Այդպիսի կառույցներ Մայր Աթոռն ունի աշխարհով մեկ՝ տարբեր երկրներում, որոնք օժտված են որոշակի գործառույթներով եւ վերջին հաշվով ներկայացնում են նույն Մայր Աթոռը»: Տեր Վահրամն անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, թե Մայր Աթոռը պետք է տեղափոխվեր երեւանյան եկեղեցական համալիրի տարածք: Նա ասաց, որ Մայր Աթոռը հավետ մնալու է Վաղարշապատում, եւ որեւէ խոսք տեղափոխման մասին լինել չի կարող:




Լրահոս