
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանի հրավերով 2014 թվականի դեկտեմբերի 15-19-ը պաշտոնական այցով գտնվելու է Քիշնևում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ:
Մոլդովայում Իշխան Զաքարյանն ու Սերաֆիմ Ուրեկյանը կստորագրեն համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է մեթոդական փոխադարձ աջակցություն, փորձի փոխանակում, ուսուցման և վերապատրաստման համատեղ ծրագրեր, ինչպես նաև համատեղ և զուգահեռ վերահսկողության անցկացում:
Իշխան Զաքարյանը Քիշնևում հանդիպելու է նաև Լատվիայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Էլիտա Կրումինայի հետ: Կողմերը քննարկելու են դեռևս 2010 թվականին Երևանում ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային բնույթի վերահսկողական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: