Այսօր հայաստանյան դատարաններում դատական նիստերի մեծ մասն անցել է առանց փաստաբանների. վերջինների ավելի վաղ հայտարարած գործադուլ-դատադուլին միացել են 540-ից ավելի փաստաբաններ: Երևանում “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի սրահներից մեկը լի էր փաստաբաններով, որոնք մեկ առ մեկ ներկայացրին Վճռաբեկ դատարանին ուղղված իրենց պահանջները:
Փաստաբանների 5 հոգանոց հանձնախմբի անդամներից Արա Զոհրաբյանը, վկայակոչելով դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ նիստերից մեկի ընթացքում Հանրապետության նախագահի ու մեկ այլ առիթով արդարադատության նախկին նախարարի հայտարարությունները դատական համակարգի նկատմամբ հասարակության անվստահության մասին, ասաց, որ իր համար անհասկանալի է` ինչո՞ւ է դատական համակարգը ցավագին ընդունում իրենց հայտարարությունն այդ մասին:
” Փաստաբանները իրենց դժգոհությունն են բարձրացնում, և դատական համակարգը հանդուրժողականություն ցուցաբերելու փոխարեն միանգամից ,տղայականե պատասխաններ է տալիս փաստաբաններին”, -հայտարարեց Զոհրաբյանը:”2007 թվականից առ այսօր չունենք մի որոշում որով Վճռաբեկ դատարանը կպատճառաբանի` ինչու է գտնում, որ ասենք այս մի որոշումը հակասում է մեկ այլ որոշմանը: Խաղի Միատեսակ կանոններ Վճռաբեկ դատարանը չի սահմանել, և մենք փաստաբաններս լուրջ դժվարություններ ենք ունենում”, -հավելեց փաստաբան Զոհրաբյանը:
Փաստաբանների հանձնախումբը պատրաստվում է բոլոր հիմնավորումներով դիմում ներկայացնել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին:
Լրագրողի հարցին, թե ո՞րն է դատադուլից այն կողմ ավելի կտրուկ միջոցը, պատասխանեց հանձնախմբի մյուս անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը. “Մեկօրյա դատադուլից ավելի կտրուկ միջոց է երկօրյա դատադուլը, մեկամսյա դատադուլը: Մենք դատադուլի ժամանակ կարող ենք ներգրավել նաև մեր վստահորդներին, ովքեր անձամբ կարող են ասել, թե ինչ է կատարվել իրենց հետ: Բայց մենք վստահ ենք, որ ավելի կտրուկ միջոցի չեն թույլ տա, որ գնանք”:
Հանձնախմբի մյուս անդամ Լուսինե Սահակյանն ասաց, որ փաստաբաններից շատերի պաշտպանյալները ցանկություն էին հայտնել գործադուլին միանալ հացադուլով: Մենք, սակայն, խնդրեցինք նրանց, որպեսզի իրենք նման քայլի դեռևս չդիմեն, բայց եթե անհրաժեշտություն լինի, մենք այլևս չենք կանխի նրանց ցանկությունը` հացադուլով միանալ մեր գործադուլին, -հավելեց Լուսինե Սահակյանը: