Այսօր Ազգային ժողովում տեղի են ունենում «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումներ: Մասնակցում են ինչպես պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, այլև պատվիրակներ տարբեր երկրներից: Քննարկմանը մասնակցում են Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին, Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Ուկրաինայի Ռադայի անդամ Վադիմ Ռաբինովիչը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Ելույթով հանդես եկավ Արա Աբրահամյանը՝ հայտարարելով, թե բոլորն էլ ցանկանում են, որ աշխարհում խաղաղություն լինի:
«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում Ցեղասպանություն: Մենք բոլորս ուզում ենք, որ ամբողջ աշխարհում լինի խաղաղություն: Ցեղասպանության խնդիրը մեր անվտանգության խնդիրն է, և մենք միշտ խոսում ենք անցյալի մասին: Ուրուգվայի սենատն առաջինն էր, որ ընդունեց Հայոց Ցեղասպանությունը: Պետք է բոլորի կողմից ընդունվի Ցեղասպանությունը, որ մենք մեզ անվտանգ զգանք:
Մենք պետք է ամեն օր աշխատանք տանենք, որ այդ խնդիրները լուծվի: Կգա այդ օրը, որ ամբողջ աշխարհը կքննարկի ու ընդունի Հայոց Ցեղասպանությունը», – հայտարարեց նա: