10 ՀԱԶԱՐԸ ԾԱԽՍԵԼ Է, ԷԼԻ Է ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դատարաններում արդեն շուրջ երկու տարի է՝ ընթանում է «Ժողովուրդ» օրաթերթի եւ «X գրուպ» ընկերության նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի միջեւ ծավալված դատավարությունը: Խաչիկ Խաչատրյանը դատարանից պահանջում է օրաթերթից 3 միլիոն դրամ բռնագանձել՝ իբր թե իրեն զրպարտելու եւ վիրավորելու համար:

Հայցը ներկայացվել է անցած տարվա սկզբին: 2013-ի դեկտեմբերին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը մերժեց գործարարի հայցադիմումը` այն համարելով չհիմնավորված: Խաչիկ Խաչատրյանը 2014 թվականի հունվարին բողոքարկել էր առաջին ատյանի վճիռը, ինչի արդյունքում այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ այն ուղարկել նույն՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Նոր քննությունը ստանձնել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը: Վերջինս դատական առաջին նիստն անցկացրել է նոյեմբերի 11-ին: Իսկ երեկ արդեն տեղեկացանք, որ Ներսիսյանը նոյեմբերի 25-ին երկրորդ դատական նիստն է անցկացրել եւ վճիռ կայացրել` որոշելով մասնակի բավարարել Խաչիկ Խաչատրյանի հայցը: Ներսիսյանը որոշել է, որ «Ժողովուրդ»-ը Խաչիկ Խաչատրյանին պետք է վճարի մեկուկես միլիոն դրամ` մեկ միլիոնը զրպարտության, 500 հազար դրամը վիրավորանքի համար, իսկ եւս 283 հազար դրամ էլ, ըստ վճռի, օրաթերթը պետք է վճարի Խաչիկ Խաչատրյանին՝ իբրեւ փաստաբանական ծախսեր:
Այն հանգամանքը, որ Ռուբեն Ներսիսյանը կարող է մամուլի դեմ անհեթեթ վճիռ կայացնել, զարմանալի չէ, քանի որ սույն դատավորը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում եւ լրագրողների նկատմամբ հատուկ հակակրանք ունի, քանզի վերջիններս նրան պարբերաբար հիշեցնում են իր ով լինելու մասին (նկատի չունենք դատավորի պաշտոնը):
Ինչպես հայտնի է՝ այս վեճի առիթը դարձել էր այն, որ Խաչիկ Խաչատրյանը հանդգնել էր վիրավորել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանին` տհաճ հարց տալու համար: Հաջորդ օրն օրաթերթը հրապարակային պատասխանել էր գործարարին: Դրանից հետո գործարարը դիմել էր դատարան` իրեն իբր վիրավորելու եւ զրպարտելու համար: Այսինքն՝ սկզբում հայհոյել էր, հետո պատասխանը ստանալուց հետո որոշել վիրավորվել: Հայցվորը կամ նույն է՝ Խաչիկ Խաչատրյանը, վիրավորանք է համարում օրաթերթում, ի պատասխան վիրավորանքի, տպագրված նյութում տեղ գտած հետեւյալ արտահայտությունները. «…իսկապես, ճիշտ էլ անում է, որ մտածում է, թե իրեն «մարդու տեղ» չեն դնում: Մարդու տեղ դնելու համար մարդը նախ պետք է տարբերվի կենդանուց: Իսկ Վալենսիայի Խաչիկն առանձնապես չտարբերվեց: Եւ իսկապես ողբալի է, որ Խաչիկի նման «պրաստիտուտկան» այսօր ներկայացնում է «գործարար էլիտան», «գործարար էլիտայի բացիլ», «ձվերի Խաչիկ», «ջրերի Խաչիկ» եւ «պրաստիտուտկաների մասնագետ»: Կոնտեքստից կտրված այս մտքերը Ներսիսյանն իր վճռում շարադրել է ու հավելել. «…արտահայտությունները, որոնք դատարանի գնահատմամբ արատավորել է անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը»: Բերված արտահայտություններից թե ո՞րն է վիրավորանք, դատավորը չի հստակեցրել: Եթե անգամ ընդունենք, որ վճիռը գրելիս դատավորը խմբագրական սխալ է թույլ տվել եւ բոլոր արտահայտություններն է վիրավորանք համարել, ապա միեւնույն է՝ նա պարտավոր էր պարզաբանել, թե յուրաքանչյուր արտահայտությունն ինչու է համարում վիրավորանք: Սահմանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իմանալու, թե ինչո՞ւմ են իրեն մեղադրում: Օրինակ՝ «ձվերի Խաչիկ» կամ «ջրերի Խաչիկ» արտահայտություններից ինչն է վիրավորական` «ձվերի»-նը, «ջրերի»-նը, թե` «Խաչիկ»-ը:
Սակայն առավել դիտարժան է Խաչիկ Խաչատրյանի՝ իբր թե զրպարտված լինելու առնչությամբ բերված հիմնավորումը: Որպես զրպարտություն դատարանն ընդունել է «Ժամկետանց ձվեր վաճառող այս չարչին» արտահայտությունը: Դատարանը չի հերքում, որ գործում առկա է ապացույց այն բանի, որ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի կողմից ժամկետանց ձու վաճառելու փաստն ապացուցվել է, քանի որ ժամկետանց ձվեր վաճառելու համար ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ տույժի է ենթարկվել: Սակայն Ռուբեն Ներսիսյանը գրել է, թե իբր ընկերության հիմնադիրն ընկերության հետ կապ չունի: Ի դեպ, այս պնդման հեղինակը հայցվոր կողմն է, իսկ դատավորն այն պարզապես դրել է իր վճռի հիմքում: Իհարկե, Հայաստանը ձվի արտադրության շուկային ծանոթ ցանկացած ոք գիտի, որ եթե ասում են ԵԹՖ, ապա դա նշանակում է՝ Խաչիկ խաչատրյան եւ հակառակը: Բայց, դե, դատավորը ջանք չի խնայել Խաչիկ Խաչատրյանին եւ ԵԹՖ-ին իրարից տարանջատելու համար, որպեսզի կարողանա հիմնավորի իր` օրաթերթից գումար բռնագանձելու որոշումը:
Ի դեպ, այս դեպքում հետաքրքիր է, թե ինչու է Ռուբեն Ներսիսյանն այդքան շահագրգռված եղել օրաթերթից գումար բռնագանձելու հարցում: Կարծում ենք՝ դժվար չէ կռահել: Բոլոր գնահատականների համաձայն՝ Հայաստանի դատարանները հանրապետության ամենակոռումպացված կառույցներն են:
Հ. Գ. Հավանաբար Խ. Խաչատրյանը «ծանր է տարել» փաստը, որ իրեն հասանելիք 10 հազար դրամը «Ժողովուրդ» օրաթերթը մանրադրամներով վճարեց: Նա խնդիր է դրել ավելի մեծ գումարով «պատժել» թերթին: Սակայն իզուր է հույսեր տածում. վճիռը կբողոքարկվի վերաքննիչ դատարան:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

«ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ»
Երեկ խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կրկին սկսեց թռուցիկներ բաժանել պատգամավորներին: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձեց միջամտել՝ ասելով.«ԱԺ նիստերի դահլիճում ուրվական է շրջում»: Սակայն Զարուհի Փոստանջյանը չարձագանքեց Սահակյանին եւ շարունակեց բաժանել թռուցիկները: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը նախորդ օրվանից է բաժանում Եվրասիական տնտեսական միության դեմ թռուցիկները, որոնք պատրաստել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

 

ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐՑԸ
Այսօր նախատեսված է, որ ԱԺ-ն կավարտի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումը, ու կկազմակերպվի հարցի քվեարկությունը: Այնուհետեւ իշխող ՀՀԿ-ն մտադիր է շարունակել քննարկել 2015 թվականի բյուջեի վերամշակված նախագիծը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում մտավախություն ունեն, որ կարող է քվորման խնդիր առաջանա, քանի որ բյուջեի քննարկումը եւ քվեարկությունը նախատեսում են կազմակերպել քառօրյայի ավարտից հետո: Ուստի ՀՀԿ-ական գործարար պատգամավորներին այդքան երկար խորհրդարանում պահելը մի փոքր դժվար կլինի: Մյուս կողմից դեռեւս պարզ չէ, թե ինչպես են իրենց պահելու ոչ իշխանական խմբակցությունները: Բանն այն է, որ, ասենք, ԲՀԿ-ում չեն ուզում դեմ քվեարկել իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի Կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին: Բայց մյուս կողմից էլ կողմ էլ չեն կարող քվեարկել. գեղեցիկ չէ: ԲՀԿ-ի համար նախընտրելի տարբերակը բոյկոտել եւ չքվեարկելն է, բայց եթե քվորումի խնդիր առաջանա, ապա այս կուսակցությունը, հանուն խնամու, կքվեարկի, թեկուզ դեմ, որպեսզի քվորումն ապահովված լինի:

 

ԱՌԱՆՑ  ՇԱՔԱՐԱՎԱԶԻ
2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում արտադրվել է 45 միլիոն 578 հազար տոննա շաքարավազ: Այս ցուցանիշը նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ բավական նվազել է: Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանում արտադրվել է 62 միլիոն 57 հազար տոննա շաքարավազ: Չնայած պաշտոնական վիճակագրությունից պարզ չի դառնում, թե 26,6 տոկոսի նվազումն ինչով է պայմանավորված, բայց կարելի է ենթադրել, որ շաքարավազի պահանջարկը դժվար թե այդքան կտրուկ նվազած լինի: Առավել հավանական է, որ պահանջարկի մնացած մասը լրացվել է ապրանքն ուղղակի ներկրելու միջոցով: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում շաքարավազ արտադրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սավել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը` ներկրված հումքի հաշվին: Պատրաստի շաքարավազի ներկրման առյուծի բաժինը եւս Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին է տրված:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԻ՛ ՇՓՈԹԵՔ
Պետք չէ Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացիան քննարկելիս անտեղի առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին դեկտեմբերի 3-ին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղը իրավաբանորեն Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում եւ Եվրասիական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել: Այդ պատճառով հարցնել, թե ինչ կկատարվի Ղարաբաղի հետ ԵՏՄ-ում, անտեղի է:

 

ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
«Մենք հետեւում ենք գործընթացներին, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Դա Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներում է, եւ եթե լինում են խոշոր տատանումներ՝ դրամի փոխարժեքի հետ կապված, իրենք անպայման միջամտում են», – նշել է նա:
Աբրահամյանի խոսքերով՝ մոնիթորինգ է անցկացվել, եւ տարվա կտրվածքով գնաճը կլինի 5%-ի սահմաններում. «Ես դա նորմալ եմ համարում: Ուղղակի պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, դա ուղղակի տարածաշրջանային տնտեսության վերուվարի պատճառներն են, որ բացասական ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա: Կարծես մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունն է, բայց դե, որեւէ խնդիր չկա: ԿԲ-ն տիրապետում է իրավիճակին, եւ ես կարծում եմ, որ առաջիկա օրերին կկանոնակարգվի»,-հայտարարեց նա:

 

ԿՎԱՌՎԵՆ
Երեւանի Հանրապետության հրապարակի Հայաստանի գլխավոր տոնածառի տոնական լույսերը հանդիսավորությամբ կվառվեն դեկտեմբերի 22-ին: Տոնածառի բարձրությունը 32 մետր է լինելու: Այդ օրը նաեւ տոնական միջոցառում է նախատեսված:

 

ՉԵՆՔ ԱՇԽԱՏԻ
2015 թվականի հունվարի 8-ի եւ 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի դեկտեմբերի 20-ը եւ 27-ը` շաբաթ օրերը: Նման որոշման նախագիծ է ներառված Կառավարության նիստում:
Քանի որ հունվարի 6-ին նշվում է Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 7-ը մեռելոց է, ստացվում է, որ 2015 թ. հունվար ամսվա առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը:

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 69 տարեկանում մահացել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանի հայրը՝ Մայիս Սեդրակի Ասրյանը: Մայիս Ասրյանի հոգեհանգիստը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ից՝ Գորիս քաղաքի Խորենացու 17 հասցեում (բանտի հետեւի փողոցը): Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ին՝ նույն հասցեից:
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության եւ կազմակերպության 301 մասնաճյուղերի 44.377 անդամները խոր վշտով ցավակցում են առաջնորդ Խաչիկ Ասրյանին՝ սիրելի հոր մահվան կապակցությամբ:




Լրահոս