Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Սպիտակի՝ 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցն է: Համացանցի իր էջում երկրաշարժի մասին իր հուշերն է ներկայացրել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Դպրոցում զգացինք առաջին ցնցումներն ու երեկոյան լսեցինք գույժը՝ Լեինանականը, Սպիտակը և այլ քաղաքներ ու գյուղեր հողին են հավասարվել, հիշում եմ, երբ հաջորդող օրերին Գյումրի օգնության շտապած և այնտեղից հետ վերադարձող իմ ընտանիքի անդամներն ու բարեկամները պատմում էին ինչ է կատարվում աղետի գոտում, բոլորս սարսափած էիք:
Մեր դասարան եկան Գյումրիից տարհանված երեխաներ, որոնց աչքերի մեջ շատ երկար ժամանակ միայն վիշտ էր և վախ: Աննկարագրելի վիճակ էր, կարծես երկիրը շունչը պահել էր, բոլորը ձգտում էին ինչ-որ կերպ օգնել աղետից տուժածներին: Այս կյանքում ես շատ երազանքներ ունեմ, որոնցից մեկն էլ այն է, որ հայ ժողովուրդն այլևս չտեսնի այն, ինչ տեսավ 1988թ-ի դեկտեմբերի 7-ին:
Շնորհակալություն աշխարհի բոլոր ազգերին ու պետություններին, որոնք օգնության եկան մեզ, մենք շնորհակալ ենք բոլորից, շնորհակալ ենք հետերկրաշարժյան օգնությունների համար, մեր բարերարներին, ովքեր պետության հետ միասին այս տարիներին հարյուրավոր շենքեր վերականգնեցին Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում և այլուր: Աստված հայ ժողովրդի հետ», – գրել է նախարարը: