Դեռեւս մեկ տարի առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» որպես միավոր ձեւավորվեց, առաջին մամլո ասուլիսի ժամանակ պայմանագրի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն այդ օրերի համար արտասովոր տեղեկություն հայտնեց: Երբ դեռ ԵՏՄ-ի մասին պատկերացումները մշուշոտ էին, մենք չգիտեինք՝ ինչ է այդ կառույցը, ինչ է սպասվում մեզ, Սասուն Միքայելյանը բացահայտեց, որ. «Եթե մենք մտնում ենք մաքսային միություն, 3-րդ պետությունից ներկրում ենք Հայաստան, մաքսազերծումը շատ բարձր գներով կլինի: Եթե որոշ մարդկանց կթվա, որ որոշ ապրանքատեսակների էժանացում կլինի, այդքան էլ այդպես չէ. հիմնականում պրոբլեմ ենք ունենալու: ՌԴ-ն կձգտի, որ այլ ապրանքներ չգան Հայաստան: Այսինքն՝ անկախ տնտեսություն չի լինի: Մենք տեր ենք բերելու մեր վրա՝ դառնալով կատարող: Մենք համաձայն ենք համագործակցել, բայց հավասարը հավասարի, բայց ոչ թե վասալ դառնանք»: Նրա ասածները ժամացույցի ճշգրտությամբ մեկ տարի անց իրականություն են դառնում, եւ երեկ «Բլից ինֆո» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Ս. Միքայելյանը հայտարարեց, որ. «Հիմա հիմք են դրվում շատ վատ գործընթացների: ՀՀ-ն կկորցնի իր անկախությունն ու ինքնիշխանությունը. այս ձեւով պետք չէր միանալ որեւէ կառույցի: Ես անկախության մարտիկ եմ եղել, էս ինչ են անում»:
ՀՀ Ազգային ժողովը երեկ 103 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ՀՀ ԱԺ պատգամավորները լրագրողների հետ զրույցներում չէին թաքցնում, որ ԵՏՄ անդամակցությունը պարտադրված է, որ այսպիսով պաշտոնապես Հայաստանը դառնում է Ռուսաստանից կախված: Բայց, միեւնույն է, բացառությամբ յոթ հոգու, բոլորը միահամուռ կողմ քվեարկեցին: Ոչ իշխանական ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն, որոնք առիթը բաց չեն թողնում իշխանութուններին քննադատելու համար, նույնպես կողմ քվեարկեցին: Այսպիսով՝ որպեսզի Հայաստանի անդամակցութունը ԵՏՄ-ին ուժի մեջ մտնի եւ սկսի գործել, մնում է, որ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարանները վավերացնեն հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին», մայիսի 29-ին Աստանայում ստորագրված պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:
Պարզվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն առնվազն վերջին երեք տարիներին գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը չի ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Բանն այն է, որ համապատասխան հայտարարագրերը նշված հանձնաժողովի պաշտոնական կայքէջում անգամ չկան: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից «Ժողովուրդ»-ին պատասխանեցին, որ եթե իրենց կայքում հայտարարագրերը չկան, նշանակում է համապատասխան պաշտոնյան չի ներկայացրել դրանք, հակառակ դեպքում փաստաթուղթն անպայման հրապարակած կլինեին: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ Միհրան Պողոսյանը Հայաստանի պաշտոնյաներից ամենաարտոնվածն է, ավելին, քան անգամ Սերժ Սարգսանը, որի հայտարարագրերը նշված հանձնաժողովի կայքում տեղադրված են: Ինչ է սա, եթե ոչ Գալուստ Սահակյանի ասած «բեսպրեդելը»:
Ով կմտածեր, որ Հայաստանում ՀՀԿ-ական օլիգարխին ինչ-որ մարդիկ կարող են «քցել», բայց պարզվում է՝ նման բան հնարավոր է: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը փորձում է դատարանների միջոցով ստանալ իր գումարները, սական առաժմ՝ ապարդյուն: Արտակ Սարգսանի ընկերությունը «Ապիկոլա» ՍՊԸ-ից դատարանի միջոցով ցանկանում է գանձել 2 միլիոն 200 հազար դրամ: Իսկ մեկ այլ` «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ից էլ պատգամավորի «ՍԱՍ գրուպը» ցանկանում է դատարանի միջոցով ստանալ 769 հազար դրամ: Նշենք, որ երկրորդ ընկերությունը «ՍԱՍ գրուպից» ապրանք է պատվիրել եւ «թռել»: Այժմ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ին փնտրում եւ չեն գտնում, քանի որ ընկերության եւ նրա տնօրինության գտնվելու վայրն անհայտ է: Այնպես որ՝ Հայաստանում միայն հանրապետականները չէ, որ «քցում» են, կան մարդիկ, ովքեր հանրապետականներին են «քցում»:
ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
«Նաիրիտ» գործարանն ու նրա աշխատակիցներն անլուծելի խնդիր են դարձել Հայաստանի գործող իշխանության համար: Այս հարցով որքան շատ են քննարկումներ ծավալվում, այնքան մշուշոտ հարցեր են երեւան գալիս: Նախօրեին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը եւ «Նաիրիտի գործով» ենթահանձնաժողովը դռնփակ նիստ էին անցկացրել: Թե ինչ էին քննարկել, կողմերից որեւէ մեկը չմանրամասնեց՝ բացի հերթապահ մտքերից, թե քննարկում են, մտահոգվում են, փորձում են լուծումներ գտնել: Հատկանշականն այն էր, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի նախագահությամբ կայացած նիստի հաջորդ օրը՝ հենց երեկ, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքվեցին «Նաիրիտ»-ի աշխատակիցները՝ ավանդական դարձած պահանջով՝ «վճարե՛ք մեր աշխատավարձերը»: Այսինքն՝ գործարանի աշխատակիցներն ԱԺ պատգամավորների հետ ունեցած զրույցից ու ենթահանձնաժողովից հույսեր չունեն: Ավելին՝ երեկվա բողոքի ակցիայի ժամանակ մեկ պահանջ էլ էր ավելացել. բանն այն է, որ արդեն վեց տարի հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին ուղարկվում են ծանուցագրեր՝ փետրվարի 6-ից կրճատման հետեւանքով աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Իհարկե, «Նաիրիտ»-ի աշխատակիցները հրավիրվել են ներս՝ քննարկման, սակայն նախօրոք ցուցակագրված յոթ աշխատողներից միայն չորսին են թույլատրել հանդիպել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ ու ներկայացնել ունեցած խնդիրները: Ավելի ուշ պարզվեց, որ նախագահականում խոստացել են վճարել եւս մեկ ամսվա աշխատավարձ, իսկ կրճատումների մասով հստակ ոչինչ չի ասվել:
Այսինքն՝ հարցը կրկին չի լուծվել, ինչը նշանակում է, որ մեր երկրում ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունն անգամ ի վիճակի չէ մի գործարանի խնդիր կարգավորելու: Ու որքան էլ տարաբնույթ պատճառաբանություններ բերվեն, թե «Նաիրիտի» թնջուկը մեկ օրում լուծելի չէ, միեւնույն է՝ դա արդարացում չէ, քանի որ այդ իրավիճակը մեկ օրում չէ, որ ձեւավորվել է: 2008 թվականից ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնում է Սերժ Սարգսյանը: ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով հստակ լիազորություններ են տրված նրան. «Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:
Ու եթե այսօր «Նաիրիտի» խնդիրը չի լուծվում, աշխատակիցները ստիպված են լինում պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնել, նշանակում է, որ կա՛մ Սերժ Սարգսյանը մեր երկրի գլուխը չէ, կա՛մ էլ լավ չի հետեւել Սահմանադրության պահպանմանը, չի ապահովել տվյալ դեպքում օրենսդիր եւ գործադիր իշխանության բնականոն գործունեությունը: Ի՞նչ հետեւություն կարելի է անել այս իրավիճակից, եթե ոչ այն, որ ՀՀ նախագահն իր տեղում չէ: