Արեւմտամետի համբավ ունեցող Տիգրան Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հրաժարականներից հետո ռուսամետի համբավ ունեցող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է քաղաքական «վոյաժներ»-ի շարք արեւմտյան թեւի հետ: Նախօրեին նա փակ հանդիպում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ, իսկ երեկ էլ՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի եւ նույն կառույցի քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենսի հետ: Հիշեցնենք, որ 2012 թ. տարեվերջին նույն Ծառուկյանը ազդեցիկ մի խմբով մեկնեց Բրյուսել, հանդիպեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ: Թե ինչ նպատակ ունեն այժմ այս հադիպումները, առայժմ դժվար է ասել. գուցե դրանք հեռուն գնացող քաղաքական զարգացումների մեկնարկ են, կամ, պարզապես, քաղաքկան բլեֆ, սակայն նախկին հանդիպումների արդյունքը գրեթե զրոյական ազդեցություն ունեցավ ԲՀԿ-ի քաղաքական վարկանիշի վրա:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ նամակ է գրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մեր ձեռքի տակ հայտնված նամակում Դ. Մեդվեդեւը մասնավորապես նշել է. «Ձեր գործունեության ավարտին կուզեի իմ երախտիքի խոսքն ասել Ձեզ՝ ՀՀ-ՌԴ մեր փոխհամագործակցության համար»: ՌԴ վարչապետը նշել է, որ Տիգրան Սարգսյանի ջանքերի շնորհիվ ռուս-հայկական մի շարք ծրագրեր կյանքի են կոչվել ու լուրջ քայլեր են կատարվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու գործում: Մեդվեդեւը նամակում նշել է, որ ինքը ջերմորեն հիշում է իրենց հանդիպումներն ու կատարած աշխատանքը: Իսկ վերջում էլ հույս է հայտնել, որ Տ. Սարգսյանը կշարունակի մասնակցել ռուս-հայկական բազմապլանային զարգացմանը։
Թեեւ նախօրեին ՕԵԿ-ը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, սակայն ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները: Պարզվում է՝ Ա. Բաղդասարյանը այն եզակի պաշտոնյան է եղել, ով ՝ 2008թ ԱԽՔ պաշտոնը զբաղեցնելուց հետո, չնայած կառավարական ամառանոցներում առկա «ազատ տների», իր նոր տունն է կառուցել տվել, այն էլ՝ բավականին շքեղ: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բաղդասարյանը դժվարանում է բաժանվել այդ տնից: ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան հաստատեց, որ Բաղդասարյանը դեռ բնակվում է կառավարական ամառանոցներում, սակայն հստակ պատասխան չտվեց, թե արդյոք նա այնտեղից դուրս կգա՞, եւ երբ: Միսակյանի խոսքերով՝ այդ բոլոր հարցերի պատասխանները կտա Ա.Բաղդասարյանն իր ասուլիսում:
«Ժողովուրդ»-ն ապրիլի 4-ին գրել էր, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածային ծառեր են հատվում: Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապօրինի ծառահատման դեպքով հարուցվել է քրեական գործ: Ավելին, մեր այս հրապարակումից հետո Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզի դատախազ Նաիրի Ավագյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ջերմուկի ոստիկանության բաժնի աշխատակիցները, ինչպես նաեւ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները գնացել են մեր հրապարակման հետքերով՝ հասկանալու, թե ինչ է կատարվում: Ավելին, մեզ տեղեկություններ հասան, որ մարզպետին թույլ չեն տվել ձկնաբուծարանի տարածքով գնալ ապօրինի ծառահատման վայր: Իսկ թե ինչ էր բացահայտել մարզպետը, վերջինս մեզ առաջարկեց դիմել իրավապահ մարմիններին:
ՃԱՇԻՑ ՀԵՏՈ` ՄԱՆԱՆԵԽ
Եվ այսպես՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում ստորագրել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը: Հիշեցնենք, որ ընդամենը յոթ ամիս առաջ Մինսկում ԱՊՀ լրագրողներին տված ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կասկած էր հայտնել մոտ ապագայում ՀՀ անդամակցության վերաբերյալ՝ նշելով, որ այդ գործընթացը չի կարող ավարտին հասցվել ո՛չ մեկ, ո՛չ էլ երկու տարում: Սակայն, ինչպես տեսանք, ՀՀ իշխանությունները գերազանցեցին բոլորի, անգամ` սեփական սպասելիքները` ՄՄ-ին անդամակցության գործը գլուխ բերելով ավելի սեղմ ժամկետներում, քան նույնիսկ ի սկզբանե հայտարարված հունիսի 1-ն էր:
Նկատենք, որ մինչ օրս այդպես էլ որեւէ հոդաբաշխ բացատրություն չի ներկայացվել, թե ինչու են ՀՀ իշխանություններն այդպիսի շտապողականություն ցուցաբերում: Սեպտեմբերի 3-ից հետո ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո, սակայն, Ս. Սարգսյանի շտապողականությունը ոչ մի լավ բան չի խոստանում մեզ, քանզի ավելի քան ակնհայտ է, որ չնայած Պուտինի դեմոնստրատիվ զարմանքին, դա արվում է բացառապես Ռուսաստանի պահանջով:
Ինչեւէ, ՀՀ քաղաքական դաշտում հակազդեցության լիակատար բացակայության պայմաններում Ս. Սարգսյանն ընդամենը ութ ամսում, փաստորեն, կարողացավ միանձնյա որոշել մեր երկրի հետագա զարգացման վեկտորը` ՄՄ-ին անդամակցության նախաշեմին ձերբազատվելով նաեւ քիչ թե շատ արեւմտամետ վարչապետից եւ ՀՀ ողջ իշխանական վերնախավում ապահովելով բացարձակ ռուսահպատակություն:
Այս ամենում, բացի հարցի քաղաքական բաղադրիչից, խիստ մտահոգիչ է նաեւ տնտեսական մասը: Բանն այն է, որ տրվելով Ռուսաստանի` գործընթացն արագացնելու հրամայականին, Հայաստանը, փաստորեն, պատրաստվում է անդամակցել ՄՄ-ին` առանց հստակեցնելու, թե ինչպիսի պայմաններով են ներկրելու ավելի քան 900 ապարանքատեսակները, որոնց մաքսատուրքերի համար բացառություններ ստանալու նպատակով վերջին ամիսներին ՀՀ կառավարությունը բանացկում էր ՄՄ-ի հետ: Վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների համաձայն, սակայն, այդ թիվը կրճատվել էր, եւ ռուսները համաձայնել էին բանակցել ընդամենը 400 ապրանքատեսակի շուրջ: Սակայն ինչպես երեկ պարզ դարձավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանի խոսքերից, ներկա պահին հստակ չէ անգամ այդ ապրանքատեսակների ճակատագիրը, քանի որ այդ ուղղությամբ բանակցությունները դեռ չեն ավարտվել, եւ, ըստ ամենայնի, դրանք կշարունակվեն արդեն ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելուց հետո: Թե այդ դեպքում այլեւս որն է լինելու բանակցությունների իմաստը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի: