Հարկային տեսչությունը թոշակառուից գումա՞ր է «շորթել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Նորիկ Հովհաննիսյանը և ներկայացրել հարկային տեսչության աշխատակիցների անփութության հետևանքով իր հետ տեղի ունեցածը:

Մասնագիտությամբ երաժիշտ 68-ամյա Նորիկ Հովհաննիսյանը պատմեց, որ ստանում է 30 հազար դրամ կենսաթոշակ: Այս ամսվա կենսաթոշակը, սակայն, մեզ դիմած քաղաքացին, բառիս բուն իմաստով, ոչ մի կերպ ստանալ չի կարողանում:

Այսպես, այն ժամանակ թոշակառուն փորձել է բանկոմատից գումար ստանալ, սակայն պարզվել է՝ հաշիվը զրոյացված է: Բանկից պարզաբանել են, որ նրա հաշվի վրա կալանք է դրված և ավելի մանրամասն պետք է փորձի ճշտել հարկային տեսչությունից: Այստեղ էլ Նորիկ Հովհաննիսյանին տեղեկացրել են, որ հաշվի զրոյացման պատճառը չվճարված ակտերն են, որոնք առաջացել են երթևեկության կանոնները խախտելու հետևանքով:

Իսկ ամենաուշագրավը դեռ առջևում է:

Նորիկ Հովհաննիսյանը սկզբում զարմացել, ապա հայտարարել է, որ ինքը ոչ միայն մեքենա չունի, այլև երբևէ վարորդ չի եղել, առավել ևս՝ տաքսու: Եվ այստեղ երկար բանավեճից հետո պարզվել է, որ խոսքը վերաբերում է մեր զրուցակցի հարևանին՝ կրկին Նորիկ Հովհաննիսյան անուն ազգանունով: Հարկային տեսչության աշխատակիցները սկզբում ներողություն են խնդրել պատճառած անհանգստության համար, ապա վստահեցրել են, որ հաջորդ օրը կարող է ստանալ իր հասանելիք կենսաթոշակը:

«Հաջորդ օրը եկավ, իսկ գումարը՝ ոչ: Արդեն համարյա մեկ շաբաթ ժամանակ է անցել, սակայն գումարը դեռևս չի նստել քարտին: Սա ինչ անփույթ վերաբերմունք է սեփական աշխատանքի նկատմամբ: Հիմա եթե հանրապետությունում մեկ այլ Նորիկ Հովհաննիսյան լինի, ամեն անգամ այս վիճա՞կն է լինելու: Հետո էլ ասում են՝ ինչո՞ւ են մարդիկ հիասթափվում մեր երկրից, ինչո՞ւ են լքում հայրենիքը: Բա ի՞նչ անեն, եթե ոչ ոք իր աշխատանքը նորմալ և պատասխանատվությամբ կատարել չի կարողանում: Թողնես միայն ուրիշներին քննադատեն: Ես ինչի՞ տեր եմ, որ ամեն անգամ իրենց մոտ գնալու և պարզաբանում խնդրելու համար էդքան տաքսու գումար տամ»,- վրդովված շարունակեց թոշակառուն:

Հուսանք՝ համապատասխան կառույցները հաշվի կառնեն գոնե տարեցների անօգնական վիճակն ու նրանց հասանելիք չնչին գումարները պատշաճ և մասնագիտական պահանջներին համապատասխան կտրվեն:




Լրահոս