«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ինքը ճիշտ որոշում է կայացրել, սակայն արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել իրեն:
Պարզվում է՝ 2014թ. հուլիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարարի թիվ 197-Ա հրամանով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա:
Արդարադատության խորհուրդը եկել է այն եզրակացության, որ դատավոր Հ. Հովհաննիսյանը, քաղաքացիական գործով խեղաթյուրելով վկաների իրական ցուցմունքները եւ հետամուտ չլինելով իր որոշմամբ նշանակված կրկնակի հետմահու դատահոգեբուժական փորձաքննության կատարումը մեկ այլ փորձագիտական կենտրոնին հանձնարարելու գործընթացին, թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսացել:
Ինչո՞ւ եք խախտել օրենքը: Այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց նկատողություն ստացած դատավոր Հրաչյա Հովհաննիսյանին:
-Բնականաբար, կարծում եմ, որ որեւէ սխալ թույլ չեմ տվել: Կայացրել եմ որոշում, որը դուր չի եկել ՎՏԲ բանկին: Նրանք դիմել են արդարադատության նախարարությանը, ՀՀ արդարադատության խորհուրդն էլ որոշել է նկատողություն տալ ինձ: Ես իրավասու չեմ որեւէ բան ասելու, որովհետեւ դա քննարկման եւ բողոքարկման ենթակա չէ, այսինքն՝ եթե դա կիրառվել է, ուրեմն պետք է ընդունենք, որ դա ռեալ իրողություն է, քննարկելն արդեն իզուր է:
-Նախազգուշացումն ի՞նչ հետք թողեց կամ «դաս» տվեց Ձեզ:
-Չգիտեմ՝ որքանով եք տեղյակ՝ դատավորների սխալների մասով ընթացքն այսպիսին է` նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, լիազորությունների դադարեցում: Սա ամենամեղմ կարգապահական տույժն է եւ իր էությամբ կարող է հետեւանք առաջացնել, եթե սխալը կրկնվի:
-Հիմա եթե այլ բանկի կամ նույն բանկի գործով էլի քննություն կայանա Ձեզ մոտ, ԱԽ-ի կայացրած որոշումը չի՞ կաշկանդի Ձեզ աշխատանքի ընթացքում: Չե՞ք մտածի այնպիսի որոշում կայացնել, որ հանկարծ էլի արդարադատության խորհրդի «ձեռքը չընկնեք»:
– Բնականաբար՝ ոչ, որովհետեւ այս կոնկրետ օրինակով հնարավոր է՝ որոշ թերացում լինի, բայց դա չի նշանակում, որ բանկերի մնացած պահանջների դեպքում նման խնդիր կլինի, օրենքով ինչ սահմանված է, դա էլ իրականացվում է:
-Իսկ փորձել ե՞ք հակառակն ապացուցել խորհրդին, որ բանկն է սխալ, եւ այդպիսով զերծ մնալ կարգապահական պատասխանատվությունից:
-Ո՛չ, խորհրդի որոշումը ենթակա չէ քննարկման, դա վերջնական է:
Ինչպես նշեց դատավոր Հրաչյա Հովհաննիսյանը՝ այս գործով հայցը, ինչպես նաեւ՝ հակընդդեմ հայցը, իր կողմից մերժվել է, որը նույն ճակատագրին է արժանացել ե՛ւ ՀՀ վերաքննիչ, ե՛ւ ՀՀ Վճռաբեկ դատարաններում. նրանք անփոփոխ են թողել վճիռը:
Բայց այս պատմության մեջ ուշագրավը ոչ այնքան դատավորին հայտարարված նկատողությունն է, քանի որ նման որոշումներ կարելի է կայացնել ցանկացած դատավորի նկատմամբ (գրեթե բոլորն էլ օրենքի հետ խնդիրներ ունեն), այլ այն իրողությունը, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը», երբ որեւէ դատավարի դեմ բողոք է ներկայացնում, ՀՀ արդարադատության խորհուրդը դատավորներին նկատողություն է հայտարարում:
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2014թ. օգոստոսի 11-ի հրամանով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Հեբոյանի նկատմամբ նույնպես կարգապահական վարույթ էր հարուցվել: Իսկ պատճառը դարձյալ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Բաղրամյանի դիմումն է եղել՝ հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հեբոյանն ասաց, որ գործում իր կողմից թերություն եղել է. «Կարելի է վիճել, տեսակետ հայտնել, բացատրել, բայց եթե խորհուրդը որոշեց, այդպես է ուրեմն … Այնպիսի սխալ թույլ չէի տվել, որի համար կարելի էր այդպես խիստ պատժել»:
Այսպիսով՝ պարզվում է, որ մի կողմից դատավորները հրահանգներ են ստանում վճիռներ կայացնելիս, մյուս կողմից էլ պատժվում են կայացված վճիռների համար: Ու որքան էլ մենք բողոքենք, որ ՀՀ արդարադատության համակարգն անկատար է, կոռումպացված է, դա ունի իր հիմնավոր պատճառները. դատավորները «անտեր են», համակարգը կամաց-կամաց խժռում է նրանց, ու միայն վախի բնազդը բավական է, որպեսզի կայացվեն սուբյեկտիվ ու երբեմն լկտիության մակարդակի հասնող դատավճիռներ:
Քնար Մանուկյան