ՋԵՐՄՈՒԿԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զբոսաշրջության կենտրոն համարվող Ջերմուկ քաղաքում վերջին տարիներին նվազել է ե՛ւ հանգստացողների, ե՛ւ բնակիչների թիվը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին Ջերմուկում գործող խանութների վաճառականները: Նրանց պնդմամբ՝ այս ամենի արդյունքում նվազել է նաեւ առեւտուրը: Սակայն ամենասարսափելին այն է, որ զբոսաշրջային կենտրոնի շատ բնակիչներ ստիպված են առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն անգամ ձեռք բերել ապառիկով:

Ջերմուկում արդեն երեք տարի գործող «Ցենտրալ» հյուրանոցն առաջիկայում վաճառվելու է: Պատճառն այն է, որ հանգստացողների թիվը կտրուկ նվազել է: «Բոլոր հարմարավետ պայմանները ստեղծված են, բայց ոչ ոք չի գալիս դուռը չի բացում: Դեռ ավելին՝ օրավարձերն էլ ենք ցածրացրել, միեւնույն է՝ չեն գալիս: Ամսվա մեջ հազիվ մեկ կամ երկու անգամ, այն էլ երկու օրով, գալիս են: Մենք էլ պատրաստվում ենք հյուրանոցը վաճառել, քանի որ չենք կարողանում այն պահել, ունենք վարկային մեծ պարտավորություններ: Ստիպված վնաս կրելով, եկամուտ չստանալով փորձում ենք պահել հյուրանոցը մինչեւ վաճառելը: Չնայած որ խոշոր չափի գումարներ ենք ներդրել»,-հուսահատված ներկայացրեց հյուրանոցի տնօրենը՝ Վահրամը:
Իսկ սպորտային հագուստի վաճառքով զբաղվող խանութի տնօրեն Ռազմիկը մտահոգվեց՝ նշելով, որ վերջին տարվա ընթացքում մի քանի մթերային խանութներ հասցրել են փակվել: «Մենք էլ միայն սեպտեմբեր ամսին ենք փոքր-ինչ առեւտուր ունենում: Վարկեր ունենք մարելու: Տարիներ առաջ առեւտուր կար, սրանով էինք ապրում, բայց հիմա շատ վատ է վիճակը: Քանի որ հենց քաղաքում էլ մարդ չկա: Չորս ամսվա մեջ մի հատ սպորտային հագուստ չեմ վաճառել»,-ափսոսանքով ասաց Ռազմիկը:
Իսկ տիկին Կարինեն, ով քսան տարի է, ինչ հագուստի վաճառքով է զբաղվում, բնակիչներին նույնիսկ խնդրում է, որպեսզի իրենից գոնե ապառիկ տարբերակով հագուստ գնեն: «Ուղղակի չգիտենք, թե ինչ անենք: Մարդ չկա: Տարեցտարի հետ է գնում: Այսօր կիրակի է, բայց այս պահին ափսոսում եմ, որ եկել եմ ու խանութը բացել: Սա էլ որերորդ կիրակին է՝ տասը դրամ չենք տեսել: Տեղացին ընդհանրապես առեւտուր չի անում այստեղից, իսկ եթե շփոթվի ու մտնի խանութ, ապա կամ միայն գուլպա է գնելու, կամ էլ՝ զուգագուլպա: Ուրիշ ոչինչ»,- ներկայացրեց տիկին Կարինեն:
Հագուստի վաճառքով զբաղվող առեւտրականները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք տարիներ շարունակ հագուստը ներկրել են Թուրքիայից եւ Չինաստանից, մինչդեռ հիմա առեւտրի նվազման պատճառով չեն կարողանում մեկնել այդ երկրներ: «Սիրիա էլ եմ գնացել, որովհետեւ այնտեղ ե՛ւ էժան էր ապրանքը, ե՛ւ մեզ մոտ լավ վաճառվում էր: Հիմա այդքան բավարար միջոց չունեմ, որ գնամ բերեմ, կամ բերեմ ինչպե՞ս իրացնեմ: Մարդիկ եթե նիսյայով առեւտուր անեն, կտամ: Դա էլ չեն անում: Չեք պատկերացնում, թե ինչքան վատ է մեր վիճակը»,-վրդովված պատմեց տիկին Կարինեն:
Սակայն ամենասարսափելին այն էր, որ ինչպես պարզեցինք քաղաքի դեղատներում կատարած մեր շրջայցի արդյունքում, ջերմուկցիների մեծ մասն իրենց համար անհրաժեշտ դեղամիջոցները դեղատներից ձեռք է բերում ապառիկ տարբերակով: Դեղատան աշխատակից տիկին Անահիտը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դեղի առեւտուրն անհամեմատ նվազել է: «Մարդիկ հիմնականում սրտանոթային դեղերն են նիսյայով գնում: Ճիշտ է, մարդ կա՝ ամիսներով չի կարողանում մարել պարտքերը, բայց դե` չես կարող չտալ»,-հոգոց հանելով ասաց դեղատան աշխատակիցը:
Իսկ մեկ այլ խանութի աշխատակից «Ժողովուրդ»-ի լրագրողին հարցրեց. «Դուք, որ Ջերմուկի փողոցներով քայլում եք, մարդ նկատո՞ւմ եք: Չկան: Աչքներս սառած նայում ենք, սպասում, որ մեկը շշկռվի ու մտնի այս փողոց, որ ուրախանանք: Ջերմուկում միայն մնացել են միայնակ թոշակառուները: Իրենք իրենց թոշակի չափով են պարտք անում՝ 15-20 հազար դրամի: Բայց կան նաեւ անհույս պարտքեր, որ չգիտենք` երբեւէ կմարվեն, թե ոչ: Այլ ելք չունենք, պետք է այսպես շարունակենք ապրել»:
Հ. Գ. Այս օրերին բոլորի քննադատության սլաքն ուղղված է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ, ով ձախողեց երկրի տնտեսությունն ու չիրագործեց իր խոստացած բազմաթիվ ծրագրերը: Սակայն կոնկրետ Ջերմուկի հետ կապված բազմիցս ամպագոռգոռ խոստումներով է հանդես եկել երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, ով քանիցս խոստացել է Ջերմուկը վերածել տարածաշրջանային զբոսաշրջային մայրաքաղաքի: Ի դեպ, այդ մասին խոստումների պակաս չկար ինչպես ՀՀԿ, այնպես էլ անձամբ Սերժ Սարգսյանի վերջին նախընտրական ծրագրերում:

ՍՅՈՒՆԷՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԱՐԵՎՈՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Ապրիլի 12-ին Իսրայելում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակաների առաջնությունում Հայաստանը կանանց պայքարում ներկայացնում էր երեք ծանրորդ։ 48 կգ քաշային կարգում Էլեն Գրիգորյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը, իսկ 53 կգ քաշային կարգում Աննա Գովելյանը եւ 75+ կիլոգրամ քաշային կարգում Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը հինգերորդն էին։

Կանանց ելույթները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գնահատեց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը.
-Ես մինչեւ Իսրայել մեկնելն ասել էի, որ մեր խնդիրը հիմնականում մրցահարթակ դուրս գալն էր, աշխարհի առաջնությունից առաջ փորձ կուտակելը։ Եթե ավելի մանրամասնեմ, ապա աղջիկներին առաջադրանք էր տրված 5-6 մոտեցում կատարել ճիշտ ձեւով, եւ մեր հույսերն արդարացան. Աննան ու Էլենը 5-ական հաջող մոտեցում կատարեցին, Հռիփսիմեն՝ 6։ Հռիփսիմեն նույնիսկ արդյունքներն ավելացրեց։ Հիմա նախապատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը, որը օլիմպիական խաղերի ուղեգրերի համար վարկանիշային է։ Այսինքն՝ անհրաժեշտ կլինի զբաղեցնել բարձր հորիզոնականներ։
-Ինչպե՞ս եք նախապատրաստվելու այդ խոշոր ստուգատեսին։
-Մեկուկես ամիս աղջիկները տանն են լինելու, հանգստանալու են, դրանից հետո սկսելու ենք ուսումնամարզական հավաքները մինչեւ նոյեմբերի 4-ի աշխարհի առաջնությունը։ Դրանք կանցկացնենք տարբեր տեղերում, եթե հնարավոր եղավ, գուցե նաեւ արտասահմանում։ Համոզված եմ՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ամեն ինչ կանի, որպեսզի նախապատրաստական աշխատանքներն ընթանան ամենաբարձր մակարդակով։
-Բացի վերոնշյալ երեք մարզուհին, ուրիշ ովքե՞ր կընդգրկվեն հավաքականի կազմում։
-Նախատեսում ենք աշխարհի առաջնության մեկնել յոթ հոգով, այս պահի դրությամբ Մելինե Դալուզյանը, Քրիստինե Պետրոսյանը, Իզաբելլա Յայլյանը, Սոնա Պողոսյանը, Էլեն Գրիգորյանը, Աննա Գովելյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանն են։
-Իսկ Մելինե Դալուզյանն ինչո՞ւ չմասնակցեց Եվրոպայի առաջնությանը։
-Մելինեն դեկտեմբեր-հունվար ամիսներին ծնկի եւ արմունկի վիրահատության էր ենթարկվել ու դեռ չէր հասցրել լիովին ապաքինվել։ Նույնը՝ Քրիստինե Պետրոսյանի դեպքում։ Իհարկե, մենք շատ էինք ցանկանում, որ նրանք էլ մեկնեն Թել Ավիվ, բայց ամեն դեպքում չցանկացանք ռիսկի դիմել։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԱՂԱՆԴԱՎՈ՞Ր
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է իր դեմ ուղղված կրոնական մի շարք կազմակերպությունների ստորագրահավաքին:
Ստորագրահավաք իրականացնողները պահանջում են պատգամավորի հրաժարականը: Տիկին Զոհրաբյանն էլ ասել է, որ իր արժանապատվությունից ու ինքնասիրությունից ցածր է համարում անդրադառնալ նրանց հայտարարություններին: «Ինձ չի հետաքրքրում աղանդավորական կառույցների բողոքն ու ցասումը: Ես թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում պայքարելու եւ պաշտպանելու եմ մեր քաղաքացիներին քայքայիչ աղանդներից: Իրենք ինձ չեն ներքաշի որեւէ բանավեճի մեջ որեւէ հարթակում»:
-Տիկին Զոհրաբյան, հաշվի առնելով, որ աղանդավորական կառույցներն ունեն հզոր հովանավորչություն եւ այդ քայքայիչ գործունեության մեջ, շրջանառվող լուրերի համաձայն՝ ներգրավված են նաեւ որոշ հայ պաշտոնյաներ, չե՞ք կարծում, որ պայքարը դժվար է լինելու:
-Ես տեղյակ չեմ, որ պաշտոնյաներ են ներգրավված քայքայիչ գործունեություն ծավալելու գործընթացում: Իսկ եթե դա այդպես է, ապա դրանց դեմ եւս պետք է պայքարել: Որեւէ հզոր հովանավորչություն ինձ չի վախեցնում: Ես գիտեմ՝ քայքայիչ այդ աղանդներն ինչ վնաս են հասցնում մեր քաղաքացիների ընտանիքներին: Անելու եմ հնարավորը՝ մեր երեխաներին նրանցից պաշտպանելու համար»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

ՊԵԿ-Ի «ՊԱՍ»-Ը
«ՍիվիլՆեթ»-ի հարցմանը՝ հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը պատրաստվո՞ւմ է արդյոք հանդես գալ համապատասխան փոփոխությունների առաջարկով, որը հնարավորություն կտա քաղաքացիներին էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելիս չլրացնել կենսաշթոշակային վճարումներին վերաբերող մասը, ՊԵԿ-ից ստացվել է հետեւյալ պատասխանը. «Պետական եկամուտների կոմիտեի գործողությունները՝ բարձրացված հարցերի կարգավորման ոլորտում, իրականացվելու են աշխատանքային խմբի շրջանակներում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառելիության վերաբերյալ ընդունված որոշումներին համապատասխան»:




Լրահոս