Երեկ խորհրդարանում շարունակվում էր քննարկվել ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը: Հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն էր, ով երեկվա նիստում պատասխանում էր պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Օրենսդիրների հիմնական հարցերը վերաբերում էին միությանն անդամակցելուց հետո սպասվող գնաճին եւ դրա ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա:
ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ֆինանսների փոխնախարարին հարցրեց, թե ԵՏՄ անդամակցությունից հետո ո՞ր ապրանքներն են ի վերջո թանկանալու, որոնք` ոչ: «Որ ապրանքները կթանկանան, այդ ապրանքների ցանկը կարող եմ թվարկել, բայց կտեւի մեկ ժամ կամ քառասուն րոպե», – նշեց Կարայանը: Փոխնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ չեն բարձրանա առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքների մաքսային դրույքաչափերը, ինչպես նաեւ չեն թանկանա այն ապրանքները, որոնք հումքային չեն ՀՀ արտադրողների համար: Փոխնախարարի խոսքից կարելի է եզրակացնել, որ նա այնքան զբաղված է, կամ այնպիսի կարեւոր գործեր ուներ, որ չկարողացավ թեկուզ մեկ ժամ կամ էլ 40 րոպե տրամադրել` ժողովրդի համար այդքան հետաքրքրություն ներկայացնող թեմային անդրադառնալու համար:
Խորհրդարանում փոխնախարարին հարց ուղղելիս հետաքրքիր բացահայտում արեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` Հայաստանի կողմից 1993-ին կնքվել եւ 1994-ին վավերացվել է միջազգային պայմանագիր տնտեսական միություն ստեղծելու մասին, որը գործում է առ այսօր եւ վերաբերում է համաձայնեցված դրամավարկային, բյուջետային, հարկային, արտաքին տնտեսական, մաքսային եւ արժութային քաղաքականությանը, որը հիմնված է լինելու ռուսական ռուբլու վրա:
«Այդ պայմանագիրը գործում է առ այսօր, այդ պայմանագիրը նկատի առե՞լ եք ԵՏՄ պայմանագիրը կնքելու ժամանակ: Երկրորդ` առեւտրի համաշխարհային կազմակերպությանն էինք անդամակցում եւ եվրաասոցացման բանակցություններ էինք վարում, ի՞նչ ուժ ունի այս պայմանագիրը, որտեղ պայմանները շատ ավելի խիստ են եւ ինքնիշխանությանը վնասող, քան այն, ինչ բերվել է: Ի՞նչ իրավական ուժ ունի այդ պայմանագիրը»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Սուրեն Կարայանը պատասխանեց, որ պատգամավորի կողմից նշված պայմանագիրը, որը վավերացվել է 1994-ին, կա, եւ այնտեղ իսկապես նախատեսված են ավելի խիստ եւ ինքնիշխանությանը վնասող նորմեր: Նա նշեց սակայն, որ մեկ կարեւոր հանգամանք կա` այդ պայմանագիրը նպատակադրությունների մասին է, այսինքն` իմպերատիվ գրված չէ, թե Հայաստանը ինչ պետք է անի: «Ճիշտ է` այդ պայմանագիրը դեռ ուժի մեջ է, բայց մենք ավելի հստակ պայմանագիր ենք ստորագրել` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը»: Արծվիկ Մինասյանն էլ արձագանքեց. «Այսինքն` կարող ենք արձանագրել, որ այս պայմանագրի հիմքը դրվել է 1994-ի՞ն»:
ֆինանսների փոխնախարարին հարց ուղղեց նաեւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարություններից մեկը, թե ԵՏՄ-ի վերաբերյալ հանրության կարծիքը մեկ գիշերվա մեջ չէր կարող իմանալ: «Պարո՚ն Կարայան, կպարզաբանե՞ք, թե սա ինչ գիշեր էր: Մտածե՞լ եք, արդյոք, որ եթե Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ, ինչ է լինելու: Հիմա Դուք կասեք, որ Հայաստանն ունի վետոյի հնարավորություն, բայց այդ մեկ գիշերում կայացած որոշման փաստը կասկածի տեղիք է տալիս, որովհետեւ եթե վետո դնող լինեինք, մի գիշերվա մեջ ԵՏՄ չէինք մտնի: Ապրանքների թանկացման հետ կապված` Դուք առավոտյան ասացիք, որ ապրանքները չեն թանկանա, հիմա էլ ասում եք, որ ապրանքների թանկացումը կապ ունի դրոշմապիտակավորման հետ».- հետաքրքրվեց նա:
Սուրեն Կարայանն ի պատասխան՝ նշեց. «Ես չգիտեմ, թե այդ ի՞նչ գիշերվա մասին եք Դուք խոսում: Ուզում եմ ասել, որ լուրջ հարցերը մեկ գիշերվա մեջ չեն կայացվում: Այդ բանակցությունները տեւել են տարիներ: Ինչ վերաբերում է ապրանքների թանկացմանը, ասեմ, որ այն 750 անուն ապրանքները, որոնք ներառված են բացառությունների ցանկում, նվազագույն սպառողական զամբյուղի մաս կազմող ապրանքներ են: Այդ ապրանքների մասով թանկացումներ կարող էին լինել, բայց դրանք ներառվել են բացառությունների ցանկում: Մյուս խումբ ապրանքները, որոնք բացառությունների ցանկում են, դեղամիջոցներն են, որոնք նույնպես ներկրվում են երրորդ երկրներից: Անցումային դրույթներով պետք է կարգավորվեն նաեւ շաքարավազի հետ կապված գները: Մենք ընդամենն առավելություն ենք ստեղծում, հեշտացնում ենք մուտքը ԵՏՄ եւ համատեղ փորձելու ենք դիմակայել համաշխարհային մարտահրավերներին»,-ասաց փոխնախարարը: «Ստացվելու է, որ մեր ժողովուրդը «Тройной одеколон» է սկսելու օգտագործել կամ էլ` վարունգի դուխի»,-արձագանքեց Փաշինյանը: ««Красная Москва»»,-ի պատասխան նրան՝ ուղղեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւս հետաքրքրում էր հարցը՝ եթե Ադրբեջանը եւս անդամակցի ԵՏՄ-ին, ո՞րն է լինելու Հայաստանի քայլը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որը հարակից զեկուցող էր, ի պատասխան ասաց, որ կփորձի հարցերին բավարար պատասխաններ տալ, թեեւ «Ձեր բավարարման չափանիշներն ինձ համար անհասանելի են: Հեսա Ադրբեջանի հարցին էլ պատասխան կտամ, համբերի՛»: Սակայն, ի վերջո, այդպես էլ հարցի պատասխանը չհնչեցրեց: Վարդան Այվազյանի պարզաբանումները, թե թանկացումներ չեն լինելու, բոլորովին չբավարարեցին Զարուհի Փոստանջյանին: Վերջինս վրդոված նշեց, որ Այվազյանի հիմնավորումները համոզիչ չեն: Վարդան Այվազյանն էլ արձագանքեց. «Խնդրում եմ՝ իմ բառերը մի՛ ձեւափոխեք, ես Ձեզ ասում եմ` չի թանկանալու», – հայտարարեց նա:
ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի քննարկումը երեկ այդպես էլ չավարտվեց. այն կշարունակվի այսօր:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՆՈՐՈՇ ԵՆ
Թեեւ նոյեմբերի 12-ից մսամթերք արտադրող եւ վերամշակող հայաստանյան 11 արտադրող իրավունք ունի գառի, խոզի, տավարի եւ հավի մսից պատրաստված մսամթերք արտահանել Ռուսաստանի Դաշնություն, սակայն դեռեւս արտահանման պայմաններն անորոշ են: Միայն հայտնի է, որ այն արտահանելու է «Սպայկա» ընկերությունը:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Մուշ» մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Բորիս Ներսեսյանի հետ:
-Արդեն սկսվել է մսի, մսամթերքի արտահանումը: Այս ընթացքում ի՞նչ խնդիրների եք հանդիպել:
-Սա, իհարկե, ընկերության համար առավելություն է, քանի որ մենք կարող ենք մեր ընկերության արտադրական պոտենցիալը, հնարավորությունները մաքսիմալ օգտագործել: Բայց նաեւ հարցեր կան, որոնք անորոշ են: Դրանք հիմնականում կապված են օրենսդրական փոփոխությունների հետ եւ ռուսական շուկայի արձագանքի: Տեսնենք, թե ինչ կստացվի: Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում գործընթացը նոր է սկսվել: Նախ մենք՝ որպես կազմակերպություն, գրանցվել ենք ՌԴ-ում, եւ առաջիկայում արտահանման մասով գործընթացը կսկսվի:
-Ընկերությունը պատրա՞ստ է մեծացնելու արտադրության ծավալները:
-Իհարկե՛:
-Այնուամենայնիվ, արտահանումից հետո ներքին շուկայում Ձեր արտադրանքը կթանկանա՞:
-Դեռ վաղ է խոսել թանկացումների մասին: Ճիշտ կլինի Ամանորից հետո այս հարցով մտահոգվել: Մենք ռուսական շուկայի կողմից չունենք մեր ապրանքի որակի վերաբերյալ արձագանք:
-Իսկ առաջ եկած խնդիրների վերաբերյալ չե՞ք խոսել գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ:
-Այս թեմայի շուրջ գյուղնախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցություն է կազմակերպել, բայց մինչեւ գործընթացի սկսելը այդ հարցերի պատասխանները չենք ստանա:
-Ե՞րբ կսկսվի արտահանման գործընթացը:
-Չգիտեմ, որոշված է, որ «Սպայկա» ընկերությունն է արտահանելու: Մենք էլ սպասում ենք ընկերությունների արձագանքին:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՁՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐԵՑ
2014թ. սեպտեմբերի 18-ին Դիլիջանի տարածաշրջանի Հաղարծին գյուղում Հաղարծին, Թեղուտ, Գոշ գյուղերի, նաեւ Դիլիջան քաղաքի բազում բնակիչներ մոտ մեկուկես ժամ փակել էին միջպետական ճանապարհը: Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը փակելու համար օգտագործել էին ավտոմեքենաներ:
Նրանք դժգոհում էին, որ «Դիլիջան ազգային պարկի» նոր տնօրինությունը փակել է գյուղերից դեպի անտառներ տանող ճանապարհը, եւ գյուղացիները հնարավորություն չունեն ձմռան վառելափայտ հայթայթելու: Լուծվե՞ց արդյոք Դիլիջան քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչներին ձմռան վառելափայտով ապահովելու հարցը: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մուրադյանին ուղղված «Ժողովուրդ»-ի այս հարցին, ահա, թե ինչ պատասխան տվեց. «Հարցը մեծ չափով լուծվեց, սակայն խանգարեց տեղացած ձյունը, որի պատճառով անտառից փայտ բերելը դժվարացավ»: Ս. Մուրադյանի վկայությամբ՝ Դիլիջան քաղաքի, Գոշ, Հաղարծին, Թեղուտ եւ այլ գյուղերի բնակիչներին ազգային պարկի տարածքից հատկացվել է շուրջ 2.000 խորանարդ մետր անտառի թափուկ: Նրա խոսքերով՝ ձմռան վառելիքի կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիքի տրվել է 5-8 խորանարդ մետր թափուկ, խորանարդ մետրը՝ 4.800-5.400 դրամով:
Նշենք, որ ամեն խորանարդ մետր թափուկի համար ավելի քան 5.000 դրամ վճարելու, անտառի խորքերում թափուկ պատրաստելու եւ այն տեղափոխելու համար բնակիչները շատ գումարներ են ծախսել: Սահակ Մուրադյանն ասաց, որ իր պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում (նա պաշտոնավարում է սեպտեմբերի 3-ից) խստացվել է անտառի պահպանությունը, ազգային պարկի աշխատողները 164 ծառի ապօրինի հատման վերաբերյալ կազմել են 29 արձանագրություն:
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 18-ին Հաղարծին գյուղում միջպետական ճանապարհը փակելու կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով): Քրեական գործը քննում է Տավուշի մարզային քննչական վարչությունը:
Իրավապահ աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն՝ այդ քրեական գործն առաջիկայում կկարճվի, քանի որ իմաստ չկա բողոքի ակցիայի մասնակից 500 հոգու նկատմամբ քրեական գործ հարուցել, առավել եւս, որ այդ մարդիկ ոչ թե հասարակության հանդեպ անհարգալից են վարվել, այլ նշված ակցիայով իրենց բողոքի ձայնն են բարձրացրել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ