«ՈՆՑ ԿՍՏԱՑՎԻ՝ ԿՍՏԱՑՎԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Հայաստան-2003», «Վիցեմիսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանն արդեն նկարահանվել է «Մի՛ վախեցիր», «Արտիստը» եւ «Նախաճաշ երկուսի համար» կինոնկարներում, իսկ նկարահանման նոր առաջարկ ստանալու դեպքում կարեւորում է ռեժիսորի ով լինելը եւ այն, թե վերջում ինչ որակ կապահովվի։ Սակայն այս պահին Լուսինեն բոլորովին այլ գործունեությամբ է զբաղված.

-Մարտի 12-ին երկու քույրիկով բացեցինք մի կազմակերպություն, որը զբաղվում է երեխաների համար միջոցառումների կազմակերպման հարցերով։ Երեխաների հետ կապված շատ ուրիշ ծրագրեր էլ ունենք, որոնք հերթով իրականացնելու ենք։
-Իսկ «Նոր ռադիո»-ն եւ «Նոր հանդես» («New Mag») ամսագի՞րը, որի հիմնադիր նախագահն եք։
-Ամսագիրը շատ վաղուց եմ վաճառել, իսկ «Նոր ռադիո»-ն՝ անցյալ տարվա սեպտեմբերին։
-«Միսս Հայաստան», «Վիցեմիսս Եվրոպա» լինելը Ձեզ ինչ-որ բան տվե՞ց, թե՞ պարզապես եղավ ու անցավ։
-Երեւի թե՝ եղավ ու անցավ։ Բայց ամեն դեպքում շատ ու միայն հաճելի պահեր տվեց, լավ հիշողություններ, որոնք մինչ այսօր ինձ ուղեկցում են։
-«Միսս Հայաստան» լինելն օգնո՞ւմ էր, թե՞ խանգարում կինոնկարների նկարահանման աշխատանքներին։
-Երբեք չեմ զգացել, որ խանգարում է։ Միգուցե նաեւ ռեժիսորից ու ամբողջ անձնակազմից է կախված եղել, որ երբեւիցե ինձ չեն նայել զուտ որպես գեղեցկության մրցույթի հաղթող։ Բայց, իհարկե, ինքս սկզբում շատ մեծ խնդիրներ ունեի, որովհետեւ թատերական կրթություն չունեմ։ Ես դրան որպես մասնագիտություն չեմ նայում, բայց նաեւ չեմ կարող անլուրջ մոտեցում ցուցաբերել։ Մեծ հաճույքով եմ յուրաքանչյուր առաջարկ ընդունել եւ մեծ հաճույք եմ ստացել այդ ամբողջ գործընթացից։ Շատ եմ աշխատել, եւ թվում է՝ ստացվել է։
-Հիմա շատերն են քննադատում հեռուստասերիալները, իսկ Ձեզ նկարահանվելու առաջարկ եղե՞լ է։ Եվ եթե լինի, կհամաձայնվե՞ք։
-Առաջարկներ եղել են, բայց երբեք չեմ համաձայնվել, երեւի թե դա… Այսպես ասեմ՝ ես ինձ հեռուստասերիալներում չեմ տեսնում։
-Հանրային հեռուստաընկերությունում վարում էիք «Մենք ու մենք» նախագիծը, բայց դա էլ թողեցիք։ Ո՞րն էր պատճառը։
-Ամուսնությամբ կյանքիս նոր փուլ սկսվեց, եւ ես իմ կամքով թողեցի հեռուստատեսությունը. մի փոքրիկ դադարն ինձ համար լավ էր։ Առաջարկներ լինում են նաեւ այլ հեռուստաալիքներից, բայց չեմ ցանկանում կապված մնալ որեւէ աշխատանքի, հեռուստահաղորդման հետ Հայաստանում, որովհետեւ շրջագայել շատ եմ սիրում։ Ես չեմ կարծում, որ այսօր, այս պահին դրա ժամանակն է։ Ես ընդհանրապես իմ էությամբ շատ ազատ եմ։
-Իսկ Ձեր ազատության ձգտումն ամուսնությամբ չի՞ սահմանափակվել։
-Հավատացեք, որ եթե սահմանափակվեր, չէի ամուսնանա։ Ամուսինս հենց այն մարդն է, ով նման խնդիրներ չի առաջադրում, եւ ես որեւէ սահմանափակում չեմ զգացել։
-Բնական է, Ձեզ շատերն են ճանաչում, մատնացույց անում, գուցե մոտենում են, ցանկանում լուսանկարվել Ձեզ հետ։ Դա չի՞ նյարդայնացնում Ձեր ամուսնուն, չի՞ ազդում նրա տրամադրության վրա։ Փողոցում կամ տանը հետագայում հարցեր չե՞ն առաջանում։
-Անկեղծորեն ուզում եմ ասել, որ ամուսինս այդ առումով շատ հանգիստ է, ինքնավստահ, եւ եթե ոմանք ժպտում են կամ ցանկանում լուսանկարվել ինձ հետ, դա նրան չի նյարդայնացնում ու չի ազդում տրամադրության վրա, ու հետագայում էլ այդ ամենը որեւէ բացասական հետեւանք չի թողնում։
Որքան գիտեմ, ամուսնացել եք անցյալ տարվա օգոստոսի 31-ին։
-Այո։
-Իսկ նոր «Միսս Հայաստան» լույս աշխարհ բերելու մասին դեռ չե՞ք մտածում։
-Որ ասեմ՝ հատուկ ինչ-որ բան պլանավորում ենք, այդպես չէ։ Ոչինչ չենք պլանավորում. ոնց կստացվի՝ կստացվի։

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲՈԼՈՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

 

Մայիսի 22-ին լրանում է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի 90-ամյակը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հոկտեմբերին Կանադայի Տորոնտո քաղաքում «Necessary Angel Theatre Company»-ի կողմից մեր մեծ հայրենակցի 90-ամյա հոբելյանի առթիվ բեմադրվելու է ներկայացում` նվիրված նրա կյանքին ու գործունեությանը: Այս կապակցությամբ ՀՀ դեսպանության աջակցությամբ մարտի երկրորդ կեսին Տորոնտոյում տեղի է ունեցել հատուկ միջոցառում-երեկո Շառլ Ազնավուրի, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի, մշակութային ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում թատերախմբի կողմից ներկայացվել է շանսոնյեին նվիրված ներկայացման նախնական տարբերակը:
Մամուլից տեղեկանում ենք նաեւ, որ մինչ հոկտեմբեր՝ վերոնշյալ միջոցառումը, հունիսի 26-ին Ազնավուրը հանդես կգա Բարսելոնայում՝ Լիսեոյի Մեծ թատրոնում: Իսկ հենց ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, նա հանդես կգա «Լեգենդը վերադառնում է» համերգով Բեռլինում՝ «O2 World» փակ ստադիոնում:
Իսկ Հայաստանում Ազնավուրի հոբելյանի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ են նախատեսում իրականացնել։ Այդ հարցը մոտ երկու ամիս առաջ ուղղել էինք ՀՀ մշակույթի, սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարություններին եւ ստացել, հիմնականում, կիսատ-պռատ պատասխաններ։ Երեկ Սփյուռքի նախարարությունից ընդամենը տեղեկացրին, որ Շառլ Ազնավուրը Գերմանիայում՝ երեք քաղաքներում, հանդես կգա «Լեգենդը վերադառնում է» համերգով։ Բնականաբար, հայ համայնքը մասնակցելու է այդ միջոցառումներին, որից հետո, ամենայն հավանականությամբ, հոբելյարին կհրավիրեն Հայաստան, եւ այստեղ էլ կկայանան հանդիպումներ, համերգներ։ Ի դեպ, բոլոր նախարարություններն այս օրերին գործում են, այսպես ասած, սպասողական աշխատաոճով. ե՛ւ նախարարների մեծ մասը, ե՛ւ նախարարությունների աշխատակիցները դեռեւս չգիտեն, թե վաղը, մյուս օրը իրենց ինչ է սպասվում։ Եվ դրա պատճառն այն է, որ եթե Հայաստանում փոխվում է որեւէ նախարար, առավել եւս՝ վարչապետ, կարող է աշխատանքից զրկվել, անգամ շենքի պահակը: Ամեն դեպքում մենք կփորձենք ստանալ առավել մանրամասն, սպառիչ պատասխաններ։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը տեսահոլովակ է նկարահանել նոր` «Իմ ընկեր»երգի հիման վրա: Երգը ընկերության մասին է, իսկ տեսահոլովակը սյուժետային փոքրիկ ֆիլմ է: Նկարահանումները իրականացվել են Երեւանում եւ Սեւանում: Երգի հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Արեն Բայադյանը։
Նոր երգը երգչուհին նվիրում է իր բոլոր կորցրած ընկերներին: Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մայիս ամսվա վերջին:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում կայացել է «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի եւ բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Միջոցառումը իրականացվել է Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության եւ «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով: Համերգի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական, հոգեւոր եւ դասական երգեր եւ երաժշտություն: Ելույթ են ունեցել լոնդոնաբնակ հայտնի հայ երաժիշտներ՝ ջութակահար Լեւոն Չիլինգիրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Թերեզա Գեւորգյանը, տավիղահար Սեւան Հորոքս-Հոփայանը, ինչպես նաեւ դերասան Քոլին Հըրլին:

 

ՄԱՅԼԻ ՍԱՅՐՈՒՍԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը տեղափոխվել է հիվանդանոց, ինչի հետեւանքով հետաձգվել է նրա՝ Կանզասում կայանալիք համերգը: Երգչուհին հիվանդանոցում է հայտնվել հակաբիոտիկների առաջացրած ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով: Մայլին ներողություն է խնդրել իր երկրպագուներից: Նշենք, որ այս ամիս նա արդեն հետաձգել էր իր մեկ այլ համերգ՝ գրիպի պատճառով:




Լրահոս