Ինչպես է մարզերում ավերվում գյուղատնտեսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ տեղի է ունեցել Հայաստանի մարզպետների եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը, որի ընթացքում մարզպետները բավականին լավատեսական ցուցանիշներ են ներկայացրել՝ միաժամանակ նշելով, թե իրենց ղեկավարած մարզերի բոլոր ոլորտներում զգալի աճ է արձանագրվում: Սակայն իրականում յուրաքանչյուր մարզում անկում է արձանագրվել:

Մասնավորապես Արագածոտնի մարզում, որն ավելի շատ գյուղատնտեսական ուղղվածություն ունի, նշվում է, որ հենց միայն այս տարվա կարկտահարության հետեւանքով մարզի ավելի քան մեկ տասնյակ համայնքներ կրել են 1.75 մլրդ դրամի չափով վնաս:

Թեեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե աշխատանքներ են տարվում անասնաբուծության եւ գյուղատնտեսության բնագավառը խթանելու հարցում, սակայն այն իրականում այդպես չէ: Ավելին՝ ՀՀ պետբյուջեի միջոցներով այս տարվա ընթացքում 30 մլն դրամ է նախատեսվել մարզի անասնաբուծության զարգացման, կենդանիների հիվանդությունների բուժման եւ կանխարգելման նպատակով:

Հայտնի է, որ այս մարզի եզդիաբնակ համայնքների բնակիչների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն է: Սակայն Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի փոխանցմամբ՝ այս համայնքներում վերջին երեք տարում կտրուկ նվազել է անասնապահությունը: «Մարդիկ չեն զբաղվում, որովհետեւ ձեռնտու չէ. անասնակերը թանկ է, իսկ արտադրանքը՝ կաթը, պանիրը, չեն կարողանում իրացնել: Դրա համար էլ ստիված վաճառում են իրենց անասունները կամ դրանց թիվը կրճատում են: Իսկ տարիներ առաջ նրանք անասուն պահելով՝ կարողանում էին մեքենա, տուն գնել»,- նկատեց Թամոյանը:

Իսկ այս ֆոնին Արագածոտնի մարզպետը դեռ շարունակում է հայտարարել, որ իր ղեկավարած մարզում ամեն ինչ կարգին է: Ինչպես է ամեն ինչ լավ, եթե նույն մարզպետարանի պաշտոնական կայքէջում մարզի համայնքներում դեռ շարունակում է խնդիր մնալ գյուղատնտեսական տեխնիկայի հարցը, որը չկա, աշխատատեղերի ստեղծումը, մարդկանց սոցիալապես ծանր պայմանները, գյուղատնտեսական մթերքների իրացումը, երիտասարդների գործազրկությունը: Մարզի բոլոր գյուղերում երիտասարդ տղաները Հայոց բանակից վերադառնալուն պես շտապում են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:

Արդյունաբերությամբ հայտնի Լոռու մարզում 2014 թվականի առաջին կիսամյակում մարզի արդյունաբերական ձեռնարկություններն ընթացիկ (գործող) գներով թողարկել են 27 մլն 359 հազար 400 մլն դրամի արդյունաբերական արտադրանք՝ 2013 թվականի 1-ին կիսամյակի 33 մլն 531 հազար 400 մլն դրամի դիմաց: Այսինքն՝ 18.4 տոկոսով այն նվազել է:

«Մետալուրգիա»-ի ցուցանիշները 2014թ. հունվար-հունիս ամիսներին նույնպես փոքր-ինչ նվազել են: Այնուամենայնիվ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ն այս տարվա անցած 6 ամիսներին արտադրել է 5014.9տ կոնվերտորային պղինձ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 778.9 տոննայով պակաս): Ուշագրավ է, որ այս տարվա վեց ամիսներին մարզի 6 ձեռնարկություններ արտադրանք չեն թողարկել:
Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճի նվազման պատճառով մոտ 35 տոկոսով նվազել են նաեւ արտահանման ցուցանիշները: Իսկ, ահա, արդյունաբերության ոլորտում աշխատողների միջին ցուցակային թիվը կազմել է 5.535, որը 6.7 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

ՀՀ Սյունիքի մարզում նույնպես 2014 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծավալները նվազել են. այն կազմում է 6.3 տոկոս: Ինչպես Արագածոտնի, այնպես էլ Վայոց Ձորի մարզում շարունակում է խնդիր մնալ երիտասարդների գործազրկությունը, պտղատու այգիների հիմնումը եւ նոր ջրագծերի կառուցումը: Ի դեպ, այս մարզում տարբեր պատճառներով եղած վարելահողերի զգալի մասը չի մշակվում: Իսկ ամենացավալի նորությունը, որը կապված է Վայոց Ձորի մարզի հետ, այն է, որ այստեղ 2014 թվականի 1-ին կիսամյակում կապիտալ ներդրումներ չեն կատարվել:

Այսպիսով՝ Հայաստանում իրականությունն ու պաշտոնապես ներկայացվածի եզրերն այդպես էլ չեն համընկնում: Ու շատ ցավալի է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն են անգամ աչքակապությամբ զբաղվում: Նկարահանող խցիկների, ինչու չէ նաեւ՝ իրենց վերադասի առաջ հաշվետու լինելիս մեկ այլ իրականություն են ներկայացնում, իսկ փաստացի այդ իրականությունը շատ ավելի մռայլ գույներով է ներկայանում մեզ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս