Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Այս կատուն թաքնվել է մեքենայի անիվի արանքում եւ ապաստանել այնտեղ: Քանի որ քաղաքապետարանն ու համապատասխան կառույցները թափառող կատուների դեմն առնելու ոչ մի քայլ չեն ձեռնարկում, նրանք ինքնուրույն են գտնում անվտանգ վայր եւ «բնակություն» հաստատում:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ արդյոք պատժամիջոցներ կիրառվո՞ւմ են պետական չափագիտական վերահսկողության արդյունքում հայտնաբերված չափագիտական կանոնների խախտումների ժամանակ:
Վարազդատ Մելիքյան (41 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տրվում է կարգադրագիր չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների խմբաքանակի առաքումը եւ իրացումն արգելելու մասին.
տրվում է կարգադրագիր տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների արտադրությունը եւ իրացումը արգելելու մասին` մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը.
տրվում է կարգադրագիր չափման միջոցների շահագործումը արգելելու մասին, եթե դրանք չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակին.
տրվում է կարգադրագիր ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի շահագործումն արգելելու մասին, եթե չափման միջոցը ոչ ճիշտ ցուցմունքներ է տալիս:
Շուկայի վերահսկողության պետական վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ ներկայացված պատասխանում գործունեության արգելանքից զատ պատժամիջոցների մասին ոչինչ նշված չէ, այդուհանդերձ, հայտնի է, որ յուրաքանչյուր ոլորտում խախտումներին առնչվող հարցերը լուծում են ստանում կա՛մ գումարային տույժի տեսքով, կա՛մ, ծայրահեղ դեպքում, լուծարմամբ: Ուստի նման հարցերի հետ չբախվելու համար պետք է գործել օրենքի շրջանակներում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «սոցիալական բնակարանը» եւ, ընդհանրապես, բնակչության ո՞ր խավը կարող է օգտվել այդ բնակարաններից:
Ռիմա Բաղդասարյան (62 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Սոցիալական բնակարանը (կացարան)» սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածություն է (բնակարան, բնակելի տուն, սենյակ):
Սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների եւ ոչ աղետների հետեւանքով): Բնակարանային կարիքավորության չափանիշ է համարվում ժամանակավոր կացարաններում, տնակներում, վթարային բնակելի տներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվելը, իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները տվյալ համայնքում կատարող (այդ թվում նաեւ բժշկական եւ կրթական հաստատություններում աշխատող) եւ աշխատանքի գտնվելու վայրի համայնքում բնակելի տարածություն չունեցող անձինք, բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված եւ սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու ցանկություն հայտնած ընտանիքները: Բնակարանային կարիքավորության չափանիշը սահմանվել է կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013 թվականի ընթացքում Երեւանում փաստացի գրանցվել է 21706 ընտանիք, որոնցից 19902-ը ստացել է ընտանեկան նպաստ եւ հրատապ դրամական օգնություն՝ 4,945,0 մլն դրամ ընդհանուր չափով: Ի դեպ 2013թ. դեկտեմբեր ամսին շուրջ 225 անօթեւաններ ստացել են կացարաններ:
ՀԱՐՑ. Ծանոթներիցս մեկը մահացել է 8 ամիս առաջ, որի միակ խնամակալը հանդիսացել եմ ես: Բնակվում եւ հաշվառված եմ նրան պատկանող բնակարանում: Նա ժառանգ, մոտիկ բարեկամներ չի ունեցել: Խնդրում եմ ասեք, ի՞նչ կարելի է անել, որպեսզի բնակարանի սեփականության իրավունքը ձեւակերպվի իմ անունով: Ո՞ւմ պետք է դիմեմ:
Ալլա Միքայելյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հավանաբար ձեր ծանոթի գույքը ձեզ է փոխանցվել լիազորված կառավարման: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954 հոդվածում նշված է, որ «գույքի փոխանցումը լիազորված կառավարման չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցմանը լիազորված կառավարողին (այսինքն՝ ձեզ)»:
Ավելին՝ դուք չունեք ժառանգության իրավունք նրա գույքի նկատմամբ (դուք չեք հանդիսանում նրա բարեկամը եւ, ինչպես ես հասկացա, ձեր վերաբերյալ կտակ չի գրվել): Այնպես որ, կարծում եմ՝ նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեւակերպումը, ցավոք, ձեզ չի հաջողվի: Բայց անգամ ձեր ծանոթի մահից հետո դուք չեք կորցնում բնակարանի օգտագործման իրավունքը:
«Ձեր իրավախորհրդատու» իրավաբանական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետք է նկատել, որ հատկապես վերջին տարիներին շատ են հանդիպում գույքային վեճեր՝ անկախ բարեկամ-հարազատ-ծանոթ եւ նույնիսկ ամուսնական հարաբերություններից: Հաճախակիության պատճառը, թերեւս, պարզ է. հասարակության սոցիալական վիճակը, անաշխատունակության աճը եւ հազարավոր նմանատիպ հարցեր: Իսկ կտակի հետ կապված հարկ է ավելացնել, որ այս պարագայում մեզ դիմողը, ցավոք, ակնկալիքներ ունենալ չի կարող: