ԴԱՎԱՃԱՆ, ՎԱՃԱՌՎՈՂ ՈՒ ՁԱՆՁՐԱԼԻ. ՕԵԿ-Ը «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հրապարակած հերթական փաստաթղթերը պատմում են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին: Այդ շարքում արժանահիշատակ են ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկված այն զեկույցները, որոնք հեղինակել են ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատարներ Ա.Գոդֆրեյն ու Ջ.Փենինգտոնը: Առաջինը պատմում է 2007թ. ապրիլին տեղի ունեցած սկանդալի մասին, երբ Բաղդասարյանը հանդիպել էր բրիտանացի դիվանագետներին եւ քաղաքական վիճակի շուրջ զրույց ունեցել, ինչը Ռ.Քոչարյանի կողմից բնորոշվել էր որպես դավաճանություն: Իսկ ահա Փենինգտոնը պատմում է 2008թ. փետրվարյան իրադարձությունների մասին, երբ Բաղդասարյանը դեռ ընդդիմադիր էր եւ կոկորդ էր պատռում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի:

Այսպես. Գոդֆրեյի տեղեկացմամբ՝ 2007թ. ապրիլի 27-ին Ռոբերտ Քոչարյանը, տեղական համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ արտահայտվելով Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետների հանդիպման մասին, ասել էր. «Ես չեմ ուզում օգտագործել իրավական տերմիններ: Ինձ համար սա իսկական դավաճանական արարք է»: Քոչարյանը հավելել էր նաեւ, որ թեպետ ՀՀ կառավարությանը շատերն են դիմում, նման քաղաքական գործչի՝ ընտրություններին մասնակցելու անթույլատրելիության համար, այդուհանդերձ, իրենք հակադարձ քայլեր չեն անելու: Փաստորեն` Քոչարյանի ուսերին իջել էր «մարդասերի» թափանցիկ քողը եւ նա անկարող էր «թույլ չտալ յուրաքանչյուր ընտրողի ինքնուրույն որոշելու քաղաքական ուժերի հայրենասիրությունն ու արժանիությունը»:
Ամերիկացի դիվանագետը հայտնում է, որ իրենք անձամբ Քոչարյանի հետ են քննարկել այս դեպքը, երբ վերջինս ձայնագրության հրապարակայնացման մեջ մեղադրել է Ա. Բաղդասարյանի` այն ժամանակվա արտաքին քաղաքականության գծով օգնական Տիգրան Մկրտչյանին, ով ներկա է եղել սկանդալային հանդիպմանը: Քոչարյանը կրկին անցել է «ուչաստկովիի մակարդակի» իր բացահայտումներին եւ միանգամից եզրակացրել, որ հավանաբար նույն Մկրտչյանը դժգոհ է եղել կուսակցական ընտրացուցակում իրեն հատկացված տեղից, ինչի համար էլ ձայնագրել է զրույցն ու հրապարակել:
Ինչ վերաբերում է նման գնահատականի արժանացած Արթուր Բաղդասարյանին, ապա Քոչարյանի հայտարարություններին ի պատասխան նա հայտնել էր, որ ոչ թե ինքն է դավաճանը, այլ բոլոր նրանք, ովքեր կեղծում են ընտրությունները եւ անարգում հայրենիքը. «Սա ոչ միայն Սահմանադրության եւ օրենքների խախտում է, այլեւ՝ բարոյական նորմերի»,- նշել էր ՕԵԿ նախագահը: Հետաքրքիր է՝ ի՞նչ բարոյական նորմեր էին պատել Բաղդասարյանին 2008թ.-ից սկսած, երբ գովաբանում էր երկրում անցկացված տեղական ու համապետական ընտրությունները, որոնք նախորդներից տարբերվում էին, թերեւս, միայն նրանով, որ ավելի վատն էին: Միթե բարոյական նորմի անարգում չէ, երբ, ընտրությունները կեղծված հայտարարելով, սեղմում ես նույն կեղծողի ձեռքը, ընդունում նրա նետած պաշտոնը եւ լծվում բացառապես սեփական շահերի բավարարմանն ու հարստություն դիզելուն: Թե՞ այսօր կրկին վերագտել են իրենց բարոյական նորմերը ու Սերժ Սարգսյանին ուղղված «ջերմագին» շնորհակալություններով ընդդիմություն ինքնահռչակվելով՝ ազնվանալու են եւ մաքրվելու:
Ի դեպ, ՕԵԿ-ականներն այսօր այնպիսի պաթոսով են խոսում իրենց դերի, չեղած կոալիցիան լքելու մասին, կարծես ոչ 2004թ. ապրիլի 12-ի գիշերն էին մասնակցել Բաղրամյան պողոտայում ժողովրդի նկատմամբ դաժան հաշվեհարդարին, ոչ էլ 2008թ. մարտի 1-ի սպանդի իրագործման մեջ էին ունեցել խայտառակ դերակատարություն: Կարելի է վստահորեն պնդել, որ ՕԵԿ-ը կամ ունենալու է այն կուսակցությունների ճակատագիրը, որոնք կողպված գրասենյակից բացի ոչնչով հայտնի չեն, կամ էլ մի քանի հայտնի դհոլների ապագան, երբ խորհրդարանում կհայտնվեն ՀՀԿ ընտրացուցակում: Թեպետ վերջին հնարավորությունը բավականին մշուշոտ է՝ հաշվի առնելով այն վարկածը, որ ՕԵԿ-ն իր անսկզբունքային կեցվածքով հազիվ թե դուրս եկած լինի կամովին: Նրանց եւ Սերժ Սարգսյանի՝ վերջերս կայացած հանդիպման կադրերը ուշադիր դիտելիս տեսնում ենք, թե ինչպես է վերջինս վերաբերվում այս կուսակցությանը, ուստի առավել հավանական է, որ ՕԵԿ-ին պարզապես դեն են նետել, ինչպես տարիներ առաջ գուշակել էր ԱՄՆ գործերի մեկ այլ նախկին ժամանակավոր հավատարմատար Ֆիլիսը. «Բաղդասարյանի ու նրա կուսակցության մուտքը կոալիցիա շուտով ձանձրալի ու տհաճ կթվա իշխանություններին եւ այդ ժամանակ նրանք կվերադառնան իրենց հին տեղը՝ բողոքելով իշխող ռեժիմի անարդարությունից ու տիրող համատարած կոռուպցիայից»:
ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատարներից Ջոզեֆ Փենինգտոնը 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում կազմել է Արթուր Բաղդասարյանի մասին մի հաղորդում, որտեղ հեղինակը պատմում է դեռ «ընդդիմադիր» գործչի մասին: Հատկանշական է, որ ընտրություններից առաջ ամերիկացիներն այնքան էլ վատ չեն տրամադրված եղել ՕԵԿ ղեկավարի նկատմամբ, ինչի առհավատչյան հետեւյալ ձեւակերպումն է. «Թեպետ ընդդիմությունը վստահ է (մենք՝ նույնպես), որ Բաղդասարյանը 2003թ. արտոնությունների դիմաց իրեն վաճառել է Քոչարյանին ու Սարգսյանին, բայց եւ այնպես, իշող ռեժիմը նրա հանդեպ թշնամաբար է տրամադրված՝ կարծես այլեւս չվաճառվելու պատճառով»: Բավականին խոսուն է, որ Հայաստանի նախագահի աթոռին հավակնող գործչին ոչ միայն ժողովուրդը, այլեւ դիվանագետներն են համարել վաճառվող՝ նրա հանդեպ համապատասխան կարծիք ձեւավորելով:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՀՀԿ-ԱԿԱՆ Է ԴԱՐՁԵԼ ԸՆՏՐՎԵԼՈՒՑ 2 ՕՐ ՀԵՏՈ

Օրեր առաջ ՀՀ կառավարության նիստում վաղաժամկետ դադարեցվեցին Արարատի մարզի Նիզամի համայնքի ղեկավար Արտավազդ Դունոյանի լիազորությունները: Նշենք, որ մարտի 9-ին այս համայնքում տեղի էր ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ, ինչի արդյունքում ութ տարվա գյուղապետը չըվերընտրվեց: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ա. Դունոյանի հետ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ չվերընտրվեցիք:
-Սկսնակ գյուղապետերի համար դժվար է պաշտոնավարել: Բայց ես արդեն հունի մեջ էի ընկել, գիտեի գործը: Ընդամենը 35 ձայնով չվերընտրվեցի: Դե դա այդքան էլ էական չէ: Ամեն դեպքում ես ինձ համարում եմ հաղթած: Ուղղակի չցանկացա երկարացնել, իմաստ չուներ:
-Պարոն Դունոյան, փաստորեն 35 մարդ չվստահեց Ձեզ:
-Այո, այդպես է դուրս գալիս: Ես ութ տարվա աշխատանքային փորձ ունեմ, եթե պետք լինի կողքին կկանգնեմ: Չեմ զլանա: Կօգնեմ նոր գյուղապետին մինչեւ ինքն էլ ընկնի հունի մեջ:
-Դուք էլ եք ՀՀԿ-ական, նա՞ էլ:
-ՀՀԿ-ական ես եմ, բայց ինքը մինչ ընտրվելն անկուսակցական էր, իսկ ընտրվելուց երկու օր անց գնաց դարձավ ՀՀԿ-ական:
-Բայց լարվածություն կա՞ր Ձեր մեջ կամ երբեւէ եղե՞լ է:
-Ոչ մի լարվածություն: Ինչի մասին է խոսքը:
-Պարոն Դունոյան, պարտքերո՞վ եք հանձնելու գյուղապետի պաշտոնը:
-Չէ, զրոյականով հանձնելու եմ: 5 մլն դրամի չափով համայնքապետարանի բյուջեն է կազմում: Իսկ պետության կողմից տրված դոտացիան կազմում է մի 17 մլն դրամ, հազիվ հասցրել եմ տարին մեկ հատ գործ անեմ: Մանկապարտեզը հիմնովին վերանորոգեցի: Այսքան բանից հետո դեռ բյուջեում գումար կա:
-Ինչ խնդիր եք թողել Ձեզ հաջորդող գյուղապետին:
-Բուժկետ պետք է կառուցվի: Դա կիսատ թողեցի:
-Տխրո՞ւմ եք:
-Հակառակն՝ ավելի ուրախ եմ: Թող մարդիկ գան փորձեն, պապական չէ այդ պաշտոնը: Լավից լավն էլ կա:
-Հիմա ինչո՞վ եք զբաղվելու:
-Անասնապահությամբ: Մի ժամանակ զբաղվում էի, հիմա նորից ուզում եմ սկսել: Անասունների թիվն եմ ավելացնելու, ֆերմա եմ ստեղծելու:
-Գյուղապետի՞ պաշտոնն է եկամտաբեր, թե՞ անասնապահությունը:
-Գյուղապետի պաշտոնն ի՞նչ եկամտաբեր: Մարդիկ չեն կարողանում նույնիսկ իրենց ընտանիքներին պահեն: Խեղճ գյուղապետ, իհարկե ֆերմերի աշխատանքն ավելի եկամտաբեր է:
-Հաջորդ ընտրություններին կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը:
-Իմաստ ունի՞: Չէ, իմաստ չունի: Էս ութ տարվա մեջ գյուղում շատ բան փոխվեց:
-Շարունակելո՞ւ եք մնալ ՀՀԿ-ական:
-Իհարկե, շարունակելու եմ, կուսակցությունն ի՞նչ մեղք ունի: Առնետավազք չի լինելու, կուսակցությունից կուսակցություն չեմ վազելու:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՄԱՐԶԵՐ

«ՀԱՏՈՒԿ  ՕՐԵՆՔՆԵՐ ԵՆ»
150 աշխատող ունեցող Իջեւանի «Բենտոնիտ» գործարանը 2013թվականի նոյեմբերի վերջից չի աշխատում: Գործարանի կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը նախկինում մեզ հայտնել էր, որ ձեռնարկության պարապուրդի պատճառներն արագ կվերացվեն, եւ 2014թ. սկզբից գործարանը կսկսի արտադրանք թողարկել:Սակայն մինչ այժմ գործարանն արտադրանք չի թողարկում, միայն վարչական աշխատողներն են գործի գնում: Գործարանի շենքի առաջ խոշոր պարկերով դրված է ձեռնարկության արտադրանքը՝ բենտոնիտային կավերի փոշին: Այն ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվում է երկաթուղային «Այրում» կայարան, այնտեղից՝ Սեւ ծովի ափին գտնվող վրացական նավահանգիստներ, եւ ապա՝ Ռուսաստան: Մ. Թոփալյանը 2014թ. հունվարին մեզ հայտնել էր, որ լիցենզիա ձեռք բերելու հետ կապված աշխատանքների մեծ մասն արվել է, փետրվար ամսվա մեջ ընկերությունը լիցենզիա կստանա եւ կսկսի արտադրանք թողարկել: Շուտով ապրիլը կվերջանա, սակայն «Բենտոնիտ»-ն արդեն 5 ամիս է՝ պարապուրդի մեջ է: Մարտիրոս Թոփալյանին վերստին հարցրինք, թե ինչու գործարանը չի աշխատում: Նա էլ պատասխանեց. «Շատ շուտով կաշխատի, չգիտե՞ք՝ բյուրոկրատիա է, մինչ մեր նամակները նախարարություն են հասնում, նախարարությունից այստեղ, ժամանակ է անցնում: Բյուրոկրատական հատուկ օրենքներ են, բավականին երկար ժամանակ է տեւում լիցենզիա ստանալը՝ 6-8 ամիս»: Նախկինում գործարանի կոմերցիոն մենեջերը մեզ հավաստիացրել էր, թե գործարանը 10-15 օրից կստանա լիցենզիան, հետաքրքիր է` այդ ժամանակ նա տեղյակ չէ՞ր, որ դա երկարատեւ գործընթաց է: Բացի այդ, միթե հանքանյութի արդյունահանման համար լիցենզիա ստանալը այդքան բարդ գործընթաց է, չէ որ նախկինում «Բենտոնիտ»-ը հանքանյութի որոշակի քանակի համար լիցենզիա ունեցել եւ աշխատել է: Գուցե գործարանի չաշխատելու համար այլ պատճառներ կան, որոնց մասին Մարտիրոս Թոփալյանը չի ցանկանում բարձրաձայնել: Նկատենք, որ մինչ գործում են բյուրոկրատական օրենքները, «Բենտոնիտ»-ի շուրջ 100 աշխատակից պարապուրդի է մատնված:

 

ԴԵՌ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԵՆ
Այս տարվա մարտի 31-ի եւ ապրիլի 1-ի գիշերները Տավուշի մարզում ցրտահարություն եղավ: Դրանից տուժեց ծիրանենիներից, վաղահաս դեղձենիներից, պտղատու այլ այգիներից ակնկալվող բերքը: «Ժողովուրդ»-ը Տավուշի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Վաղինակ Սուքոյանից հետաքրքրվեց՝ արդյոք ցրտահարության պատճառած վնասները հաշվարկե՞լ են: Նա հայտնեց, որ հաշվարկն ընթացքի մեջ է. մարզի համայնքապետարանները պատճառված վնասի վերաբերյալ ակտերն ուղարկում են Տավուշի մարզպետարան: Ինչ վերաբերում է ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվելիք աջակցությանը, Վ. Սուքոյանն ասաց, որ գյուղատնտեսության նախարարության կողմից այդ տնտեսություններին տրվել է բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացու, «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամն էլ որոշ համայնքներում բաժանել է տնկիներ եւ խաղողի արմատակալներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս