«ՀԱՅՐՍ «ԻՆՁՆՈՎ» ԳՈՒՄԱՐ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանն այն քիչ երգչուհիներից է, ում հաջողվել է իր տեսակը ձեւավորել երգարվեստում, քննարկվել, սակայն միեւնույն ժամանակ քայլել շոու-բիզնեսի կողքով: Նա «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան ջազ մթնոլորտին, նաեւ տեղեկացրել, որ վերջերս երկրից հեռանալու վերաբերյալ մտքեր է ունենում:

-Էմմա՛, Ձեր երգերն աչքի են ընկնում իրենց հստակ տարբերվող թեմատիկայով՝ «Շիկահեր եւ կարճատես», «Ճաղատ եւ խելապակաս». ո՞րն է հաջորդը:
-Էլի ոչ ստանդարտ տեքստով երգ եմ պատրաստում, առանց առանձին ջանքեր գործադրելու՝ ինձ մոտ միշտ դա ստացվում է. իմ կյանքն է այդպիսին՝ մի քիչ ծուռ… (ծիծաղում է):
-Գիտենք, որ ինչ-որ խորհրդավոր նախապատմություն կա Էլվինա Մակարյանին նվիրված Ձեր երգի հետ կապված. կպատմե՞ք:
-Էլվինա Մակարյանն իր խափանված մենահամերգից առաջ մի ձայնասկավառակ էր ուղարկել Հայաստան, որում ներառված էին բոլոր այն երգերը, որոնք ինքը պետք է կատարեր: Ամեն երգը ներկայացնելուց առաջ նա խոսում էր, բացատրում, թե ինչպես կուզենար՝ այն գործիքավորվի… Եվ այն երգը, որը ես արդեն ձայնագրել եմ, ներկայացվել է ճիշտ այնպես, ինչպես նա էր կամեցել:
-Ինչպե՞ս է ստացվել, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացնող փոքրիկների մեծամասնությունը հենց Ձեր դպրոցն է անցել:
-Չգիտեմ, իմ բալիկները կարծես սիրահարված լինեն «Եվրատեսիլ»-ին, դա զարմացնում է ինձ: Ինքս «ահավոր» չեմ սիրում մրցույթներ, դրանց ուղեկցող լարվածությունը, որն ավելի է սրվում մեծերի կողմից, հոգեպես ծանր եմ տանում…
-Այնպիսի տպավորություն է, որ Ձեր հայրը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի, Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսեր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Արթուր Ասատրյանը, այնքան էլ միջամտություն չունի Ձեր ստեղծագործական կյանքում, այդպե՞ս է:
-Ո՛չ, համաձայն չեմ: Նրա շնորհիվ ես բախտ ունեցա սովորել Ավստրիայում, նա արեց ամենակարեւոր բանը՝ ճիշտ ուղու վրա դրեց ինձ: Պարզապես հայրս «ինձնով» գումար չի աշխատում. այդքան բան:
-Օրինակ՝ Սիլվա Հակոբյանի պես ընտանիքով բիզնես անելու միտումը Ձեր դեպքում, կարծես, չի նկատվում:
-Ամեն մեկն իր ձեւով է ճիշտ, այդտեղ վատ բան չեմ տեսնում, իրենց գործն է… Ես ուրախ եմ, որ կարող եմ ինքնուրույն քայլել եւ չընկնել…
-Դուք հիմնականում քայլում եք շոու-բիզնեսի կողքով. դժվար չէ՞ դիմանալ ավելի ճանաչվելու ու գումար աշխատելու գայթակղությանը:
-Ես գոհ եմ իմ ապրած կյանքից. գայթակղվելու որեւէ առիթ չեմ տեսնում, դրանք հետաքրքիր չեն ինձ համար, եթե ուզենայի՝ կունենայի այդ ամենը: Այո՛, ինձ մոտ ստացվում է շոու-բիզնեսի կողքով քայլել, նույնիսկ՝ դրանից բավական հեռու…
-Ի՞նչ եք կարծում՝ հայերս ջազ սիրո՞ղ ժողովուրդ ենք:
-Ես հուսով եմ… Ամեն դեպքում, կա մի ստվար զանգված, որ սիրում է ջազ, իհարկե, կան նաեւ այնպիսիք, ովքեր մոդայիկ լինելու համար ցույց են տալիս, թե իբր շատ են սիրում ջազ: Օրինակ՝ վերջերս, երբ Հերբի Հենքոքը եկել էր Երեւան, ոմանք նրա համերգին գնացել էին՝ հատուկ սելֆիներ անելու համար: Ես վստահ եմ, որ նրանք Հենքոքի վերջին ձայնասկավառակից այն կողմ նրա ստեղծագործություններին ծանոթ էլ չէին: Հուսով եմ՝ մեզ մոտ տարածված այս ձեւականությունը կվերանա:
-Հայաստանում ջազի պրոպագանդան Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Դե՛, օրինակ՝ Հայաստանի պետական ջազ նվագախումբն ամեն ամիս ունենում է նորացվող ծրագրերով համերգներ, բայց այդ մասին շատ չի խոսվում… Ինչ-որ հայտնիների անձնական կյանքերն ավելի քննարկվող են. բայց դա ողջ աշխարհում տարածված տենդենց է, ես սկսել եմ թեթեւ տանել, քանի որ ոչինչ չեմ կարող փոխել:
-Ինքներդ Ձեզ պատկերացնո՞ւմ եք նույնքան խենթ ու չարաճճի տղամարդ-կին հարաբերություններում, հետագայում նաեւ՝ ընտանիքում, որքան բեմում եք:
-Շատ կուզենամ ընդունվել այնպիսին, ինչպիսին կամ: Երազում եմ սիրված ու սիրող կին, մայրիկ լինել. դա ամենակարեւորն է: Դե՛, իսկ չարաճճիությունը ամուսնու եւ բալիկի հետ էլ կարելի է անել (ծիծաղում է):
-Սովորել եք Ավստրիայում, զգացել եվրոպական արժեքների ազդեցությունը. կա՞ մի բան, որ կուզենայիք այնտեղից Հայաստան «ներմուծել»:
-Երբ գնացել էի Ավստրիա, մտածում էի, որ էլ հետ չեմ գա: Չգիտեմ, մի քիչ հոգնել եմ, մարդիկ մեկը մյուսի հանդեպ ատելությամբ են լցվել, պակասել է հարգանքը, որը շատ կուզենայի՝ եվրոպացիներից ընդօրինակեինք, խաղաղ ապրեինք: Բացի այդ՝ իմ սիրելի երկրում շատ բան թելից է կախված: Հատկապես վերջերս երկրից հեռանալու մտքեր են պարուրում ինձ, թեեւ հստակ պլաններ դեռ չկան…

 

 

 

 

ԿԵՂԾ ՍԵՎԱԿԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում բուռն բանավեճեր են ծավալվում Պարույր Սեւակի պոեզիայի շուրջ, թեեւ այս դեպքում «Սեւակի պոեզիա» բառակապակցությունը խիստ հարաբերական է: Բանն այն է, որ տարբեր օգտատերերի կողմից տարածվում են բանաստեղծություններ, եւ նշվում է, թե դրանց հեղինակը Սեւակն է:

Սրանց հաջորդում է սեւակասերների բուռն հակագրոհը, որոնք իրավացիորեն պնդում են, որ հիշյալ գործերը սիրելի բանաստեղծի գրչին չեն պատկանում, եւ ինչ-որ մարդիկ ակնհայտորեն փորձում են այդ ճանապարհով վարկաբեկել բանաստեղծին: Հակառակ թեւն իր հերթին չի փորձում դիրքերը հեշտությամբ զիջել, թեեւ որեւէ փաստարկ կամ հիմնավորում նրանց կողմից այդպես էլ չի հնչում: Բանաստեղծությունների հրապարակումներին հաջորդում է զանազան տեսահոլովակների հայտնությունը, դրանք ուղեկցվում են Սեւակի լուսանկարներով ու հավաստիացումներով, թե ընթերցվող ստեղծագործությունները բանաստեղծինն են: Ինչպես լինում է նման դեպքերում՝ ոմանք անմիջապես շտապեցին կոնկրետ «մեղավորներ» գտնել: Բանը հասավ նրան, որ օգտատերերն աղմուկ հանեցին Youtube-ում տեղադրված մի շարք գործերի առնչությամբ՝ որոշ ասմունքողների մեղադրելով ինչ-որ անհայտ բանաստեղծություններ Սեւակին վերագրելու համար: Քննարկումների ընթացքում «մեղադրյալների» շարքին դասվեց նաեւ ասմունքող Լիանա Զուրաբյանը:
«Քննարկվող ձայնագրության մեջ ես չեմ ասմունքում, չեմ կարող ասել, թե ով է, բայց նկատենք, որ բավական տարածված տենդենց կա, ըստ որի՝ ինչ-որ բանաստեղծություններ են ձայնագրվում եւ համացանցում տարածվում են Սեւակի անունով, ի դեպ, ամենահաճախ հանդիպող կեղծիքը կապված է «Ես քեզ սպասում եմ» բանաստեղծության հետ, որը ոչ մի կապ չունի Սեւակի հետ, պարզապես նրա անունով են ներկայացնում, որ մարդիկ լսեն»,- «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում մեկնաբանեց Լիանա Զուրաբյանը:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ նկատեց, որ նման արարքը չի ենթարկվում որեւէ տրամաբանության. «Ո՞ւմ է անհրաժեշտ Սեւակին վերագրել անիմաստ ոտանավորներ, ի՞նչ են շահում դրանից «գրական գոհարներ» ստեղծողները, ովքեր խաբեությունը դարձնում են հրապարակային: Դժբախտաբար, լինում են մարդիկ, ովքեր կուլ են տալիս այդ կեղծիքի խայծը»,-ասաց նա:
Այս պարագայում տեղին է հիշել Սեւակի հետեւյալ խոսքերը. «Մի՛ վախեցեք կեղծի մասին ճիշտ գրելուց. նա դրանից կչքանա»…

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԴՐԱԽՏՈՒՄ
Անժելա Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը եւ Սերգեյ Դանիելյանը նկարահանվել են Ռոման Մուշեղյանի նոր, արկածային կատակերգությունում: NEWS.am STYLE-ի փոխանցմամբ՝ ֆիլմը Berg sound ընկերության արտադրանքն է: Նկարահանումներն իրականացվել են Շրի Լանկայում, քանի որ սցենարն է այդպես պահանջել: Ֆիլմը պատմում է այս երկրում հայտնված հերոսների հաղթահարած խոչընդոտների եւ հանդիպած արկածների մասին: Պրեմիերան նախատեսված է 2015 թվականի գարնանը: Կինոնկարն այժմ հետարտադրական փուլում է, այն ունի աշխատանքային անուն՝ «Դրախտում»:

 

ԱՄԵՆԱՓՆՏՐՎԱԾԸ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ Է
Microsoft-ի Bing որոնողական ծրագիրը հրապարակել է 2014 թվականի ընթացքում ամենափնտրված անձի անունը՝ Քիմ Քարդաշյան: Ամերիկյան ռեալիթի շոուների աստղն ու հայազգի մոդելն առաջ է անցել անգամ Բեյոնսեից: Քարդաշյանը հանրության հետաքրքրությունը շարժել է Vogue-ի առաջին էջին հայտնվելու, իր հարսանեկան արարողության մասին տեղեկություններով, Paper ամսագրի սկանդալային լուսանկարներով:
Bing-ի ներկայացրած տվյալներով՝ 2014-ին ամենաորոնված տեղեկություններն առնչվել են աշխարհի գավաթի խաղերին, էբոլային, Ֆերգյուսոնին, Ուկրաինային, մալազիական ինքնաթիռներին:

 

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Հայտնի էպատաժային երգչուհի Լեդի Գագան սենսացիոն հայտարարություն է արել, ըստ որի՝ իրեն 19 տարեկանում բռնաբարել են: Հովարդ Սթերնի շոուի ժամանակ աստղը պատմել է, որ իրենից երկար ժամանակ է պահանջվել՝ այդ ցավը հաղթահարելու համար: E! Online-ի փոխանցմամբ՝ երգչուհին խոստովանել է, որ բռնաբարողը եղել է իր պրոդյուսերը:
«Երբ ես սովորում էի կաթոլիկ դպրոցում, ինձ հետ ահավոր դեպքեր էին տեղի ունենում: Այդ շրջանում իմ հեղինակած «Swan» երգում ես արտահայտեցի իմ մեջ եղած ողջ զայրույթը եւ ցույց տվեցի այն ողջ աշխարհին»,-հայտնել է Լեդի Գագան: Նա հավելել է, որ ինքն իր հաջողությունների համար պարտական չէ «ինչ-որ զզվելի արարածի»: Երգչուհու խոսքով՝ ինքը բազում սարսափելի դժվարությունների միջով է անցել եւ այժմ կարողանում է ծիծաղել դրանց վրա:




Լրահոս