«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն գյուղական համայնքներում իրականացնում է «ԷկոԽնձրիստան էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նոյեմբերի 24-27-ը կազմակերպվել են դասընթացներ Արցախի նշված գյուղերում: Թեմաները չորսն էին` էկոտուրիզմ, տարածքի կենսաբազմազանության առանձնահատկություններ, վայրի հավաք և օրգանիկ սնունդ, արտադրանքի փաթեթավորում, բրենդավորում և իրացման կազմակերպում: Յուրաքանչյուր գյուղում կազմվել են նաև այս կամ այն թեմայով հետաքրքրված խմբեր, որոնք շարունակական աշխատանք կունենան համապատասխան մասնագետների հետ:
Ծրագրի համակարգող Վարդան Մամիկոնյանը նշում է, որ Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներ այցելությունների ընթացքում իրականացվել է բուսական և կենդանական ռեսուրսների գնահատում, տեսակային կազմի որոշում և այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում տեղանքի բնական ռեսուրսների վերաբերյալ: Կատարվել է գյուղերի պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկատվության հավաքագրում: Նախագծվել են էկոերթուղիներ GPS կորդինատների գրանցման միջոցով։ Մշակվեն են երկլեզու (հայերեն, անգլերեն) տեղեկատվական, ուղեկցող և այլ ցուցանակները, որոնք պետք է տեղադրվեն երթուղիների համապատասխան վայրերում։
Յուրաքանչյուր գյուղում կստեղծվի ստենդ, որտեղ ներկայացված կլինի ամբողջական տեղեկատվությունը գյուղում առկա զբոսաշրջային ծառայությունների մասին: Պատրաստվում է նաև առևտրի կետ, որտեղ գյուղացիները կկարողանան վաճառել գյուղմթերք։
Վարդան Մամիկոնյանը նշում է, որ այս տարվա ամռանը մի շարք ՀԿ-ներ նախաձեռնել են Արցախում էկոգյուղի մոդելի ներդրման գաղափարը և հիմնել «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնությունը։ Էկոգյուղերի հիմնական և կարևորագույն խնդիրներից է կենսաբազմազանության պահպանությունը և տեղի բնակչության համար «կանաչ» ապրելակերպը եկամտի աղբյուր դարձնելը: Էկոտուրիզմի զարգացումն այդ նպատակին հասնելու ամենարդյունավետ միջոցներից է:
Ծրագրի համակարգողը նկատում է, որ ԼՂՀ Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքների տարածքը բարենպաստ է էկոտուրիզմի զարգացման համար: Նախնական գնահատումը ցույց է տվել անտառային գոտու հարուստ կենսաբազմազանության՝ բուսական և կենդանական տեսակային կազմի առկայությունը, որը համադրված է պատմամշակութային ժառանգության բազմաթիվ վայրերի և կոթողների հետ: Օրինակ՝ Պատարա գյուղը հայտնի է 200-ից ավելի հաշվառված հուշարձաններով։ Հայկական լեռնաշխարհի տարածքում հուշարձանների խտությամբ երրորդ բնակավայրն է։ Աստղաշենում են գտնվում միլիոնավոր տարիների ընթացքում պահպանված բրածո ծովաշուշանները, որոնք աստղերի ձևով երևան են գալիս հողի մակերեսին: Հարակից Ծաղկաշատ գյուղում է գտնվում նաև Նիկոլ Դումանի տուն-թանգարանը: Խնձրիստան գյուղից հնարավոր է արշավներ կազմակերպել դեպի Կաչաղակաբերդ:
Գյուղերի հիմնական խնդիրներից է աշխատատեղերի բացակայությունը և հատկապես երիտասարդության զբաղվածության հարցը: Զբոսաշրջության խթանումը համայնքներում կարող է հանդիսանալ նոր եկամուտների և ապրուստի միջոցների աղբյուր: Զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ տեղի բնակչությունը հնարավորություն կունենան աշխատել, որպես ուղեկցորդներ, վարձակալության տալ ձիեր արշավների համար, վաճառել իրենց գյուղական սնունդը, որպես հյուրատուն օգտագործել իրենց տները և այլն:
Նշենք, որ «ԷկոԽնձրիստան էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացում» ծրագիրը կյանքի է կոչվում ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն