Օրեր առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով փոխվարչապետի պաշտոնում նշանակվեց ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա միաժամանակ դարձավ նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար: Ըստ էության, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը չդարձավ քննարկումների եւ վերլուծությունների առարկա, մինչդեռ այս նշանակումը բացառիկ է եւ առանձնահատուկ:
Մինչ այս նշանակումը գրեթե անվիճարկելի էր թվում լուրը, որ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Եվ սա համարվում էր միանգամայն օրինաչափ ցանկություն, որովհետեւ այսօր Հայաստանն ապրում է հարկային դաշտի շնորհիվ՝ չունենալով ֆինանսական հոսքերի ապահովման այլ ուղիներ, չունենալով հզոր տնտեսություն: Եվ ֆինանսների նախարարի նշանակումը փոխվարչապետի պաշտոնում կնշանակեր մեծ կարեւորություն տալ ֆինանսներին: Բայց այդպես եղավ, քանի որ Ս. Սարգսյանը, արդարացնելու համար ԵՏՄ անդամակցության իր որոշումը, պիտի կարեւորեր հենց միջազգային տնտեսական ինտեգրումը, որն այս դեպքում ընդամենը ԵՏՄ տնտեսական տարածքն է, սակայն չափազանց «ինքնատիպ» էր Վաչե Գաբրիելյանի ընտրությունը:
Նշենք, որ թեեւ Վաչե Գաբրիելյանի եղբայրը` Վահե Գաբրիելյանը, երկար տարիներ եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակը, հետո դիվանագիտական աշխատանքի անցավ, այնուամենայնիվ նա սկզբում ընկալվում էր որպես Տիգրան Սարգսյանի կադր: Սակայն մոտ երեք տարի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Վաչե Գաբրիելյանը նշանակվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ կարեւորագույն պաշտոնը թողնելով էքս վարչապետի սանիկին: Բանկային գործի մեծ գիտակ ու փիլիսոփայության դոկտոր մասնագետի հեռացումը ֆինանսների նախարարի պաշտոնից արդյունք էր կլանային շահերի եւ Տիգրան Սարգսյանի քմահաճույքների: Հովիկ Աբրահամյանն էլ իր կառավարության կազմում Վաչե Գաբրիելյանին նախարարական պորտֆել չառաջարկեց, այլ ընդամենը նշանակեց գլխավոր խորհրդական: Սա շառաչուն պաշտոնանկություն էր, որը վկայությունն էր այն բանի, որ Գաբրիելյանը չի համարվում յուրային, նրան չեն համարում վարչախմբի հենասյուներից: Ավելին՝ սակավ նախաձեռնող է եւ առավելապես կատարող: Ու նաեւ՝ չափազանց հաջողակ եւ այն եզակիներից է, որը ստացել է համակողմանի կրթություն:
1985-1990թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում, 1992-1998թթ. սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998թ.՝ փիլիսոփայության դոկտորի կոչում: 1998թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում: 1990-1992թթ. աշխատել է ՀՀ գերագույն խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ: 1994-1998թթ. դոկտորանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման եւ քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն: 1998-1999թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական: 1999-2008թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ: 2008-2010թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:
2010թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար: 2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում: 2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար: 2013թ. հուլիսի 15-ին ազատվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
2014թ. ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ Կառավարության հրաժարականի կապակցությամբ եւ մինչեւ ապրիլի 18-ը հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար: 2014թ. ապրիլի 18-ից նոյեմբերի 28-ը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն էր:
Եվ հանկարծ նա նշանակվում է երկրի համար առանցքային պաշտոնում: Ինչո՞ւ: Վաչե Գաբրիելյանն ամերիկյան կրթություն ստացած տնտեսագետ է, ինչը նշանակում է, որ լավ է պատկերացնում միջազգային տնտեսական եւ ֆինանսական հարաբերությունները: Սակայն առավել կարեւորն այն է, որ Հովիկ Աբրահամյանի կողքին չլիներ խիստ ընդգծված անհատականություն, մեծ ֆինանսական լծակների տիրապետող անձնավորություն, որին անհնար լիներ կառավարելը: Վաչե Գաբրիելյանը «փափուկ» մարդ է, բավական համեստ ապրող եւ ամբիցիաներ չունեցող, հետեւաբար նաեւ՝ ձեռնտու: Ուրեմն նա էլ այն փոխզիջումային «տարբերակն» է, որն անհրաժեշտ էր ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ Հովիկ Աբրահամյանին:
Բացի այդ՝ Սերժ Սարգսյանը միաժամանակ կարող է արդեն հանգիստ հայտարարել, որ բարձր պաշտոնում նշանակել է մի մարդու, որը կոռումպացված չէ, խառնված չէ տարբեր ֆինանսական գործարքների, չունի օլիգարխի «իմիջ»…
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ԴՈԼԱՐԸ ԲԱՆԿԵՐԻՑ «ՓԱԽԵԼ Է»
Վերջին օրերին Տավուշի մարզում, ինչպես ամբողջ Հայաստանում, դոլարի վաճառքի հետ կապված հետաքրքիր վիճակ է: Դեկտեմբերի 2-ին հայաստանյան բանկերի՝ Նոյեմբերյան քաղաքի մասնաճյուղերում դոլարի փոխարժեքի խիստ տատանումներ կային. արտարժույթի վաճառքի գինը եղել է 450-455 դրամ: Որոշ բանկերում մեկ անձին վաճառվող դոլարի առավելագույն քանակի սահմանափակում էր մտցվել՝ 300-500 դոլար:
Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ առեւտրականներից մեկը, ում Վրաստանում առեւտրի համար մեծ քանակի դոլար էր հարկավոր, գտել է այդ արգելքը շրջանցելու ելքը: Նա իր բարեկամ եւ ծանոթ մարդկանց դրամ տալով՝ ուղարկել է բանկեր՝ դոլարով փոխանակելու: Այդ օրվա վերջում, երբ այլեւս տարադրամի փոխանակում չէր կատարվում, դոլարի վաճառքի գինը Նոյեմբերյանի բանկերում սահմանվել է 440-445 դրամ:
Դեկտեմբերի 3-ի առավոտյան «Ժողովուրդ»-ն այցելեց Նոյեմբերյանում գործող բոլոր 3 բանկերի՝ «ՎՏԲ»-ի, «ԱԿԲԱ»-ի եւ «Արդշինինվեստբանկ»-ի մասնաճյուղեր: Բոլոր 3-ում վաճառքի համար դոլար չկար: «ՎՏԲ»-ի եւ «ԱԿԲԱ»-ի մասնաճյուղերում ասացին, որ նախօրյակին շատ դոլար են վաճառել, այդ պատճառով այլեւս դոլար չունեն: 3 բանկերում էլ դոլարի առքի գին էր սահմանված 439.5-440.0-ը: Ուշագրավ «զուգադիպությամբ» 3 բանկերում էլ դոլարի վաճառքի գին էր սահմանված 442.5-ը:
Բանկերից մեկում հարցրի, թե ինչո՞ւ են արտարժույթի փոխարժեքի ցուցանակում դոլարի մասին գրառում փակցրել, չէ՞ որ վաճառքում դոլար չկա: Բանկի աշխատողը պատասխանեց՝ փակցրել են, որ գուցե դոլար վաճառողներ լինեն, տեսնեն: Բագրատաշենի մի բնակիչ մեզ հայտնեց, որ այդ պահին Բագրատաշենի մաքսակետի տարադրամի փոխանակման կետում դոլար է վաճառվում 470 դրամով:
Դրամի փոխարժեքի անկման եւս մի վկայություն էլ Նոյեմբերյանի բանկերում ռուսական ռուբլու առքի ցածր գինն է 8.0-8.1: Ռուսաստանից նոր վերադարձած հարյուրավոր «խոպանչիներ» ցավով ասում են, որ աշխատանքային սեզոնի ընթացքում Ռուսաստանում իրենց դառը քրտինքով վաստակածի մի մասը «ջուրն ընկավ»: Դեկտեմբերի 3-ին Նոյեմբերյանի բանկերում եվրոյի առքի գինը 543.5 եւ 542.0 էր, վաճառքի գինը՝ 555.0: Այդ ֆոնի վրա հետաքրքիր էր «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղում եվրոյի առքի եւ վաճառքի թվերի մեծ տարբերությունը: Այդտեղ եվրոն գնվում էր 540.0, վաճառվում 585.0 դրամով: Նման մեծ տարբերությունը կարող է մեկ բացատրություն ունենալ՝ բանկը չի ցանկանում եվրո վաճառել: Եւ այս պատկերն ամբողջ մարզում է:
Մի խոսքով՝ բանկային իսկական քաոս է նաեւ Տավուշի մարզում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԼՈՒՐԵՐ
ԱՆԺԱՄԿԵՏ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրվի: Այն գտնվում է Երեւան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում` «Մամուլի շենքում»: Ըստ այդմ, նախագահականի ՊՈԱԿ-ին կտրվեն 16 եւ 34 քառակուսի մետր մակերեսով երկու սենյակներ: Ի դեպ, որոշման նախագծին կից տեղեկանքի համաձայն՝ նախագահականին կից ՊՈԱԿ-ի գործունեության նպատակներն են՝ «Կատարել ուսումնասիրություններ հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության հավաքման եւ տարածման գործընթացների վերաբերյալ, իրականացնել զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր եւ թեմատիկ դիտարկում եւ վերլուծություն, ուսումնասիրություններ եւ դիտարկումներ կատարել զանգվածային լրատվամիջոցների շուկայի վերաբերյալ՝ նրանց տպաքանակների, իրացման ծավալների եւ ծածկույթների, բազմազանության, թափանցիկության եւ այլ խնդիրների շուրջ»:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Կառավարության՝ այս տարվա օգոստոսի 14-ի որոշմամբ՝ ՀՀ մարզպետարաններին հատկացվել էր աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի մոտ 4 հազար տոննա: Որոշումն ընդունելուց հետո Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարաններից լրացուցիչ 2 հազար 159 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի պահանջարկ է ստացվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծից, որով առաջարկվում է մարզերին լրացուցիչ սերմացուներ տրամադրել, ինչպես նաեւ՝ 2013-ին տրամադրված սերմացուն աճեցրած գյուղացիներից 1 կիլոգրամը 170 դրամով ձեռք բերել 29 հազար 317 տոննա առաջին վերարտադրության սերմացու:
ՆՎԵՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
Կառավարությունն այսօրվա նիստում Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Վահե Միրզոյանին կնվիրի երկու սենյականոց բնակարան Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի 11ա շենքում: Նշենք, որ նշված հասցեի բնակարանը ժամանակին տրված է եղել Շիրակի մարզպետարանին: Իսկ Շիրակի մարզպետի՝ 2004 թվականի մայիսի 15-ի որոշմամբ՝ այդ բնակարանը, որպես ծառայողական բնակարան, հատկացվել էր Շիրակի մարզի դատախազությանը՝ Վահե Միրզոյանի ժամանակավոր բնակության հարցը լուծելու համար: Այսինքն՝ դատախազը նշված բնակարանում կնոջ եւ երկու երեխաների հետ բնակվում է դեռեւս 2004 թվականից: Իսկ այժմ Կառավարությունը Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի միջնորդությամբ պատրաստվում է բնակարանը նվիրել Վահե Միրզոյանին՝ նրա ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար: