ՀԱՐՑ. Բնակվում եմ Երեւանում, կենսաթոշակառու եմ: 1991 թվականին Այգեգործական ընկերությունը Երնջատապ գյուղում տրամադրել է 540 քկմ հողատարածք: Հողամասի համար տվել են գրքույկ, որում գրված է, որ այդ տարածքը մեզ է պատկանում: 1991թ. մինչ այսօր մենք չենք գնացել եւ չենք օգտագործել այդ հողը, հիմա ուզում ենք գնալ, բայց չգիտենք՝ արդյոք այն մինչեւ հիմա մեզ է պատկանում: Խնդրում եմ ասել, թե որտեղից կարող ենք մանրամասներ իմանալ այդ հողատարածքի մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին պետք է ներկայանա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի սպասարկման գրասենյակ, ներկայացնի հողի մասին գրքույկը: Եթե քաղաքացին ինքը չի կարող գալ, ապա պետք է իր լիազորագրով, անձնագրով եւ հողի գրքույկով ներկայանա լիազորված անձը: Կկատարվի հողի չափագրում, եւ եթե հողատարածքը դեռ իրենցն է, ապա կտրվի նոր վկայական հողամասի համար: Վկայականի համար վճարում նախատեսված չէ:
կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի
սպասարկման գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենայն հավանականությամբ Ֆեդյա Գսպոյանի մատնանշած հողատարածքը հենց իրեն կհանձնեն: Իհարկե, ցանկալի չէ, երբ հողը տարիներով անտերության է մատնվում, ու սեփականատերն այն միայն նյութական արժեք ընկալելու դեպքում է հիշում, որ ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղում ինքն էլ է հող ունեցել: Բազմիցս է նշվել, որ նման հողերը մշակելը բոլոր առումներով անհրաժեշտ է եւ շահավետ: