
Տավուշի մարզի կենսաթոշակառուները դժգոհում են, որ իրենց թոշակի գումարները ստանալու համար ստիպված են նոր անձնագրեր ստանալ: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ անձնագրի վավերականության ժանկետը լրացել է: Ծեր, հիվանդ մարդկանց դժվար է հասնել նախկին վարչական շրջանի կենտրոն, անձնագիրը փոխելու համար համապատասխան փաստաթղթեր պատրաստել, պետական տուրք վճարել, սպասել, որպեսզի Երեւանից` ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչությունից, մարզ ուղարկվեն նոր անձնագրերը:
Թոշակառուներն ասում են, որ անձնագրային բաժիններից տրված 9-րդ ձեւը համարվում է անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ, փոխարինում է անձնագրին, ինչո՞ւ կենսաթոշակառուներին թույլ չեն տալիս 9-րդ ձեւով ստանալ իրենց «մի քանի կոպեկը»: Իսկ մարդիկ էլ կան՝ ասում են, որ իրենց այլեւս անձնագիր պետք չէ, ժամկետը երկարացնելու խնդիր էլ չունեն:
Այս հարցում անելիք ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Բացի դրանից՝ եւս մի խնդիր կա: Բերդ քաղաքում կրճատվել են Հայփոստի տեղի մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ: Գյուղի թոշակառուները մտավախություն ունեն՝ այսուհետ ով է վճարելու իրենց թոշակները: Ծեր, վատ տեսողություն ունեցող թոշակառուները չեն կարող օգտվել բանկային քարտերից: Մի խոսքով, մի երկու կոպեկ գումարը մարդկանց «քթերից բերելով» են վճարում:
Ոսկան Սարգսյան