ԼԱՎԱՆԴԱՅԻ ԱՐԱՅԻԿՆ ՕԵԿ ՇԱՐՔԵՐ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իր` ՕԵԿ-ում եղած տարիներին չի նկատել, որ ՀՀԿ-ն, որպես կոալիցիոն գործընկեր, հաշվի չառնի իրենց տեսակետը:

-Պարոն Հայրապետյան, Ձեր կարծիքով, ինչու ՕԵԿ-ը որոշեց դուրս գալ կոալիցիայից եվ դառնալ ընդդիմություն:
-Ճիշտն ասած, ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ վաղուց է, ինչ ես իրենց շարքերում չեմ, դրա համար ես կոնկրետ պատճատներ, ինչ-որ եզրակացություններ չեմ կարող անել: Նորմալ գործընթաց է, ու կարծում եմ՝ ինչ-որ ահավոր բան չի պատահել:
-Այս օրերին տարածված տեսակետի համաձայն` ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի՝ կոալիցիայից հեռանալու միակ պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը նրան չնշանակեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Ճանաչելով Ա. Բաղդասարյանին, ինչ եք կարծում, իսկապե՞ս նա հանուն պաշտոնի է նման որոշում կայացրել:
-Ես էլ եմ նման տեղեկություններ լսել մամուլից, բայց հստակ որեւէ բան չեմ կարող ասել, միայն կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել 3 նախարարների՝ կուսակցությունից հրաժարականի վերաբերյալ: Կարծում եմ՝ նախարարները ճիշտ են վարվել, որովհետեւ նախարարը պետական աշխատող է ու չի կարող իշխանական պաշտոնը զբաղեցնելով լինել ընդդիմադիր: Ես դրական եմ դա համարում, քանի որ, ասենք՝ այսօր առավոտյան նախարար ես աշխատում, պետական ծրագրեր ես իրականացնում, իսկ երկու ժամ հետո դառնում ընդդիմություն, դա անհասկանալի երեւույթ է: Ու արդյոք նախարարները կշարունակեն պաշտոնավարել, թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց իրենց որոշումը կարծում եմ՝ ամենաճիշտն էր: Ես ինչքան այս տարիների ընթացքում հասկացել եմ, բոլորն էլ ցանկանում են մեծ պաշտոններ. միայն այդ դեպքում կկարողանաս քո ծրագրերն իրագործել:
-ՕԵԿ-ականները հայտարարել են, որ անցած 6 տարիների ընթացքում իրենց նախկին կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ն ՕԵԿ-ի տեսակետը հաշվի չի առել եւ հաճախ միանձնյա որոշումներ է կայացրել: Նախկինում, երբ Դուք ՕԵԿ շարքերում էիք, նման բան նկատե՞լ եք Հանրապետական կուսակցության կողմից:
-Ես նման բան առաջին անգամ եմ լսում, որովհետեւ իմ՝ ՕԵԿ-ում լինելու ժամանակ, նման բան չեմ նկատել: Մերոնք շատ լավ ծրագրեր էին իրականացնում, շատ նոր բաներ էին անում, առաջարկություններ էին ներկայացնում ու բոլորն էլ` նույն Հանրապետական կուսակցությունը, միաձայն պաշտպանում էին մեզ պառլամենտում: Ու ես չեմ հիշում դեպք, որ մի հանրապետական, որպես կոալիցիոն անդամ, հաշվի չառներ ՕԵԿ-ի տեսակետը:
-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ ՕԵԿ-ը նման որոշում կայացրեց, ինչո՞ւ դարձավ ընդդիմություն:
-Երեւի թե պարզ էր, էլի… դե արդեն հայտարարել են, որ փոխվել է ՀՀ վարչապետը, փոխվելու է ԱԺ նախագահը, երեւի թե ծրագրերը չեն համապատասխանում իրար: Ես մի անգամ էլ եմ հայտարարել, որ իրենք մեկ անգամ եւս բարձր իշխանությունը թողել են՝ ԱԺ նախագահից դարձել են ընդդիմություն, կարծում եմ՝ սա նորմալ բան է, պետք է սպասելի լիներ ու եղավ: Իրենց հայտարարությունն ինչ-որ չափով սպասելի էր ստեղծված իրավիճակում:
-Ի՞նչ եք կարծում, ՕԵԿ-ը կկարողանա լավ ընդդիմություն լինել եւ Ձեր գնահատմամբ` արդյոք կքննադատի՞ Սերժ Սարգսյանին:
-Ես չեմ կարող դա ասել, քանի որ դեռեւս որեէ բան հստակեցված չէ, չեմ հասկանում` իրենք ում են միանալու, որն է լինելու իրենց գործունեությունը: Այսինքն՝ անհայտ է իրենց անելիքը, ինչի պատճառով էլ շատ դժվար է ինչ-որ ենթադրություններ անել, հասկանալ, թե ՕԵԿ-ն ինչպիսի ընդդիմություն է դառնալու: Կարծում եմ՝ դեռեւս պետք է սպասել, հստակություն կմտցնեն, այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ինչ է լինելու:
-Հնարավո՞ր է Ձեզ տեսնեք ընդդիմադիր ՕԵԿ-ի շարքերում:
-Ե՞ս… ես միշտ հայտարարել եմ, որ ՀՀ գործարարները իրավունք չունեն լինել ընդդիմություն, մենք ապրում ենք, աշխատում ու հարկեր ենք վճարում պետությանը ու մենք իրավունք չունենք լինել ընդդիմադիր դաշտում: Այն պահին, երբ ես կհրաժարվեմ իմ բիզնեսներից, դրանք կվաճառեմ, միգուցե այդ ժամանակ կմտածեմ դրա մասին: Ես չեմ ընդունում, որ բիզնեսմենը, որն աշխատում է այս օրենսդիր դաշտում, լինի այս իշխանությանը դեմ: Եթե դու դեմ ես, ուրեմն մի արա այդ բոլորը, կամ ընդհանրապես թող գնա: Ես չեմ ընդունում, որ բիզնեսմենն իրավունք ունի լինել ընդդիմադիր:
-Իսկ այժմ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք ՕԵԿ-ի հետ, որեւէ կապ ունե՞ք:
-Բացարձակ, զուտ ընկերներիս հետ եմ հանդիպումներ ունենում, քանի որ ես այնտեղ շատ ընկերներ ունեմ, իսկ ես բոլոր կուսակցություններում էլ շատ լավ ընկերներ ունեմ, զուտ այդքանը:
-Այսօր շատերը կանխատեսում են, որ եթե ՕԵԿ-ականները շարունակեն լքել կուսակցությունը, այն «կփլուզվի»: Ի՞նչ եք կարծում, նման բան հնարավո՞ր է:
-Չեմ կարող ասել, քանի որ ինքը մի 2 տարվա կուսակցություն չէ, դրա համար հստակ բան չեմ կարող ասել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՕԵԿ-Ը ԴԵՌ ՉԻ ԱՍԵԼ «ՏՂԱՄԱՐԴՈՒ ԻՐ ԽՈՍՔԸ»

ՕԵԿ-ը հայտարարել է ընդդիմադիր դաշտ անցնելու իր որոշման մասին, սակայն դեռ չի կողմնորոշվում` պահանջելո՞ւ է Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե` ոչ:

«Ապրիլի 25-ին Արթուր Բաղդասարյանն ասուլիս է հրավիրելու եւ կտա բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: Ոչ մի հարց չի մնա առանց պատասխան»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես պատասխանեց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը՝ հստակ ոչինչ չասելով: Թերեւս արժե հիշել, որ ՕԵԿ-ը Ռոբերտ Քոչարյանին էլ երբեք մի կծու կամ թթու խոսք չասաց, երբ վերջինիս նախագահության ժամանակ կրկին դուրս եկավ կոալիցիայից եւ հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին: Այն ժամանակ էլ ՕԵԿ-ը քննադատության թիրախ չդարձրեց նախագահ Քոչարյանին՝ փոխարենը սլաքներն ուղղեց այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության ուղղությամբ: Ստացվում է, որ ընդդիմադիր ՕԵԿ-ի համար նախագահներին քննադատելը փակ թեմա է, արգելված է այդ մասին խոսել: Հարկ է նշել, որ ցանկացած ընդդիմադիր ուժ ձգտում է իշխանության եւ հետեւաբար որպես առաջնային թիրախ դա նախագահի ինստիտուտն է, մինչդեռ ՕԵԿ-ի պարագայում անհասկանալի է, թե այս ուժն ինչ է պատրաստվում առաջիկայում անել: Այս հարցերի շուրջ փորձեցինք ճշտել նաեւ ՕԵԿ-ական պատգամավորների տեսակետները, սակայն ողջ օրվա ընթացքում ՕԵԿ-ական պատգամավորների հետ չհաջողվեց խոսել: Ամեն դեպքում, ապրիլի 25-ը սարերի հետեւում չէ, եւ մյուս շաբաթ կլսենք ՕԵԿ-ի ընդդիմադիր ճառընտիրը:
ՕԵԿ-ի մամուլի խոսնակից տեղեկացանք նաեւ, որ հայտնի են նաեւ իրենց երկու փոխմարզպետերի ճակատագրերը: Կոտայքի փոխմարզպետ Ալբերտ Մանուկյանը դիմում է գրել ՕԵԿ-ից դուրս գալու մասին, իսկ Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից` մնալով կուսակցության շարքերում: Փաստորեն ՕԵԿ-ի կադրային քաղաքականությունը երկրորդ էշելոնում ավելի հաջողված է եղել, քան նախարարների պարագայում, երբ ՕԵԿ նախարարները «համերաշխ» դուրս եկան կուսակցությունից: Զավեշտալի զուգադիպությամբ, վերջիններս մի գիշերվա մեջ մտել էին ՕԵԿ եւ նույն օրինաչափությամբ էլ մի գիշերվա մեջ դուրս եկան կուսակցությունից:
«Հիմա մենք քննարկեցինք նախարարների՝ կուսակցությունից դուրս գալու հարցը եւ քաղաքակիրթ ճանապարհով միմյանցից բաժանվել ենք: Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը, ինքն է որոշում գնալ այդ ճանապարհով, թե չգնալ այդ ճանապարհով, ես զերծ կմնամ որեւէ այլ մեկնաբանությունից: Մի քանիսը կգնան, մի քանիսը կգան, սա նորմալ երեւույթ է»,- ասաց Միսակյանը:
Հ.Գ. Մնում է սպասել եւ տեսնել, թե ՕԵԿ-ը կկարողանա կրկին ընդդիմություն խաղալ, կհաջողվի՞ նույն գետը մի քանի անգամ մտնել ու չոր դուրս գալ:

ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-Ի ԸՆՏՐՅԱ՞ԼԸ
ԲՀԿ-ն այս օրերին պատգամավորության թեկնածուի փնտրտուքի մեջ է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թիվ 25 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Դավիթ Քոչարյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն ցանկանում է այնտեղ կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրել: Ավելին՝ մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն ներքին պայմանավորվածություն ունի, որ այդ ընտրատարածքը մնալու է իրեն, եւ ՀՀԿ-ն այնտեղ չի խառնվելու: Սակայն ԲՀԿ-ականները դեռ չեն կողմնորոշվել, թե ում են առաջադրելու: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ոչ մի բան ասել չեմ կարող: Հենց տեղեկատվություն լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»:

 

ԳԱՂՏՆԻ ԳՆՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ տեւական ժամանակ է` կառավարության պաշտոնական կայքում չի թարմացվում «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժինը: Այնինչ, հենց այս բաժնում են ամենահետաքրքրական տեղեկությունները, օրինակ` թե ովքեր են այն երջանիկները, որոնցից պետական մարմինները կատարում են իրենց գնումները, ովքեր են 100 դրամանոց մալուխը պետության վրա 1500 դրամ վաճառողները: Եվ հիմա այնպիսի տպավորություն է, որ կառավարության փոփոխությունից հետո կամ պետական գնումներ չեն իրականացվում, կամ նոր կառավարությունը թաքցնում է փաստաթղթերը: Երկրորդ տարբերակը, թերեւս, ամենահավանականն է, քանի որ Հովիկ Աբրահամյանը չի սիրում հրապարակայնություն եւ աշխատում է եղածն էլ աչքից հեռու պահել:

 

ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԵՎ ՀԵՐՔԵՑ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Եվրաինտեգրացիայի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանի՝ նախօրեին արված հայտարարությանը, որ Հայաստանն ապրիլի 29-ին պատրաստվում է ստորագրել ՄՄ-ին անդամակցելու փաստաթուղթը, իսկ երեկ էլ հերքել է իր ասածը, նշեց. «Ես ընդհանրապես Մաքսային միության հետ կապված այս ողջ գործընթացը չեմ համարում նորմալ, ուստի սա եւս բացարձակապես տեղավորվում է այս գործընթացի մեջ»: Միայն թե հետաքրքիր է` ՄՄ անդամակցությունը ոչ նորմալ համարելը տիկին Զոհրաբյանի անձնական կարծի՞քն է, թե՝ ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը:

 

ԷԺԱՆ ԶԱՏԻԿ
ՏՄՊՊՀ-ն ՀՀ ձվի արտադրությամբ ու ներկրմամբ զբաղվող ընկերություններին զգուշացրել է, որ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ անհիմն գնային բարձրացումներ թույլ չտան: Ավելին՝ ձվի շուկայում Հանձնաժողովն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ խստացված հսկողություն է սահմանել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից. «Մենք դեռ մի շաբաթ առաջ ենք խստացված վերահսկողություն սահմանել, բոլորին զգուշացրել ենք, որ զերծ մնան անհարկի գնային բարձրացումներից, այլապես խիստ պատասխանատվության կենթարկվեն»:




Լրահոս