ԻՆՉՊԵ՞Ս Է ՕԵԿ-Ն ԻՐ ՍՏԵՂԾԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ԴԵՄ ԳՆԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե ինքը եւս կարծում է, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ցանկանում էր զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը եւ այն չստանալով` լքեց կոալիցիան:

-Պարոն Կարապետյան, Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը հայտարարել է, որ արդեն տեւական ժամանակ է` ՀՀԿ-ն որոշումներ կայացնելիս իրենց կարծիքը հաշվի չէր առնում: Արդյո՞ք Հանրապետական կուսակցությունն անտեսել է ՕԵԿ-ին, եւ, ըստ Ձեզ, ինչո՞ւ ՕԵԿ-ը նման որոշում կայացրեց:
-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, խնդրում եմ իրենց այդ հարցը տվեք: Իրենք մի 5-6 հոգի պատգամավոր են, մենք 70 հոգի, պարզ չէ, որ մեր կարծիքը մի քիչ ավելի շատ է հաշվի առնվել, իրենցը մի քիչ, ոնց կարող է հավասար լինել: Բայց եթե իրենց կարծիքը հաշվի չենք առել, բա էդ ոնցա, որ իրենց երեք հատ նախարարի պորտֆել ենք տվել: Բա դա հաշվի առնել չի՞, հաշվեք պատգամավորների ու նախարարների պորտֆելների քանակը, տեսեք համամասնորեն հավասա՞ր է, թե՞ հավասար չէ: Պլյուս դրան էլ` Արթուր Բաղդասարյանին տվել են ԱԱԽ քարտուղար:
-Բայց Արթուր Բաղդասարյանը ցանկանում էր զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որը իշխանությունները «չտվեցին» նրան: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնը չվստահեց Ա. Բաղդասարյանին:
-Ես էլ եմ մտածում, որ իրենք ցանկացել են, որպեսզի Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնի, առանց մտածելու, որ ՀՀ վարչապետի պաշտոնը մեծամասնությունն է որոշում: Իսկ ինչու այդ պաշտոնը չվստահենք Հովիկ Աբրահամյանին, որ վստահենք Արթուր Բաղդասարյանին, դո՛ւք իմ հարցին պատասխանեք:
-Որպեսզի Ձեր կոալիցիոն գործընկերը չլքեր ՀՀԿ-ին:
-Ոչ մեկը չի կարող մեզ լքել, որ մեզ կարողանան լքել… ուղղակի դա իրենց քաղաքական դիրքորոշումն է: Մենք էլի լավ գործ ենք կատարել, երբ 3 պորտֆելը տվել ենք իրենց:
-Իսկ այժմ ՕԵԿ-ին դավաճան չե՞ք համարում:
-Ես ընդհանրապես ոչ մեկին դավաճան չեմ համարում, ամեն մարդ պայքարում է իր հաջողությունների համար, իր կուսակցության համար: Ընդհակառակը, ՕԵԿ-ի նկատմամբ ավելի լավ ենք վերաբերվել, քան մեր շարքային կուսակցականների նկատմամբ: Ես այլ բան չեմ կարող ասել: Եթե դա իրենց չի բավարարում, իրենք պետք է պատրաստվեն նոր ընտրությունների, ձայներ հավաքեն, ինչպես մենք ենք հավաքում, իրենք ձեւավորեն կառավարություն, իրենց Արթուր Բաղդասարյանն էլ դառնա կառավարության ղեկավար: Բայց քանի դեռ չեն հասել, պետք չէ նման պահանջներ ներկայացնել:
-ՀՀԿ-ն այժմ իրեն միայնակ չի՞ զգում, ի վերջո` միակ կոալիցիոն գործընկերն էլ լքեց ՀՀԿ-ին:
-Ես կարծում եմ՝ այս վերջին տարիներին Հանրապետականը միայնակ էր, բոլոր խնդիրների՝ վատի էլ, լավի էլ, պատասխանատուն ՀՀԿ-ն էր:
-Ըստ Ձեզ` ՕԵԿ-ը կկարողանա՞ «վերածվել» ընդդիմության, արդյոք դա նրան կհաջողվի՞:
-Դե, ՕԵԿ-ին ընդդիմություն պատկերացնելու համար դեռեւս պետք է սպասել, դա ցույց կտա հետագան: Բայց ես այդպես լուրջ ընդդիմություն չեմ տեսնում ՕԵԿ-ին, որովհետեւ իրենք այսօր բոլոր օրենքներին «կողմ» են քվեարկել: Ինչպես կարելի է մի 4-5 տարի խորհրդարանում նստել, օրենքները հրապարակել, հետո մի օր դուրս գալ ու բոլոր այդ օրենքների դեմ պայքարել: Նման բան հնարավո՞ր է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ դա հնարավոր չէ: Այ եթե իրենք այդ օրենքների տակը չստորագրեին, այդ օրենքները ԱԺ-ում չընդունեին, հակառակվեին եւ պայքարեին այդ օրենքների դեմ, իսկ այսօր էլ դուրս գային ընդդիմություն ու արդեն այդտեղ այդ օրենքների դեմ խոսեին, դա ընդունելի տարբերակ կլիներ: Բայց եթե դու 4-5 տարի օրենքներ ես մշակում, այդ օրենքների տակ ստորագրում ես ու «կողմ» ես քվեարկում, դու չես կարող դուրս գալ եւ սկսել մեկ օրում այդ բոլոր օրենքներին դեմ գնալ:
-Ինչ եք կարծում, ժողովուրդը կրկին կհավատա՞ ՕԵԿ-ի պայքարին, կվստահի՞ Ա. Բաղդասարյանին:
-Ես այդ առումով որեւէ բան չեմ կարող ասել:
-Ամեն դեպքում, պարոն Կարապետյան, ստացվում է, որ այսօր ոչ ոք ՀՀԿ-ին չի վստահում. ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, ՀՅԴ-ն չի ցանկանում կոալիցիա կազմել, ԲՀԿ-ն եւս ՀՀԿ-ի հետ որեւէ գործ չի ցանկանում ունենալ: Դա Ձեզ չի՞ մտահոգում:
-Ավելի լավ կլինի, քանի որ մենք գիտենք, որ ամեն ինչ մեր ուսերին է: Մենք ամեն ինչի պատասխանատուն ենք եւ ավելի մաքուր, մենք երկրի քաղաքականությունը առաջ կտանենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՔԱՌՅԱԿԻ ՓՈՐՁԱՔԱՐ

Վաղը «հրաշալի քառյակ»-ը հերթական հանդիպումը կանցկացնի՝ քննարկելու իր առաջիկա գործողությունները: Իսկ Քառյակի հիմնական քաղաքական խնդիրը, փաստորեն, դառնում է ապրիլի 28-ին եռօրյա շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու հարցը: Ստացվում է, որ Քառյակի քաղաքական ճակատագիրը կախված է հանրահավաքից` անել, թե չանել այն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Քառյակի նեկայացուցիչները պնդում էին, որ իրենք եթե ոչ ապրիլի 28-ին, ապա մեկ ուրիշ օր անպայման կանեն հանրահավաք, պարզապես` կառավարության հրաժարականից հետո նոր կառավարություն է ձեւավորվում, եւ իրենք առայժմ սպասում են ներկայացվելիք ծրագրերին:
«Ոչինչ մի բացառեք, շատ կոնստրուկտիվ, շատ ճկուն օրակարգեր են ձեւավորվում եւ քննարկվում: Ես ոչինչ չեմ բացառում, բայց այս պահին ոչ մի որոշում չկա»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նաեւ պնդեց, որ անկախ նրանից, թե ինչ ծրագիր կներկայացնի կառավարությունը, ՀԱԿ-ը կարտահայտի հստակ դեմ դիքորոշում: «Ես կարող եմ մեր` ՀԱԿ-ի մասով ասել, որ մեզ ոչ մի ծրագիր, կառավարության կազմ չի հետաքրքրում: Սերժ Սարգսյանի կողմից ներկայացրած որեւէ ծրագիր եւ կառավարության կազմ մեզ համար ընդունելի չեն»,-նշեց նա: «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը եւս պնդում էր. «Որեւէ բան բացառել չի կարելի: Այս դեպքում բացառելու խնդիր չեմ տեսնում»: Այլ մանրամասներ հայտնելուց, Պողոսյանը հրաժարվեց. «Քանի որ Քառյակի աշխատանքները, նիստերը փակ են, ապա որեւէ տեղեկություն մեր քննարկվող հարցերի մասին չի հայտնվում մասնակիցների կողմից, բացի հյուրընկալող կողմից: Երեկ Արմեն Ռուստամյանը տեսակետ է արտահայտել, թե ինչ է քննարկվել, ավելացնելու որեւէ բան չունեմ»: Երեկ ՀՅԴ-ն եւս հայտարարեց, որ մաս չի կազմում իշխող կոալիցիային:
ՕԵԿ-ը հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Թեեւ այս կուսակցությունը դեռ պատրաստակամություն չի հայտնել Քառյակի հետ համագործակցելու առումով, այնուամենայնիվ, կա մեկ ուշագրավ հանգամանք. ՕԵԿ-ը կոալիցիա գնաց մարտի մեկի նախօրեին, ըստ էության, այդպես հիմքեր ստեղծելով այդ ոճրագործության իրականացման համար: Ուստի, հիմա դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս կընդունի Քառյակը՝ մասնավորապես ՀԱԿ-ը ՕԵԿ-ին, հատկապես, երբ վերջինիս ընդդիմադիր լինելու հարցում շատ շատերը լուրջ կասկածներ ունեն: «Ես ձեզ մի բան կխնդրեմ` մի շտապեք գնահատականներ, եզրակացություններ անելուց»,- երեկ ասաց Արամ Մանուկյանը:
ՕԵԿ-ի հետ համագործակցելու վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Միանասյանն էլ ասաց, որ ժամանակը ցույց կտա եւ համագործակցությունը պայմանավորված է նրանով, թե ՕԵԿ-ն ինչ դիրքավորում կունենա քաղաքական դաշտում: Հարցին, թե հավատո՞ւմ է ՕԵԿ-ի անկեղծությանը, Արծվիկ Մինասյանն ասաց.«Ես եթե ՕԵԿ-ի անկեղծությանը հավատայի, կլինեի ՕԵԿ-ի անդամ, բայց ես դաշնակցական եմ, չէ՞»:
Հ.Գ. Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «հրաշալի քառյակ»-ի՝ նախօրեի նիստը բավականին թեժ է ընթացել՝ մասնավորապես ԲՀԿ-ականները ՀՅԴ-ից պահանջել են հստակ պատասխան տալ՝ գնո՞ւմ են իշխող կոալիցիա, կամ վերցնո՞ւմ են որեւէ պաշտոն, թե՞ ոչ»:

ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՎԱՐԴԱՆԻԿՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱ՞Ր

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շրջապատը սկսել է շրջանառության մեջ դնել տեղեկություն, թե մոտ ապագայում Վարդանիկին պաշտոն են տալու: Ընդ որում, ընտրության հնարավորությունը բավականին լայն է՝ մարզպետից մինչեւ նախարար:
Իսկ իրենց հումորով հայտնի գյումրեցիները կատակում են, որ Վարդանիկին ամենահարմարը առողջապահության նախարարի պաշտոնն է, քանի որ նա ոլորտին հոգեբանորեն ներսից է ծանոթ:

 

ԴՈՒՐՍԸ ՏԺՎԺԻԿ, ՆԵՐՍԸ ՏԺՎԺԻԿ

Կառավարության մուտքի մոտ տեղի ունեցող տարաբնույթ ակցիաներին երեկ գումարվել էր դեռեւս նախադեպը չունեցող եւս մի նախաձեռնություն: Քաղաքացի Սուսաննա Մարգարյանը սպիտակ մուկ էր բերել` այդ կերպ ողջունելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս դեպքից հետո ոստիկանները հետապնդում են կնոջը: Այդ մասին armlur.am-ի հետ զրույցում պատմեց Տիկին Սուսաննան. «Այժմ էլ նրանք տան դիմացն են»: Նա ակնհայտ վախեցած ձայն ուներ եւ մեզ հետ զրույցի ընթացքում չէր կարողանում զսպել հուզմունքը: armlur.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեց, որ Սուսաննա Մարգարյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել` հասարակական կարգը խախտելու համար: Տեղեկացանք նաեւ, որ կնոջը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

 

«ԴԵՄ ԵՄ»-Ը ԳՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ

Այսօր՝ ժամը 19:30-ին, «Դեմ եմ» նախաձեռնությունը ՀՀ նախագահի նստավայրի` Բաղրամյան 26-ի դիմաց ակցիա է անելու։ «ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաեւ Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում է, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»,-այս մասին հայտնում է նախաձեռնության մամլո ծառայությունը:




Լրահոս