ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու օրերին հայկական դրամը շարունակում է «վայրիվերումներ ապրել»: Ընդամենը մեկ շաբաթ առաջ դրամն արժեզրկվեց 16 դրամով, վերջին երկու օրերին արժեզրկումը կազմեց 15-ից 20 դրամ: Ոչ ոք չգիտի, թե այս գործընթացը երբ եւ ինչպես է ավարտվելու:

Դրամը շարունակում է արժեզրկվել, եւ դա հստակ շաղկապված է ռուսական ռուբլու շուրջ զարգացող գործընթացների հետ: Երեկ նավթի գները մի փոքր կայունացան` մեկ բարելը 71-ից 72 դոլարի սահմաններում, ինչի արդյունքում մեկ դոլարը` 53 ռուբլի փոխարժեքը, օրվա ընթացքում շատ չնչին տատանումներ էր ունենում: Մեկ դոլարը Հայաստանի բանկերը գնում էին 435-ից 446 դրամի սահմաններում, իսկ վաճառում 455-ից 460 դրամի սահմաններում, սակայն 100-300 դոլարից ավել հրաժարվում էին վաճառել:
Արդյունքում՝ Հայաստանի խանութներում գներն օրվա մեջ երբեմն նաեւ մի քանի անգամ են բարձրանում: Հատկապես ծանր վիճակում են հայտնվել փոքր խանութները, որոնց սուղ ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս արձագանքել գների փոփոխություններին: Մյուս կողմից էլ փոքր մթերային խանութները խոցելի են, քանի որ նրանց մեծ մասում, այդ թվում նաեւ՝ կենտրոնում, առեւտրի մի մասն իրականացվում է «նիսիայով»: Դրամի արժեզրկման եւ գների թանկացման պայմաններում այդ խանութները հսկայական տույժեր են կրում: Եթե գործընթացը շարունակվի, ապա փոքր խանութների մեծ մասը կարող են պարզապես փակվել:
Մի խոսքով՝ բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանն առավել քան ծանր կացության մեջ է հայտնվել, եւ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա այս գործընթացը բնակչության համար կործանարար հետեւանքներ կարող է ունենալ: Իսկ ինչ է անում ՀՀ Կենտրոնական բանկը. զբաղված է հայտարարություններ տարածելով: ՀՀ ԿԲ-ի՝ երեկ տարածած հայտարարության մեջ նշված է. «Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձեւավորմանը եւ փոխարժեքի տատանողականության աճին: Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երեւույթները կրում են կարճաժամկետ բնույթ, եւ հաստատում է իր պատրաստակամությունը կայունացնել իրավիճակը շուկայում իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով»:
Հետաքրքիր է՝ ո՞վ է ՀՀ ԿԲ-ին համոզել, որ այս գործընթացը կարճ ժամանակ է տեւելու, չլինի՞ միջազգային հանրությունն իրենց ասել է, որ շուտով ռուսներին թույլ կտա, որ կամայական ինչ ուզեն, անեն, կամ մի՞գուցե ռուսական կողմն է ասել, որ պատրաստվում է ընդունել միջազգային հանրության թելադրած պայմանները, եւ «պատերազմը» կավարտվի: Ինչ են կերել, որ կարծում են, թե գործընթացը կարճաժամկետ է, կամ եթե երկարեց, ապա այդ դեպքում ԿԲ-ն ի՞նչ է անելու: «Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը եւ արտարժութային պահուստների բավարար մակարդակը՝ գների կայունության եւ ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան»,-նշված է ԿԲ-ի հայտարարությունում: Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն ի վիճակի են միայն կարճաժամկետ տատանումների ազդեցությունը նվազեցնել, իսկ երկարաժամկետ գործընթացի մասին ո՛չ ուզում է եւ ո՛չ էլ կարող է մտածել:
Ռուսական կապիտալից Հայաստանի տնտեսության կախվածությունը պայմանավորված է ոչ միայն այն փաստով, որ տրանսֆերտների 90 տոկոսը հենց այդ երկրից է գալիս, այլեւ այն փաստով, որ մեր տնտեսության մեջ չկա մի խոշոր ձեռնարկություն, որը ռուսներին չպատկանի: Կապի ոլորտը, էներգետիկան, բանկային համակարգ եւ այսպես շարունակ, բոլորը գտնվում են ռուսների տիրապետման տակ:
Տեղեկացնենք, որ Հայաստանում գործում է 21 մեծ ու փոքր բանկ, որոնցից 11-ի կանոնադրական կապիտալն ամբողջությամբ պատկանում է օտարեկրյա բաժնետերերին: Դրանցից հինգն ամբողջությամբ ռուսական կապիտալով բանկ է: 100 տոկոսով ռուսական կապիտալ համարվող «Ամերիաբանկը» եւ «ՎՏԲ բանկը» Հայաստանի խոշոր բանկերի առաջին եռյակում են: Իսկ «Յունիբանկը» եւ «Առեկսիմբանկը» Հայաստանի ամենախոշոր բանկերի տասնյակում են: Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին վեց ընկերություններից չորսը պատկանում են ռուսներին:
Այսինքն՝ եթե անգամ ԿԲ-ն փորձի ինչ-որ կերպ նվազեցնել ռուսական ռուբլու հետ տեղի ունեցող գործընթացների ազդեցությունը մեր տնտեսության վրա, ապա նա պարզապես դատապարտված կլինի անհաջողության: Սա վերջին 15 տարիներին իրականացվող աղետաբեր քաղաքականության արդյունքն է, երբ անօրինական գործարքներով Հայաստանի բոլոր խոշոր ձեռնարկությունները կոպեկներով տրվեցին ռուսներին: Իհարկե, ժամանակին ենթադրվում էր, որ տնտեսությունն ամբողջությամբ ռուսներին տալը լավ հետեւանք չի ունենա: Սակայն իրադարձությունների զարգացման նման սցենարը, երբ ռուսական ռուբլու տատանումներից հայկական դրամը տերեւի պես պետք է դողար, դժվար թե որեւէ մեկը կանխատեսեր: Ահա եւ պտուղները՝ ամենօրյա գնաճ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ
ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմակցությունը դեմ քվեարկեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից առաջարկվող «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագծին: Կողմ քվեարկեց 54 պատգամավոր, դեմ՝ 59, իսկ 4 պատգամավորներ ձեռնպահ էին: Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում էր ամրագրել, որ ընտրական օրենսգիրքն անհրաժեշտ է փոխել եւ անել այն փոփոխությունները, որպեսզի խորհրդարանը դառնա 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Պարզվում է՝ նախագծին ձեռնպահ քվեարկած պատգամավորներից 3-ը ՀՀԿ-ականներ են՝ Սամվել Ֆարմանյանը, Ռուբեն Հովսեփյանը, Վարդան Այվազյանը, իսկ մեկն անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է եղել:

 

ՏԱՊԱԼՎԵՑ
Երեկ ԱԺ էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում որոշել է վարույթ չընդունել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի դիմումն ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի: Զարուհի Փոստանջյանի դիմումի մերժումն իրականացվել է հանձնաժողովի` ոչ իշխանական խմբակցությունների կողմից նշանակված անդամների անմիջական մասնակցությամբ, որոնք նույնպես կողմ են քվեարկել դիմումը վարույթ չընդունելու մասին որոշմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի էթիկայի հանձնաժողովում ընդգրկված են երկու ՀՀԿ-ական` հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ Սուքիաս Ավետիսյանը, ԲՀԿ-ին հանձնաժողովում ներկայացնում է Վահան Բաբայանը, ՕԵԿ-ին` Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ին` Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից» էթիկայի հանձնաժողովի անդամ է Թեւան Պողոսյանը: ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցությունը հրաժարվել է էթիկայի հանձնաժողովում անդամ նշանակել:

 

ԶԱՐՄԱՆՈՒՄ Է
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է ինքը վերաբերում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Ով այդ փաստաթուղթը վավերացնի, թող իր ժառանգների համար գրի՝ այս օրը, այսինչ ժամին ես եղել եմ իշի քուռակ: Ես բառեր չեմ գտնում»: «ԵՏՄ պայմանագիրը Հայաստանի համար շատ լավն է ու շատ շահավետ է, ու ես չեմ կարող հասկանալ հայ ազգի այն գործիչներին, որոնք որ այս պայմանագիրը համարում են վատը: Թող ասեն մեկ վատ դրույթ, որը սպառնալիք է Հայաստանի համար»,- ինքնավստահ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարարը: Մեր դիտարկմանը, թե արդյոք մենք չեն կորցնում մեր ինքնիշխանությունը, փոխնախարարը պատասխանեց. «Մենք ինքնիշխանության կորուստ այս պայմանագրով չունենք»:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՑԱՆԿԱՆԱՐ ՀԱՍԿԱՆԱԼ
«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի կործանման սկիզբն է»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Որպես ազատական կուսակցություն` Հայոց համազգային շարժումը դեմ է այդ անդամակցությանը եւ կարծում է, որ Հայաստանը 2013 թ. սեպտեմբերի 3-ից սկսած հետ է շպրտվել զարգացման ուղուց, եւ այս գործընթացը խիստ բացասական կարող է ազդել Հայաստանի վրա, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: «Կուզեի հարցնել Տեր-Պետրոսյանին ու իր շրջապատին եւ բոլոր նրանց, ովքեր ջատագովն են ԵՏՄ-ի… որտե՞ղ են նրանք ուղարկում իրենց երեխաներին սովորելու, որտե՞ղ են իրենց թոռներին պատկերացնում ուսում ստանալիս, որտե՞ղ կուզենային իրենց ծնողներին, եթե հանկարծ վատ բան լիներ, բուժման ուղարկել»:

 

ՈՒՂԱՐԿԵՑ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված պայմանագրի վավերացման օրինագիծը: «Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու նպատակը ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող խոչընդոտների վերացումն է, տնտեսության առանցքային ոլորտներում մեկ համաձայնեցված եւ համակարգված քաղաքականության իրականացումը»,-ասված է հաղորդագրությունում:

 

ԲԱԽՈՒՄ
ԱԺ երեկվա նիստում հետաքրքիր միջադեպ է գրանցվել: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խոսելով դրամի արժեզրկման մասին, հայտարարել է, թե «ՀԱԿ-ը մշտապես խոսել է իշխող ռեժիմի դրամավարկային շորթումների մասին… Սրա միակ լուծումը Սերժ Սարգսյանի եւ իր ռեժիմի հեռացումն է»: Ի պատասխան Զուրաբյանին` ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն այսպես է արձագանքել. «Տո՛, ա՛յ չկայացած քաղաքական սուրհանդակ, դու ի՞նչ վերլուծություններ անող ես: Քեզանից ի՞նչ ֆինանսական վերլուծաբան»:

 

ՀՌՈՄՈՒՄ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղ-Իտալիա հարաբերություններին վերաբերող հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործակցությանը: Սահակյանը հանդիպել է նաեւ IPALMO հետազոտական ինստիտուտի ղեկավար, Իտալիայի նախկին արտգործնախարար Ջաննի դե Միկելիսի հետ։

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: «Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող աշխատանքներին, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերին, ինչպես նաեւ ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր»,- հայտնում է Կառավարության տեղեկատվության վարչությունը։




Լրահոս