ՀԱՐՑ. Տղաս՝ Արամ Ղազարյանը (հասցե՝ Սունդուկյան 7/49, ծնվ. 1983թ.), երրորդ կարգի հաշմանդամ է: Ամբողջ բուժումն անվճար ստացավ, բայց մերսումների համար վճարեցինք: Եթե ողջ բուժումն անվճար էր, ապա ինչո՞ւ մերսման համար գումար վճարեցինք: Նաեւ խնդրում եմ ասել՝ թոշակառուների համար ինչ անվճար բուժումներ կան:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արամ Ղազարյանը՝ որպես 3-րդ խմբի հաշմանդամ, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 4-ին «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» համար 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ կարող է օգտվել սահմանված արտոնություններից:
Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնությունն ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում նաեւ ֆիզիոթերապիան, որը, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ՀՀ-ում իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների ցանկը սահմանելու 2008թ. 276-Ն որոշման 18-րդ կետի, ընդգրկում է նաեւ բուժական մերսումը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարելի է հասկանալ, որ անվճար բուժօգնության իրավունք ունեցող քաղաքացուն զլացել են մինչեւ վերջ օրենքով սահմանված ծառայությունները մատուցել: Ինչ-որ բան «պոկած» լինելու նպատակով որոշել ու մերսման համար գումար են պահանջել: Իսկ քաղաքացու հարցի երկրորդ մասի՝ թոշակառուների անվճար բուժումների վերաբերյալ առողջապահության նախարարությունը կասկածելիորեն լռել է, կամ էլ հարկ չի համարել պատասխանել: