Որտեղ են մարտի 1-ից հետո փնտրել Նիկոլ Փաշինյանին. ուշագրավ բացահայտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսյան» գաղտնի փաստաթղթերի հրապարակումն ուսումնասիրելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է պարզել 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետևանքով Հայաստանում սկիզբ առած քաղաքական հաշվեհարդարի մասին: Փաստաթղթում հատուկ տեղ է զբաղեցնում Նիկոլ Փաշինյանին ձերբակալելուն միտված ԱԱԾ գործողությունները: Պարզվում է` ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչներն անգամ այցելել են ԱՄՆ դեսպանատուն՝ Փաշինյանին հայտնաբերելու ակնկալիքով:

ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղարկված զեկուցագրում ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը մանրամասնորեն ներկայացնում է իշխանության՝ ընդդիմադիր զանազան գործիչների նկատմամբ կիրառած բռնությունների փաստերը: Այս հանգամանքով պայմանավորված՝ շեշտենք, որ ամերիկացի դիվանագետները լիովին տիրապետել են հայաստանյան քաղաքական իրավիճակին եւ անուն առ անուն իմացել, թե որ ընդդիմադիրի նկատմամբ իշխանություններն ինչ հալածանքներ են բանեցրել:

Նախ եւ առաջ Փենինգտոնը մանրամասնորեն քննում է մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքը եւ հատուկ անդրադառնում ընդդիմության նկատմամբ իշխանությունների դաժան հաշվեհարդարի հանգամանքին: Հեղինակը տեղեկացնում է, որ արտակարգ դրության ավարտից հետո ձերբակալվել, ապա եւ ազատ է արձակվել ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ում արդեն 2008թ. մարտի 25-ին առաջադրվել էին իշխանությունն ուժով յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքները: Հատկանշական է, որ նմանօրինակ գործողություններից հետո իշխանությունները կարճեցին Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ապացույցների անբավարարության պատճառով: Թեպետ վերջին պարագան նրանց չխանգարեց մյուս քաղաքական գործիչներին մի քանի տարի բանտում պահելուն, այդուհանդերձ, այս հանգամանքն իսկ վկայում է, որ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու մեղադրանքի հիմքում որեւիցե իրական պատճառ չի եղել:

Ինչեւէ, Ջ.Փենինգտոնը նաեւ հավելում է, որ «ընդհատակում գտնվող (2008թ. մարտի դրությամբ, – հեղ.) օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի մամլո խոսնակը քանիցս այցելել է ԱՄՆ դեսպանատուն»՝ Սուքիասյանների ընտանիքից եւ նրանց նկատմամբ իրականացվող քաղաքական բռնությունների շուրջ թարմ տեղեկություններ հաղորդելով:

Ամերիկացի դիվանագետը նաեւ ծանուցում է, որ նույն ժամանակափուլում «Լ.Տեր-Պետրոսյանի վստահորդ եւ ԱՄՆ դեսպանության կոնտակտ Դավիթ Շահնազարյանը եւս հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության»: Փենինգտոնը նաեւ մեջբերում է նրա խոսքերն առ այն, որ հարցաքննության առաջին կես ժամը մի շարք ոստիկաններ հրաժարվել էին իրեն հարցաքննելուց, մինչեւ որ բաժանմունքի պետը հարկադրված է եղել անձամբ վարելու հարցաքննությունը: Դիվանագետը հավելում է, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ շարունակում է մնալ փաստացի տնային կալանքի պայմաններում՝ իր առանձնատանը»:

Փենինգտոնը նաեւ պատմում է բողոքավոր քաղաքացիների նկատմամբ ոստիկանության իրականացրած ճնշումների մասին՝ հիշատակելով ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի աջակցության համար փողոց դուրս եկած վանատուրցիների ցույցերը: Ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունն են գրավել մի շարք լրատվամիջոցներով տրված հաղորդումներն այն մասին, որ «ոստիկանները ճնշումներ են բանեցրել անգամ երեխաների նկատմամբ՝ ցանկանալով նույնականացնել բողոքի գործողությունները կազմակերպող քաղաքացիներին եւ նրանց ստիպում էին ցուցմունքներ տալ ու խորհուրդ տալիս հեռու մնալ գյուղի կենտրոնից, որտեղ էլ ընթանում էին ցույցերը»:

ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարը գրում է, որ 2008թ. մարտի 24-ին ԱԱԾ գնդապետներ Արմեն Ալոյանն ու Վահագն Վարդումյանը՝ ԱԱԾ միջազգային կապերի բաժնի ղեկավարն ու տեղակալը, ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել ամերիկյան կողմի հետ: Նրանք ասել են, որ խոսում են անձամբ ԱԱԾ պետի անունից, սակայն զրույցը որակել են ոչ պաշտոնական: Նրանց պնդմամբ՝ Երեւանում հաստատ տեղեկություններ են շրջում, թե ԱՄՆ դեսպանատունը թաքցրել է Նիկոլ Փաշինյանին:

Նրանք հարցրել են, թե արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները, ինչին ամերիկացիները պատասխանել են հստակ մերժումով: Վերջիններս նաեւ նկատել են, որ ԱԱԾ աշխատակիցներն անդադար հսկում են դեսպանատան շրջակայքը եւ անգամ նրանք կարող են վկայել, որ Նիկոլ Փաշինյանն այդտեղ չէ: ԱԱԾ-ականները հայտնել են, որ իրենք ոչ մի պատճառ չունեն չհավատալու, սակայն միաժամանակ արտահայտել են իրենց ենթադրությունը, որ եթե Փաշինյանը գտնվելիս լինի դեսպանատանը, ապա պետք է նրանից պահանջեին, որ շուտափույթ լքեր տարածքը: ԱԱԾ պաշտոնյաները հայտնել են իրենց կարծիքը, թե Փաշինյանը, հավանաբար, արդեն իսկ Վրաստանում է: Մեղմ ասած, տարօրինակ է, որ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են ԱՄՆ դեսպանատուն՝ լոկ Երեւանում տարածված շշուկների հիման վրա պահանջելով իրենց հանձնել հետախուզվողին: Ենթադրվում է, որ միջազգային հարթության մեջ Հայաստանի իշխանությունները պետք է հանդես գային առնվազն ավելի լուրջ կեցվածքով:

Փենինգտոնն այս միջադեպը համարում է տարօրինակ ու եզրակացնում, որ ՀՀ ԱԱԾ-ն հավանաբար լուրջ ճնշման տակ է՝ հայտնաբերելու ու ձերբակալելու Տեր-Պետրոյսանի ամենառադիկալ (նախկին,- հեղ.) կողմնակցին, ով հանրահավքների ժամանակ կիրառում էր ամենաարմատական հռետորաբանությունը: Դիվանագետն արձանագրում է, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ ամիսներով կոնտակտի մեջ չեն եղել եւ երկար ժամանակ էլ զերծ են մնացել նրան դեսպանատան զանազան միջոցառումներին հրավիրելուց: Փենինգտոնը Փաշինյանի հանդեպ այդօրինակ վերաբերմունքը բացատրում է այն հանգամանքով, որ վերջինիս, իրենց համոզմամբ, ոչ կառուցողական ու ծայրահեղական ֆիգուր է:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս