ԹԱՂԱՊԵՏՆԵՐԻ ՍԻՐՏԸ ՃՈԽ «ՔԵՖ» Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երեւան» հիմնադրամը առաջիկայում լուրջ ֆինանսական ծախսերի առաջ է հայտնվելու: Քանի որ Երեւան քաղաքի վարչական շրջանները սննդամթերքի ցուցակներ են ներկայացրել, թե ինչ են իրենք ցանկանում դնել սեղանին Ամանորի «կարնավալի» օրը:

Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է պարզ ընթացակարգով ծառայություններ ձեռք բերելու մասին հայտարարություն: Այսպիսով՝ տեղեկացնենք, որ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի պահանջով 600 աշխատակիցների համար նախատեսված տոնական միջոցառումը պետք է կազմակերպվի բարձրակարգ ռեստորանային համալիրում: Իսկ ամանորյա սեղանին պետք է լինի սեւ եւ կանաչ խոշոր ձիթապտուղ, պանրի 3 տեսակ, լոլիկ, վարունգ, խառը կանաչի, գոմեշի մածուն, խառը թթու, սառը խորտիկներ՝ ապխտած երշիկ, ֆիլե, բաստուրմա, սուջուխ, ձկան 3 տեսակ, 3 տեսակ աղցաններ, տաք ուտեստներ՝ խոզի խորոված, տապակած կարտոֆիլ, ձուկ՝ եփած ստերլյադ, տապակած հավի ճուտ, հաց, խմիչքներ` կոնյակ՝ հայկական արտադրանքի, առնվազն 10 տարվա պահպանման (0.5լ, շշալցված), ռուսական արտադրության բարձրորակ օղի (0.5լ, շշալցված), փրփրուն գինի, հայկական արտադրության շամպայն (0.7լ, շշալցված): Իհարկե, սեղանից չեն պակասի նաեւ զովացուցիչ ըմպելիքները, բնական հյութերը, հանքային ջրերը, մրգերը, քաղցրավենիքը, սուրճը, թեյը: Նոր Նորքի պահանջները որոշ առումով տարբերվում է մյուսներից. սրահը պետք է ապահովված լինի օդափոխությամբ, լուսաձայնային համակարգով, կենդանի երաժշտությամբ: Ամանորյա տոնակատարությանը կլինեն նաեւ հաղորդավարներ Ֆելիքս Խաչատրյանը եւ Գայանե Ասլամազյանը, հրավիրված երգիչ-երգչուհիներ Ռազմիկ Ամյանը, Լիաննա Ալավերդյանը, Էրիկը, Արսեն Սաֆարյանը, «Վիտամին» ակումբի մասնակցությամբ կես ժամյա զվարճալի շոու ծրագիր:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությունը նույնպես պատրաստվում է տոնական միջոցառում կազմակերպել 600 աշխատակիցների համար: Նրանց պահանջներում, բացի վերը նշված սննդամթերքից, մի պահանջ էլ կա, այն է՝ ամանորյա սեղանները պետք է զարդարված լինեն նաեւ ծաղկեփնջերով, իսկ կոնյակը՝ 5 տարի հնեցմամբ: Սակայն Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանը կարծես թե առանձնապես չի մտահոգվել, որ աշխատակիցների համար կենդանի երաժշտություն լինի կամ հաղորդավարներ:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը եւս պահանջել է, որ 200 աշխատակիցների համար կազմակերպված տոնական սեղանին նույնպես հայկական արտադրությամբ կոնյակ կլինի՝ 10 տարի հնեցմամբ: Այստեղ օրվա գեղարվեստական մասը ապահովելու են հանրաճանաչ երգիչ-երգչուհիներ, սակայն նշված չէ, թե ովքեր են երգելու աշխատակիցների համար:
Նկատենք, որ սննդամթերքի նշված տեսակները վերջին շրջանում զգալիորեն թանկացել են: Թե թաղապետարանների աշխատակիցների համար որքանով է հետաքրքիր մի քանի ժամվա այս միջոցառումը, կարեւոր չէ: Բայց այս ամենը, ինչպես ամեն տարվա փորձն է ցույց տալիս, փող «լվանալու» հրաշալի միջոց է: Եւ շատ չանցած (կասկած չունենանք)՝ պարզվելու է, այսպես կոչված, մրցույթում հաղթել են կազմակերպություններ, որոնք իբր թե մատակարարման շատ ցածր գին են առաջարկել: Մինչդեռ նրանց ներկայացված ապրանքների տեսականին խանութներում շատ ավելի էժան կլինի, քան մատակարարվել է: Ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում:
Հարկ ենք համարում հավելել, որ սովորաբար ռեստորաններում մի ապրանքատեսակը կրկնակի կամ եռակի թանկ գնով է վաճառվում: Վերջին շրջանում ներքին շուկայում դոլարի փոխարժեքի փոփոխության պատճառով մի շարք ապրանքատեսակներ թանկացան: Իսկ ահա խոզի մսի 1 կգ-ն արդեն երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվում է մոտ 4.200 դրամով: Չենք խոսում ձկնեղենի մասին, որը վերջին մի քանի ամսում ավելի քան 200 դրամով թանկացել է: Եւ այս թանկացումների ֆոնին մեր «սիրելի» քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական միջոցառումներ է կազմակերպում իր աշխատակիցների համար՝ չխնայելով շռայլության որեւէ էլեմենտ:
Իսկ մինչ այդ նկատենք, որ քաղաքային իշխանությունները մշտապես հայտարարում են, որ փող չկա, բյուջեն դատարկ է, սակայն քեֆերի համար, կարծես թե, միշտ փող կա:
Իհարկե, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրավունք ունեն «քեֆ անելու», թաղապետները՝ եւս, սակայն լավ կլիներ, որ այդ շռայլությունները նրանք անեին ոչ թե համայնքային բյուջեի կամ հիմնադրամի, այլ սեփական գրպանների հաշվին կամ էլ, գոնե, Երեւանի հարուստ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական միջոցներով: Այդպես ավելի ազնիվ կլիներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԱՏԸ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանի, ընկերության հաշվապահի եւ քաղաքապետարանի երկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:
Հիշեցնենք, որ մարզպետարանի հերթական ստուգումների ժամանակ քաղաքապետարանում ի հայտ էին եկել խախտումներ, որոնք էլ քրեական գործ հարուցելու հիմք էին հանդիսացել: Սիսիանի քաղաքապետարանը «Սիսիանի լրատու» ՍՊԻ հիմանդիրն է եւ ֆինանսավորողը: Եւ այսօր Արմեն Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն՝ կեղծել է պաշտոնական փաստաթուղթ եւ այն օգտագործելով՝ խարդախությամբ հափշտակել 1 մլն 260 հազար ՀՀ դրամ գումար:
Իսկ Աղասի Հակոբջանյանն էլ մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ լինելով Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավար՝ պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է էական գույքային վնաս:
Դեկտեմբերի 2-ին Կապանի նստավայրում կայացավ հերթական նիստը: Այն նախագահում էր դատավոր Նապոլեոն Օհանյանը:
Մինչ դատաքննության սկիզբը ամբաստանյալ Աշոտ Գրիգորյանը, ով քաղաքապետի տեղակալն է, հանդես եկավ հայտարարությամբ, որից հետո միջնորդություն ներկայացրեց քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ինչը մեղադրող կողմն առարկեց: Դատարանը որոշեց նշված միջնորդության լուծումը հետաձգել: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի պաշտպանի ներկայացրած գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը եւս դատավոր Օհանյանը մերժեց:
Երեկվա դատաքննության ընթացքում հարցաքննվեցին ներկա չորս վկաները: Սրբուհի Գրիգորյանը եւ Աննա Ավետիսյանը պարզաբանեցին՝ հափշտակում տեղի չի ունեցել, այլ գումարը թերթից ուղղվել է նույն ՍՊԸ-ի կազմում գործող հեռուստատեսության պահպանմանը: Եվ որ իրենք վճարվել են ե՛ւ լրագրության, ե՛ւ նյութերի մոնտաժի, թերթում տպագրված նյութերը խմբագրելու եւ սրբագրելու դիմաց, քանի որ աշխատողների պակաս ունեն: Միեւնույն ժամանակ երկու վկաները նշեցին, որ Արմեն Հովակիմյանին երկար տարիներ են ճանաչում եւ աշխատում միասին, նա ազնիվ, անձնուրաց մարդ է:
Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 12-ին:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան




Լրահոս