ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ եթե իսկապես ուժեր կան խորհրդարանում, որոնք ցանկանում են Սերժ Սարգսյանի ռեժիմը փոխել, պետք է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած իմպիչմենթի նախագծին միանային:

«Բայց անհրաժեշտ էր 44 ստորագրություն, եղավ ընդամենը 3-ը: Էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Միքայելյանը:
Նրա խոսքերով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եթե գնա իշխանափոխության, ինքը եւս կմիանա, բայց «եթե գնա»: Իր դիրքորոշումը Ս. Միքայելյանը պայմանավորեց զուտ գործող իշխանություններից ազատվելու հրամայականով: Նրա կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի դեպքում գոնե իշխանափոխություն կլինի. «Այսօր այնպիսի իրավիճակ է, որ չարյաց փոքրագույնը պիտի ընտրես»:
Դրա հետ միասին «Սասուն» ջոկատի հրամանատարը կարծիք հայտնեց, որ եռյակի ուժերից «Բարգավաճ Հայաստանը» եւ Հայ ազգային կոնգրեսը, կողմ արտահայտվելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ընդամենը Մոսկվայի «թագ» ստանալու խնդիր են ուզում լուծել: «Իրենց արդեն չի հետաքրքրում` ուր է Հայաստանը գնում: Նրանք ուզում են թագաժառանգ դառնալ, էն որ ասում է` «ՍՏՐՏվՈ ՐՏրրՌռրՍՏռ ՌՎտպՐՌՌ», ո՞ւմ գլխին կդնեն ռուսական թագը, կմնա՞ Սերժ Սարգսյանի գլխին, թե՞ նրանցից որեւէ մեկը կվերցնի: Ես տարբերություն չեմ տեսնում, որովհետեւ ես անկախության համար պայքարող մարտիկ եմ եղել, քաղաքացի, քաղբանտարկյալ եւ այսօր ես մեծ վտանգ եմ տեսնում, որ մենք բռնել ենք այս ճանապարհը»,- նշեց հայտնի ազատամարտիկը:
Սասուն Միքայելյանի կարծիքով՝ նշված ուժերը գնում են ոչ թե իշխանափոխության, այլ իշխանափոխանցման. «Դուք ԱԺ քննարկումների ժամանակ տեսաք, որ իրենք կողմ էին ԵՏՄ մտնելու նախագծին, այսինքն` իրենք բոլորը ղեկավարվում են Ռուսաստանի կողմից: Ես ասել եմ` այս երեք նախագահները պետք է հեռանան: Եթե այս երեք նախագահները չհեռանան, այս երկիրը զարգացում չի ունենա: Քոչարյանը միշտ էլ կապ է ունեցել ու կունենա, եւ ես երբեք չեմ հավատացել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տարբեր մարդիկ են»:
Լրագրողի հարցին` ուրեմն կմիանա՞ք եռյակին, Ս. Միքայելյանը պատասխանեց.«Եռյակն ո՞վ է: Հլը եռյակը թող իրար կողքի կանգնի, նոր: Մեզ միշտ քննադատում, ասում են` ինչի՞ չեք գալիս: Գանք` ի՞նչ անենք: Մենք` ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», ասում ենք` եթե դուք պահանջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականը, մենք միանալու ենք»:
Խոսելով ԵՏՄ պայմանագրի մասին՝ Ս. Միքայելյանն ասաց, որ այսօր մեծ վտանգ է տեսնում, մենք մեկուսացվելու ենք աշխարհից: Ապա անդրադառնալով ԵՏՄ անդամակցության այլընտրանք չունենալու հարցին՝ նա նշեց, որ դա արդյունք է այս ընթացքում բոլոր բնագավառներում արձանագրված հետընթացի, եւ այդ բնույթի հայտարարություններն արվում են քայլն արդարացնելու նպատակով։ Բանախոսը թվարկեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առկայությունը, Ուկրաինայում խորացող ճգնաժամը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, վերջինիս ռազմական բյուջեի աճը եւ այլ հանգամանքներ՝ որպես լուրջ մարտահրավերներ։ Բանախոսը հայտնեց, որ դեմ չէ որեւէ միություն մտնելուն, խնդիրն այն է, որ Հայաստանը լինի որպես պետություն եւ կախում չունենա այդ միությունից։
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Արցախի խոցված ուղղաթիռի ու դրան հետեւած զարգացումների մասին, ի պատասխան՝ Միքայելյանն ասաց. «Ես հպարտ եմ, որ կարողացանք հետ բերել մեր տղաների աճյունները: Մեզ անհրաժեշտ է դրսեւորել համախմբվածություն եւ ստեղծել ներքին դաշտ՝ հնարավոր պատերազմին դիմակայելու համար»:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ ՆՐԲԵՐՇԻԿ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ Է «ՀԱՅԿԱԶՈՒՆՔ» ՍՊԸ-Ն

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման դեպքերից հետո մոտ մեկ շաբաթ է, ինչ կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը. հետաքննություն է կատարվում: Սննդային թունավորման արդյունքում 70 երեխա են հոսպիտալացվել, որոնց մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նշենք, որ այս մանկապարտեզը գտնվում է Եղվարդի քաղաքապետարանի ենթակայության տակ:

Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը: Մանկապարտեզի սաների թունավորումից օրեր անց՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն համապատասխան ստուգումներ իրականացնելուց հետո, հայտարարեց, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանին, որ ՀՀ առողջապահության նախարարի՝ նախորդ տարվա օգոստոսի 12-ի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն:
Այս առիթով երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մուրադխանյանի հետ. «Մենք անհանգստացած ենք տեղի ունեցածով: Քրգործ է հարուցված, եւ հիմա հետաքննություն է ընթանում: Քաղաքապետարանը չունի իր ենթակայության տակ գտնվող լաբորատորիաներ, նաեւ լիազորություններ չունենք, որպեսզի մենք ինքներս փորձաքննություն անցկացնենք: Այս պահին մանկապարտեզի ե՛ւ պահեստը, ե՛ւ խոհանոցը կապարակնքված են, եւ մուտքը փակ է: Սպասում ենք հետաքննության արդյունքներին»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին՝ կպատժվի՞ տնօրենը, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Եթե պարզվի, որ նա մեղավոր է, ապա կպատժվի, այն էլ՝ շատ խիստ»: Մուրադխանյանի փոխանցմամբ՝ հոսպիտալացված երեխաների մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, եւ հիմա լավ են:
Զրուցեցինք նաեւ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Մարիետա Մանուկյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչու է խախտել առողջապահության նախարարի՝ նախորդ տարվա հրամանը եւ սաներին նրբերշիկով կերակրել: Սակայն վերջինս լսելով հարցը՝ հակիրճ պատասխանեց. «Խնդրում եմ, հոգնել եմ ամեն ինչից: Չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»,- ու անջատեց հեռախոսը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՍԱՊԾ-ի կողմից ուսումնասիրվել են նաեւ մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները՝ «Հայկազունք», «Հակ-Մակ» եւ «Հելթի-Ֆուդ» ՍՊԸ-ները: Մատակարարող այս ընկերություններին արդեն արգելվել է մանկապարտեզներ սննդամթերք մատակարարել: Իսկ մանկապատեզին նրբերշիկ մատակարարել է «Հայկազունք» ՍՊԸ-ն, որի տնօրենը երեկ ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին: Անպատասխան մնացին նաեւ «Մուշ» ընկերությանն ուղղված մեր հեռախոսազանգերը: Հավելենք, որ այս օրերին միաժամանակ ստուգումներ են իրականացվում նաեւ «Մուշ» ՍՊԸ-ում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՄԱՐԶԵՐ

ԾԱՌԱՅԱԿՑԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
Դեկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում ծնկից վերեւի հատվածում հրազենի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կարեն Գագիկի Անանյանը: Նա նոր է ավարտել ժամկետային զինծառայությունը: Վիրավորվածի հայրը՝ Գագիկ Անանյանը, Նոյեմբերյան քաղաքում տրակտորիստ է աշխատում: Կարենը ներկայումս գտնվում է Երեւանում՝ կենտրոնական զինվորական հոսպիտալում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրա վիրավորվելը ոչ թե ադրբեջանական զինուժի, այլ ծառայակցի գործողության հետեւանքով է տեղի ունեցել: Իսկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, թե «որեւէ այլ մանրամասն չկա հայտնելու»:

 

«ԽՈՐՏԱԿԵԼ» Է ԱՐԱԳԱՉԱՓԸ
Մի քանի օր առաջ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներից մեկը իր անձնական օգտագործման ավտոմեքենայով արագ ընթացել է գյուղի տարածքում տեղադրված արագաչափի կողքով: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին տեղադրված արագաչափը լուսանկարահանում-թարթումով արձանագրել է սահմանված արագության խախտումը:
Ըստ Նոյեմբերյանի տարածաշրջանում շրջանառվող զրույցների՝ ոգելից խմիչք օգտագործած բերդավանցին, տեսնելով արագաչափի լուսաթարթումը, կանգնեցրել է մեքենան եւ սկսել հանդիմանել արագաչափին, թե ինքը սարքին ինչ վատ բան է արել, որ այն լուսանկարել է իրեն: Այնուհետեւ բերդավանցին գնացել է իր տուն, գործարկել «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, վերադարձել եւ բեռնատարով «խորտակել» արագաչափով հենասյունը: Համագյուղացիները լավ են ճանաչում արագաչափը տապալած համագյուղացուն: Բերդավանցիները նրան բնութագրում են որպես հավասարակշիռ անձնավորության: Վերջինիս արարքներն արձանագրվել են արագաչափի կողմից, եւ նա պետք է պատասխատվություն կրի սահմանված արագությունը գերազանցելու եւ թանկ սարքավորումը վնասելու համար: Ահա թե ինչ օրի են հասցրել արագաչափերը գյուղացիներին:

 

ՄԻԱՅՆ ՄԵԿ ՀԱՍՏԻՔ
2011թ. մոսկվայաբնակ մովսեսցիների կողմից սահմանամերձ գյուղին նվիրվեց հրշեջ մեքենա: Սակայն 3 տարի այդ մեքենան գործարկող չկար: Այս տարվա ամռանը հայտարարվեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը Մովսեսի հրշեջ մեքենան աշխատեցնելու համար տրամադրել է 2 հաստիք: Բերդի տարածաշրջանի Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ այդ հաստիքները հատկացվե՞լ են. «Ո՛չ, առայժմ մի հաստիք է տրվել, մյուսն էլ հետագայում է տրվելու»: Ստացվում է, որ Մովսես գյուղում կամ հարակից տարածքներում, եթե հրդեհ լինի, այդ մի մեքենայով մեկ աշխատակիցը պետք է շտապ դեպքի վայր հասնի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս