ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Եղեգնաձոր քաղաքում
Առաջին հայացքից պարզ է, որ այստեղ ժամանակին ձուկ է վաճառվել, բայց թե այս «պաստառն» ինչու է գլխիվայր շրջվել, անհասկանալի է: Կարելի է կարծել, որ գնողունակության անկման հետեւանքով այն բառացիորեն կորցրել է իր կարեւորությունը:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ ժամկետներում է բժշկական փորձաքննություն անցնում զինված ուժերից առողջական վիճակի պատճառով ազատված եւ պահեստազորում հաշվառված անձը:
Տաթեւ Մանուկյան (64 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 4 մասի պահանջների համաձայն, ՀՀ զինված ուժերից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված եւ պահեստազորում հաշվառված անձինք հինգ տարին մեկ անգամ ենթակա են վերափորձաքննության: Մինչեվ 27 տարին լրանալը վերափորձաքննության արդյունքում պիտանի ճանաչվածները ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության՝ չծառայած ժամկետի մասով:
ՀՀ պաշտպանության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես վերջին տարիներին աճել է առողջական խնդիրների պատճառով զինվորական ծառայությունից արձակված զինվորների թիվը: Եվ ցավալի է, որ հաճախ այդ խնդիրները հայտնաբերվում են այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ իրավունք ունեն արդյոք ինձնից առգրավել կանխավճարի կրկնակի գումար այն դեպքում, երբ բնակարանիս վաճառքը չի իրականացվել:
Միքայել Ռուբինյան (52 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքի 395 հոդվածի կետ 1-ի՝ «կանխավճար է կոչվում գումարը, որը փոխանցվում է համաձայնեցված կողմերից մեկի կողմից մյուսի հաշվին, համաձայն պահանջվելիք վճարումների վերաբերյալ պայմանագրի, որպես պայմանագրի կնքման եւ դրա իրականացման ապահովման ապացույց»: Այդպիսով, կանխավճարի անբաժան գործառույթն է հանդիսանում պայմանագրի կնքման ապացույցը: Այսինքն՝ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը պետք է կնքվի:
Ավելացնենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղ. օր. 501 հոդվածի կետ 1-ի՝ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը պետք է նախատեսի գույքի գինը: Գնի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված: Բացի այդ, համաձայն ՀՀ քաղ. օր. 570 հոդվածի, բնակարանի վաճառքի պայմանագրի էական պայման է հանդիսանում կողմերի ցանկը, ուր նշվում են նաեւ վաճառվող բնակելի տարածքի օգտագործման վերաբերյալ նրանց իրավունքները: Բնակարանի վաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման եւ համարվում է կնքված գրանցման պահից:
Պայմանագրի վերաբերյալ բոլոր վերոնշյալ պահանջները չեն բավարարվել, ինչը նշանակում է պայմանագրի չկնքված եւ անվավեր լինելը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում նախեւառաջ պետք է հասկանալ՝ արդյոք Մ. Ռուբինյանը համապատասխան պայմանագիր կնքել է, թե ոչ, որից հետո նոր միայն անհրաժեշտություն կլինի դիմել հետագա քայլերի: Ամեն դեպքում ցանկալի է նման գործարքներ կատարել միայն ու միայն անհրաժեշտ թղթաբանության շրջանակներում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, պետական ո՞ր մարմնի որոշման հիման վրա է ընտանիքին կամ անձին օթեւան տրամադրվում: Եվ խնդրում եմ ասեք՝ հասարակության ո՞ր ներկայացուցիչները կարող են ժամանակավոր օթեւան ստանալ:
Ալլա Մխիթարյան (41 տարեկան, գործազուրկ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օթեւան տրամադրվում է հաճախորդի փաստացի գտնվելու վայրի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի որոշման հիման վրա:
Ժամանակավոր օթեւանը տրամադրվում է հաճախորդի փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից՝ մինչեւ 60 օր տեւողությամբ, 18 տարին լրացած, մշտական կամ ժամանակավոր եւ կամ փաստացի բնակության վայր չունեցող անօթեւան, ինչպես նաեւ ընտանիքում բռնության ենթարկված կամ թրաֆիքինգի հետեւանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց: Օթեւանն անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաեւ բռնության ենթարկված անձի երեխային՝ նրա օթեւանում գտնվելու ընթացքում:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
սոցիալական ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 100 անօթեւան մարդու ժամանակավոր կացարան տրամադրելու ծառայություններ իրականացնել: Ի դեպ 2011 թվականի տարեվերջից մինչ 2013թ. ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել եւ ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթեւան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Հարկ է ավելացնել, որ նույն տվյալների համաձայն, վերջին տասնամյակում անօթեւանների թիվն ավելացել է: