ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՒՂԱԿ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ժամանակավորապես կասեցնել ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով պայմանավորված տույժերի հաշվարկը: Ավելին՝ կառավարությունը պատրաստվում է ապրիլի 28-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկել համապատասխան օրենքի նախագիծ, որով մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը ԱԺ-ի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Կառավարության կողմից նման նախաձեռնությունն, իհարկե, անհրաժեշտություն էր, ավելին՝ տրամաբանությունը հուշում է, որ գործադիրն այս քայլին պետք է դիմեր շատ ավելի վաղ: Այլապես, անտրամաբանական է, երբ մի կողմից՝ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, մյուս կողմից՝ հակասահմանադրական օրենքը «խախտողները» տուգանվում են:
Հովիկ Աբրահամյանի այս քայլը, սակայն, սեփական PR-ն ապահովելուց բացի, նաեւ քաղաքական ենթատեքստ ունի. շախմատային լեզվով ասած` սա գայթակղիչ նուրբ ծուղակ է: Ինչպես հայտնի է` «հրաշալի քառյակ»-ի պահանջների թվում է նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը վերացնելը: Հիմա կառավարությունն իր այս քայլերով փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենք գնում են ընդդիմությանն ընդառաջ, պատրաստ են զիջումների, միայն թե` Քառյակը ձեռք քաշի իշխանություններին քննադատելուց: Եթե Քառյակը համաձայնվի այս խաղին ու հրաժարվի նախօրոք հայտարարած հանրահավաքային պայքարից, ապա կգնա ինքն իրեն վարկաբեկելու ճանապարհով: Արդյունքում իշխանությունը հնարավորություն կստանա երկարաձգել պաշտոնավարումը` ժամանակն օգտագործելով սեփական ուժերը վերականգնելու ու դիրքերն ամրապնդելու համար, որից հետո արդեն Սերժ Սարգսյանը կանցնի հակահարձակման:
Սա, ի դեպ, բավականին ծանոթ գործելաոճ է. 2011թ. գարնանը, երբ ՀԱԿ-ը սկսեց հանրահավաքային լայն շարժում, իշխանությունները գնացին ընդդիմությանն ընդառաջ. ազատ արձակեցին քաղբանտարկյալներին, հանրահավաքների համար բացեցին Ազատության հրապարակը, նույնիսկ` երկխոսություն սկսեցին ընդդիմության հետ: Երկխոսություն, որը հասարակության որոշ շերտերի կողմից այնքան էլ լավ չընկալվեց: Ինչ-որ պահի, երբ իշխանությունը պետք է սկսեր քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, հանկարծ ինչ-որ պահի ամեն ինչ «շուռ եկավ» եւ երկխոսությունը դադարեցվեց: Արդյունքում ընդդիմությունը հայտնվեց խաբված վիճակում` կորցնելով նաեւ որոշակի ընտրազանգված ու հեղինակություն: Իսկ իշխանությունը հնարավորություն ստացավ երկարաձգել իր պաշտոնավարումը` այդ ընթացքն օգտագործելով սեփական դիրքերի ամրապնդման համար: Նույն սցենարը սպասվում է նաեւ հիմա, ուստի մնում է` Քառյակը չխաբվի այս գայթակղությամբ: Այդ կապակցությամբ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի կարծիքով՝ խնդիրը համալիր լուծում է պահանջում, մասնակի լուծումը չի փրկի իշխանություններին, ուստի` իշխանություններին չի հաջողվի այդպես սիրաշահել ընդդիմությանը:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. որքան էլ իշխանությունները հայտարարեն, թե պատրաստ են զիջումների, սա չի նշանակում, որ զիջումների արդյունքում բավարարվելու են Քառյակի կամ «Դեմ եմ»-ի պահանջները: Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու օրը ՀՀԿ նիստում հստակ հայտարարեց. «Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են. նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը»: Ինչպես նկատեցիք` խոսքը ոչ թե կենսաթոշակային բարեփոխումների, այլ` հենց պատադիր կենսաթոշակային համակարգի ներդրման մասին է: Ու հիմա այսքանից հետո առնվազն միամտություն կլինի մտածել, որ Հովիկ Աբրահամյանը կարող է խուսափել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց: Այնպես որ, այս առումով նրա բոլոր քայլերն ընդամենը ժամանակ ձգելու եւ կրքերը հանդարտեցնելու համար են: Բացի այդ, միայն տուգանքները եւ տույժերը կասեցնելը ոչ թե բերելու է հարցի որոշակի լուծման, այլ ուղիղ հակառակը` ավելի է խճճելու իրավիճակը, քանի որ կրկին անորոշ են մնում թե՛ գործատուներին ներկայացված պարտադիր պահումների հարցը, թե՛ հարկային էլեկտրոնային հաշվետվությունների ձեւաչափը, թե՛ ֆոնդային կառավարիչների ընտրության խնդիրները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

Ո՞Վ Է ՍՏՈՒՄ
Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության «Ենթավարկեր» բաժնում նշված էր, որ 2012թ. նոյեմբերի 7-ին «Ավթանդիլ Հարությունյան» ՍՊԸ-ին տրամադրվել է 18 հազ. ԱՄՆ դոլար վարկ` ավտոլվացման կետի եւ հացաբուլկեղենի արտադրամասի կառուցման նպատակով: Սակայն ՎՊ հաշվետվության համաձայն՝ «Տեղում կատարված այցելությամբ պարզվեց, որ առկա էր ընդամենը կիսակառույց շինություն, որն այդ պահին չէր ծառայում ո՛չ որպես հացաբուլկեղենի արտադրամաս, ո՛չ էլ` որպես ավտոլվացման կետ»: ՍՊԸ տնօրեն Ավթանդիլ Հարությունյանը, սակայն, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդում էր, որ իրենց մասով ՎՊ հաշվետվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ինչ վերաբերում է նրան, թե այդ կառույցները չեն գործում եւ այլն, եւ այլն…, այդ կառույցները, փառք Աստծո, այսօր աշխատում են, եւ ես մարդկանց աշխատատեղով եմ ապահովում»,- ասաց նա:

 

ԱՐՏԱԳԱՂԹԻՑ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանի բոլոր համայնքներում սպասվում են լուրջ օպտիմալացումներ: Բանն այն է, որ հուլիսի 1-ից բարձրացվելու է նվազագույն աշխատավարձը, իսկ կառավարությունը չի սուբսիդավորելու եւ չի փոխանցելու ավելացված գումարները: Տեղական տուրքերից գոյացած համայնքային բյուջեից էլ հնարավորություն չկա վճարել այդ ավելացված աշխատավարձերը: Արդյունքում համայնքապետարանները ստիպված են դիմել կրճատումների: Իսկ գյուղապետարանների ու քաղաքապետարանների աշխատակիցների թիվը որոշվում է՝ ելնելով տվյալ համայնքի բնակչության թվաքանակից: Ու հիմա, որքան նվազում է բնակչությունը, այդքան նվազեցվում է համայնքապետարաններում աշխատողների քանակը, իսկ բնակչության թվաքանակը նվազում է արտագաղթի պատճառով: Եվ այս փաստն ուշագրավ է այնքանով, որ իշխանություններն ամեն կերպ հերքում են, որ երկրում ահռելի չափերի արտագաղթ կա, բայց մյուս կողմից՝ իրենց քայլերը վկայում են հակառակի մասին:

 

ԼԱՐՎԱԾ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Մինչ նախարարների պաշտոնակատարները համակերպվել են իրենց ճակատագրերի հետ եւ լուռ սպասում են կամ իրենց ազատման, կամ վերանշանակման հրամաններին, ապա նույնը չի կարելի ասել կառավարության աշխատակազմի մյուս օղակների պաշտոնյաների մասին: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մոտ է հավաքել կառավարության աշխատակազմի վարչությունների պետերին եւ հորդորել՝ շարունակել իրենց բնականոն աշխատանքը: Սակայն աշխատանքային հանդիպման ժամանակ նա չի խոսել նոր նշանակումների մասին: Չնայած սրան, վարչությունների պետերը շարունակում են մնալ սպասողական եւ լարված վիճակում: Քանի որ դեռ անհայտ է, թե նորանշանակ վարչապետն իրենց հետ ինչպես կվարվի:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԼԻՆԻ
Անդրադառնալով ՌԴ քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների ազդեցությանը Հայաստանից մարդկանց արտահոսքի վրա` Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը NEWS.am-ին ասել է. «Եթե քաղաքացիություն ստանալն ուղեկցվի մշտական բնակության վայրը փոխելու հետ, ապա դա իսկապես սպառնալիք կլինի: Տվյալ դեպքում խոսքը քաղաքացիությունը եւ բնակության վայրը փոխելու մասին է, դա, իհարկե, բացասաբար կազդի Հայաստանի վրա: Դա կդառնա արտագաղթին նպաստող գործոն»,- նշել է Եգանյանը:

 

ԲԱՆՏԻՑ ԷԼ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ
Անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան է մտել «Ազատամարտիկներին արժանապատիվ կյանք» գրությամբ թուղթը ձեռքին: Դատարանի դահլիճում հավաքված ազատամարտիկներն արձագանքել են ծափողջույններով: Հիշեցնենք, որ Վ. Ավետիսյանը տեւական ժամանակ է` պայքարում է ազատամարտիկների սոցիալական կարգավիճակի բարելավման համար:

 

ԱԱԾ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ
NEWS.am-ի փոխանցմամբ` քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը տեղափոխվել է ԱԱԾ վարույթ: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Թեւոսիկի եղբորը): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանվել էր նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու անհրաժեշտությամբ:

 

ՕԵԿ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ
«ՕԵԿ-ի դուրս գալն իշխող կոալիցիայից ինչ-որ չափով ձեռնտու էր նաեւ ՀՀԿ-ին, «հրաշալի քառյակ»-ը չի քննադատելու Հովիկ Աբրահամյանի կառավարությանն այնպես, ինչպես Տիգրան Սարգսյանին էր քննադատում, եւ ՕԵԿ-ը սկսելու է ուժեղ քննադատել նոր կառավարությանը եւ մատնանշել բացթողումները, որովհետեւ նոր ձեւավորվող կառավարությունը լուրջ օպոնենտներ չի ունենալու»,-նման կանխատեսում է արել Տիգրան Սարգսյանի նախկին օգնական, «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը:

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ ԿԶՐԿԵՆ
Հուլիսի 1-ից պետական պաշտոնյաների եւ քաղծառայողների աշխատավարձերի նախատեսված բարձրացումը կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել առանց այդ էլ ներկա վճարումները մեծ դժվարությամբ ապահովող կառավարության համար: 168.am-ի տեղեկություններով` չի բացառվում անգամ սեկվեստորի (բյուջետային ծախսերի կրճատում) իրականացումը: Ըստ կայքի` առաջիկայում Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է կոչով դիմել ԱԺ պատգամավորներին, նախարարներին եւ փոխնախարարներին` առաջարկելով կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձերի բարձրացումից: Մոտավոր հաշվարկներով՝ աշխատավարձերի բարձրացումից կարող է հրաժարվել շուրջ 200 պաշտոնյա, իսկ տնտեսված գումարի չափը կկազմի ամսական 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Աղբյուրի փոխանցմամբ` պատգամավորների մեծ մասը, նույնիսկ՝ ՀՀԿ-ականները, դեմ են այս գաղափարին՝ մտահոգություն ունենալով, որ Աբրահամյանն իրենց աշխատավարձը կարող է ծախսել իր անձնական գյուղատնտեսական գործունեության ֆինանսավորման համար:




Լրահոս