Forbes պարբերականն այս տարի առաջին անգամ համեմատել է Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմենների թանկարժեք հավաքածուները:
Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել մասնագետների գնահատականները: Մի շարք հավաքածուներ չեն ընդգրկվել ցուցակում, քանի որ համապատասխան տեղեկատվություն չի գտնվել:
1.15 մլրդ դոլար կարողություն ունեցող Ալեքսեյ Սեմինը գնում է միայն հնաոճ և հազվագյուտ իրեր: Նրա հավաքածույում տեղ են գտել 1000 կտավներ Ֆրանսիայի, Նիդերլանդների, Իտալիայի և Իսպանիայի հնագույն վարպետներից, XV-XIX դարերի 2000 կտոր կահույք, եվրոպական վարպետների 300 ժամացույցներ:
6.1 մլրդ դոլար կարողություն ունեցող Պյոտր Ավենին հաջողվել է հավաքել ռուսական մշակույթի հազվագյուտ նմուշներ: Նա ունի շուրջ 400 նկարներից կազմված հավաքածու: Բացի այս ամենից, նա ժամանակակից ճարտարապետներից պատվիրում է քանդակներ՝ իր Լոնդոնի առանձնատան բակում տեղադրելու համար:
2 մլրդ դոլար կարողություն ունեցող Վյաչեսլավ Կանտորը ևս թանկարժեք և հազվագյուտ կտավների մեծ սիրահար է:
17.2 մլրդ եկամուտ ունեցող Վիկտոր Վեկսելբերգ 2004թ. 100 մլն դոլար արժողությամբ նկարների հավաքածու էր ձեռք բերել:
Հայտնի բիզնեսմեն Ռոման Աբրամովիչը կտավների հավաքածուն սկսել է հին վարպետների ստեղծագործություններ գնելով: Մինչ այժմ նրա հավաքածույում առկա են 17-րդ դարի նկարներ: 2013թ. 60 մլն դոլար ծախսելով` նա մեծացրել է իր մշակութային ստեղծագործությունների հավաքածուն: