ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ասենք, որ Հայաստանում խուճապային վիճակ է տիրում, ապա նշանակում է՝ ոչինչ չենք ասել: Հայաստանում ստեղծված իրավիճակն ավելին է, քան խուճապը: Մարդիկ միմյանց հանդիպելուց առաջին հարցը, որ տալիս են՝ «բա ի՞նչ է լինելու»-ն է: Սարսափելին այն է, որ այդ հարցը պատասխան չունի:

Հայաստանում ստեղծված այսօրվա իրավիճակը նույնիսկ համեմատվում է 91-92 թվականների հետ` ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ բոլորին ակնհայտ էր, որ գնալով իրավիճակը վատանալու է: Սակայն նախկինում վատ սպասումների հետ միասին մարդիկ գիտեին, թե հանուն ինչի են այդ զոհաբերությանը գնում, եւ որ պատերազմի ավարտից հետո իրավիճակը շտկվելու է: Իսկ այժմ մարդիկ համակված են վատի սպասումով, չգիտեն՝ ինչու պետք է այդ զրկանքները կրեն եւ, ամենակարեւորն է, հայտնի չէ, թե երբ է այս անկման գործընթացը կանգ առնելու:
Իհարկե, նորմալ պետություններում նման իրավիճակում երկրի ղեկավարն ուղերձով դիմում է ժողովրդին, փորձում է բացատրել ստեղծված իրավիճակի պատճառները, մատնանշում է դրանից դուրս գալու ուղիները, ասուլիս է հրավիրում եւ լրագրողների հարցերին պատասխանելով՝ շփվում հասարակության հետ` ցույց տալով, որ երկրի ղեկավարը տիրապետում է իրավիճակին: Սակայն Հայաստանը վաղուց դադարել է նորմալ պետություն լինելուց, քանի որ պետությանը հատուկ ինստիտուտները մեզանում չեն գործում: Բայց միեւնույն ժամանակ չենք կարող անտեսել, որ որոշ մարդիկ իրենց հռչակել են Հայաստանի ղեկավար եւ արտաքին աշխարհում Հայաստանի Հանրապետության անունից են հանդես գալիս: Ուստի հարց է ծագում՝ իսկ ինչո՞վ են նրանք զբաղված այս օրերին:
Սերժ Սարգսանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երեկ նա պարապ է եղել, քանի որ ոչ մի հաղորդագրություն չկա, դեկտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին, դրա նախորդ օրը գնացել է Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգին, մինչ այս էլ՝ նոյեմբերի 29-ին, այցելել է նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, այնտեղից էլ Արագածոտնի մարզ, գինու գործարան է գնացել: Իհարկե, կարող ենք շարունակել թվարկել, բայց պատկերը նույնն է. եթե ստացվել է՝ օրը մեկ կամ երկու պաշտոնական հանդիպում է ունեցել, մարդ-մուրդ է ընդունել, նկարվել ու այդպես օրն անցկացրել է:
Ավելին, եթե մի պահ հետադարձ հայացք գցենք անցած վեց տարիների վրա, կտեսնենք, որ Սերժ Սարգսյանը, նախագահական նստավայրը «գրավելուց» հետո, երբեւէ լրագրողների լայն մասնակցութամբ ասուլիս չի հրավիրել: Այս ընթացքում նա մեկ անգամ` 2008-ի ապրիլին, բլոգերների հարցերին է պատասխանել, որոնք իբր ինտերնետ օգտատերերի հարցերն էին փոխանցում: Դրանից հետո էլ մի երկու անգամ մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչների են նախագահական հրավիրել եւ նրանց ներկայությամբ Սերժ Սարգսյանն ասել է այն, ինչ ցանկացել է, եւ դրանով ամեն ինչ ավարտվել է: Վերջին անգամ նա հեռուստաընկերութունների ներկայացուցիչների հարցերին պատասխանել է 2013-ի մարտի 18-ին, եւ ինչպես հայտնի է՝ դա էլ առանց «պատահարների» չանցավ: Սերժ Սարգսանը մի քանի հայտարարություն արեց, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, սուտ էին: Արդյունքում՝ նա եւ նրա թիմը եկել են եզրակացության, որ ավելի լավ է «շեֆը» չխոսի կամ խոսի միայն «պրատակոլով»:
Հիմա ունենք մի իրավիճակ, որտեղ Հայաստանի իշխանության ղեկին կանգնած է մարդ, որն ի վիճակի չէ իր համար անսպասելի հարցերին պատասխանել, մարդ, որի ցանկացած չծրագրված քայլ կարող է սկանդալի վերածվել, քանի որ հարիր չէ իր զբաղեցրած դիրքին: Թերեւս հենց այս հանգամանքն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը ո՛չ եվրոպացիներին է կարողանում մերժել, ո՛չ ռուսներին ու անգամ՝ թուրքերին (ֆուտբոլային դիվանագիտությամբ դոլմա ուտելը չի մոռացվի):
Արդունքում՝ նա իր այդ ոչ ադեկվատությամբ Հայաստանի տնտեսությունը հասցրել է կործանման եզրին: Ի դեպ, վերը բերվածն ամենեւին չի նշանակում, թե նա ընդհանրապես շրջապատի եւ կյանքի նկատմամբ ադեկվատ չէ: Նա, որպես «դոն», միգուցե լրիվ ադեկվատ է: Բայց ՀՀ Սահմանադրությամբ «դոնի» կարգավիճակը հստակեցված չէ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ ԱԺ «գազի» ժամանակավոր հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկել են, թե ի վերջո, երբ կարող են միջանկյալ զեկույց ներկայացնել հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի անդամները որոշել են միջանկյալ զեկույցը ներկայացնել ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Այն շատ կարճ բովանդակություն է ունենալու: Սա այն դեպքում, որ դեռեւս մարտին, երբ ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողովը, հայտարարվել էր, թե իբր այն տարվա վերջին կամփոփի իր աշխատանքները: Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հանձնաժողովի անդամները հարցումներ են ուղարկում տարբեր գերատեսչություններ եւ պարզաբանումներ են խնդրում, որի հիման վրա իբր մոտ 3 հազար էջանոց եզրակացություն պետք է պատրաստեն: Ի դեպ, հանձնաժողովը պարզել է, որ «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը, որը ժամանակին պատկանել է ՀՀ Կառավարութանը եւ 150 մլն դոլարի պարտքի դիմաց տրվել է «Գազպրոմ»-ին, որեւէ մեկը չի գնահատել: Չկա համապատասխան փաստաթուղթը, որը կհիմնավորի, որ այդ բաժնեմասը հենց 150 մլն դոլար է արժեցել եւ ոչ թե ավելի թանկ:

 

ՎՊ-Ն ԱՌԱՆՑ ԾՐԱԳՐԻ
Երեկ խորհրդարանը քննարկեց վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի գործունեության ծրագիրը: Սակայն ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անձամբ չներկայացրեց այն, ինչն առաջացրել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորների զայրույթը: Ինչո՞ւ Իշխան Զաքարյանը չի ներկայացնում ԱԺ-ում վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը: Ավելին՝ նախկինում ծրագիրը նախապես քննարկվել է ՀՀ ԱԺ խմբակցությունների հետ, ինչն այս տարի չի արվել: Նշենք, որ ՎՊ տարեկան ծրագիրը ներկայացնում էր ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանը: Վերջինս հայտարարեց, թե Իշխան Զաքարյանն արձակուրդում է ու կվերադառնա մյուս շաբաթ: «Գուցե ՎՊ հաշվետվության քննարկումներն են երկար տեւել, դրա համար չեն հասցրել»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Գեւորգյանը: Ի դեպ, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: ԱԺ-ն սկսել է քննարկել ՎՊ-ի եկող տարվա ծրագիրը՝ առանց անցած տարվա աշխատանքի հաշվետվությունը քննարկելու: Նշենք նաեւ, որ առանց ՎՊ-ի եկող տարվա ծրագրի այդ կառույցը չի կարող գործել: Ուստի, հաշվի առնելով այն փաստը, որ երեկ խորհրդարանը չհասցրեց այդ հարցը քվեարկել, ենթադրվում է, որ այն քվեարկութան կդրվի դեկտեմբերի 15-ին հրավիրվելիք արտահերթ նիստում:

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ  ՆԱՀԱՆՋԵԼ Է
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պարզել, թե, ի վերջո, ինքը մտադրություն ունի՞ պաշտոնանկ անել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: «Դե՛, ոչինչ հիմա, երիտասարդ է, իմ գործընկերն է, ինչի պետք է աշխատանքից ազատեմ»,-պատասխանեց Աբրահամյանը: Դե՛ հա, եթե ձեռքը չես կարողանում կտրել, ապա համբուրի՛ր ու դի՛ր գլխիդ:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀՈՐՈՎ-ՄՈՐՈՎ
ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քվեարկության ժամանակ միակ ձեռնպահ քվեարկողը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր: Մյուս դաշնակցականները կողմ էին: Իսկ դեմ քվեարկողները Էդմոն Մարուքյանն էր, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը: Տեղեկացնենք, որ երեկ ԱԺ-ում գրանցվել է 124, սակայն քվեարկել է 111 պատգամավոր, որից 103-ը՝ կողմ: Ովքե՞ր են քվեարկությունը բոյկոտած 13 պատգամավորները՝ Հրանտ Բագրատյանը, ՀՀԿ-ից Առաքել Մովսիսյանը, Սպարտակ Մելիքյանը, ԲՀԿ-ից Գրիգորի Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արա Արամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Վահե Հովհաննիսյանը:
Ի դեպ, քվեարկությունից անմիջապես հետո ՀՀԿ խմբակցության անդամները, ոգելից խմիչքի բաժակները ձեռքներին, արդեն նշում էին իրենց «հաղթանակը»` ԵՏՄ անդամակցության պայմանագրի եւ 2015 թվականի պետական բյուջեի մասին նախագծի վավերացումը:

 

ՎԱՐԿ ԿԲԵՐԻ
Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա` մասնակցելու Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի խորհրդատվական խմբի նիստին: ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում ԿԲ-ի նախագահը հանդիպում ու բանակցություններ կունենա Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ, որոնց արդյունքում կստորագրվի 50 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ուղղված գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը:

 

ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ
Հայաստանի Կառավարությունն այսօր մեկ տարով երկարաձգեց նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդրման վերջնաժամկետը՝ առաջիկա հունվարի 1-ից տեղափոխելով 2016 թվականի հունվարի 1: Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետն այս տարի արդեն երկու անգամ հետաձգվել էր, նախորդ անգամ վերջնաժամկետ էր սահմանվել 2015-ի հունվարի 1-ը:

 

ԿԵՑՑԵ ՇԵՖԸ
Ռուսական ՁԸհհ լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղերձով դիմել է Դաշնության խորհրդին, որը տեւել է 70 րոպե: Պուտինի ելույթը 39 անգամ ընդհատվել է ծափահարություններով: Ամենաբուռն ծափահարությունները հնչել են ելույթի այն մասում, որում պետության ղեկավարը խոսել է Ղրիմի վերամիավորման եւ Ռուսաստանի պետական ինքնիշխանության ապահովման մասին:

 

ՄԻԱՑԱՆ ԲՀԿ-ԻՆ
Հայաստանի լիբերալ կուսակցությունը միացել է համաժողովրդական շարժմանը: Կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած լայն քաղաքական, հասարակական կոնսոլիդացիայի գաղափարն այսօր դառնում է իրականություն:

 

ՈՒՇԱՑԱԾ  ՀՐԱՀԱՆԳ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց գործադիրի հաջորդ նիստում ներկայացնել գնաճի մասին տեղեկություն: Այսինքն՝ մեկ շաբաթից ավել է՝ մարդիկ խուճապի մեջ են, ամեն ինչ թանկացել է անգամ իներցիայի ուժով, սակայն գործադիրը նոր է մտահոգվում ու հրահանգներ տալիս:




Լրահոս