ՀԻՄԱ ԷԼ ՇՈՒԿԱՆ ԿԱ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուստր Մելանյա» ընկերությունը, որը զբաղվում է պանիրների արտադրությամբ, այս օրերին ռուբլու արժեզրկման պատճառով մեծ վնասներ է կրում: Այս ընկերությունն իր արտադրանքը Ռուսաստանի Դաշնությունում դեռ չի թանկացրել, բայց այդ հեռանկարն անխուսափելի է:

Այս եւ մյուս տեղական արտադրողներին ռուսական շուկան փաստի առաջ է կանգնեցրել: Եթե մինչեւ հիմա ապրանքներն անկանոն խմբաքանակով էին արտահանվում դեպի ՌԴ, ապա հիմա ռուսական շուկան կոնկրետ խնդիր է դրել նրանց առաջ: Հիմա առաջ է եկել ապրանքային տեսքով հայկական արտադրանքը ռուսական շուկա հանելու խնդիրը: Իհարկե, ԵՏՄ շրջանակներում գործընկերության ընդլայնումը միմիայն գովելի է, քանի որ ավելի կխստանա ոչ միայն արտադրանքի որակի, այլեւ տեսքն ապահովելու հարցը: Այլ բան է, թե դա որքանով կբարձրացնի ապրանքի ինքնարժեքը: Չէ որ որակյալ ապրանքն ավելի բարձր ինքնարժեք է ունենում: Բացի այդ՝ հայ արտադրողի համար հավելյալ ծախսեր կարժենա նաեւ ապրանքային տեսք կոչվածը: Չէ որ գեղեցիկ, ամուր, գրավիչ փաթեթավորումը փող արժի: Սակայն հակառակ լավատեսությանը՝ օդից կախված է մնում հարցերի հարցը՝ ի՞նչ ընդունելություն կգտնի հայկական արտադրանքի «լայնամաստշաբ գրոհը» ռուսական շուկայում:
Բայց որքան էլ լավատես լինենք, այնուամենայնիվ, եկեք ընդունենք, որ ռուսաստանցի սպառողին անծանոթ է հայկական արտադրանքի տեսականին: Հայկական կողմի մրցունակ արտադրանք ունենալու մասին հավաստիացումները դեռ պետք է ռուս սպառողի համարժեք գնահատականին արժանանան: Խնդիր, որի լուծումը լուրջ ջանքեր է պահանջում:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց պանրի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մելանյա» ընկերության պետ Ասատուր Հարությունյանի հետ:
-Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Ձեր ընկերությունն ի՞նչ խնդիրներ կունենա:
-Մենք շուրջ 15 տարի է, ինչ մեր արտադրանքն արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն: Նշեմ, որ Հայաստանում առանձնապես մեծ մրցակցություն չկա պանիրների արտահանման բնագավառում: Բացի այս՝ պանրի արտահանումով Հայաստանում զբաղվում են ոչ մեծ քանակությամբ ընկերություններ: Հիմնական խնդիրն այն է, որ նույնատիպ ապրանք արտահանողները ռուսական շուկայում մրցակցության առումով բարեխիղճ աշխատեն:
-Արտահանման ընթացքում ռուբլու արժեզրկումն ի՞նչ ազդեցություն է ունենում ընկերության գործունեության վրա:
-Վերջին ամիսների տվյալներով, իհարկե, դա խնդիրներ է առաջացրել, ինչի արդյունքում մեր ձեռնարկությունն արտահանման առումով որոշակի վնասներ է կրում: Հուսով ենք, որ առաջիկայում նույն ԵՏՄ-ի շրջանակներում այս խնդիրը եւս կկարգավորվի:
-Ձեր արտադրանքը միայն ՌԴ է՞ արտահանվում:
-Այո՛, միայն ՌԴ:
-Վերջին օրերին կաթնամթերքի շուկայում թանկացումներ են արձանագրվել: Ներքին շուկայում կթանկանա՞ Ձեր արտադրանքը:
-Վստահեցնում եմ, որ պանրի շուկայում գնային փոփոխություններ այս պահի դրությամբ տեղի չեն ունենում: Քանի որ Հայաստանում արտադրված պանրի քանակությունը բավարարում է ներքին շուկայի պահանջարկը:
-Իսկ ռուսական շուկայում չե՞ք փորձում թանկացնել:
-ՌԴ-ի դեմ գործող սանկցիաների կիրառման պատճառով ռուսական շուկայում պանրի նկատմամբ պահանջարկը բարձրացել է: Հիմա ռուսական շուկայում պանրի առումով որոշակի բաց կա: Բայց մյուս կողմից Հայաստանի արտադրությունն իր ծավալներով բավականին փոքր է, եւ մեզ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի ռուսական շուկայում կարողանանք հաստատվել: Այս ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել ռուսաստանցի գործարարների հետ, ովքեր մեզ առաջարկում են մեր արտադրանքը համապատասխանեցնել ավելի շատ եվրոպական արտադրության պանիրների հետ՝ քիչ աղի պարունակությամբ եւ սննդի անվտանգության բարձր չափանիշներով:
-Եւ դրանք ապահովելու համար Ձեր ձեռնարկությունն անհրաժեշտ սարքավորումներով ապահովվա՞ծ է:
-Ո՛չ: Մեր ձեռնարկությունը կոնկրետ համապատասխանում է սննդի անվտանգության չափանիշներին, սերտիֆիկացված ձեռնարկություն է: Բայց անհրաժեշտ տեխնոլոգիա այս պահին չունենք: Պատրաստ չենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ԴԻՄՈՒՄ ՍԴ-ԻՆ

«ԴԵՄ ԵՄ» թիմը դիմել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ ահազանգելով, որ 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի փոփոխությունները որեւէ կերպ չեն բավարարում ՀՀ ՍԴ ս.թ. ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշման պահանջները. այդ փոփոխությունները, ըստ էության, ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀ հերթական վարչապետի եւ Կառավարության հերթական կաբինետի արհեստավարժ աճպարարության արդյունք ընդամենը:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Նոր օրինագծով խտրականությունը ոչ միայն չվերացվեց, այլեւ ավելի խորացվեց՝ սահմանելով նոր տարիքային շեմ՝ 1996 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնվածների մուտքը համակարգ, ինչպես նաեւ՝ անհիմն ժամանակային սահմանագիծ, այն է՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ վարձու աշխատող լինելու հանգամանքը: Ավելին՝ 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած թիվ ՀՕ-67-Ն օրենքով դրվեց մեկ այլ խտրականություն, որով արգելք տրվեց հրաժարվելու սոցիալական վճարներ կատարելուց «ՀՀ հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային ծառայողների եւ մի շարք այլ գերատեսչությունների աշխատողներին՝ պարտադիր եղանակով ընդգրկելով նրանց կուտակային համակարգ:
Բացի դրանից՝ օրենքի 01.07.2014 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններով, մասնավորապես օրենքի 81-րդ հոդվածով, նախատեսվեց, որ 2014 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը պահված գումարները ենթակա են վերադարձման 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես, մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը համապատասխան դիմումը լիազոր մարմնին ներկայացնելուց հետո: Այստեղ, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետը, խախտված է նաեւ անհիմն հարստացման ինստիտուտի դրույթները եւ վերջինից բխող հետեւանքների վերականգնումը, քանզի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կողմից հայտարարվեց, որ գումարները ենթակա կլինեն վերադարձման 2-3 տոկոս գործառնական ծախսերի պահումներով:
Այսպիսով՝ սույն թվականի հունիսի 21-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում, համաձայն հաշվիչ հանձնաժողովի հաշվետվության, 67 կողմ ձայնով, իսկ իրականում խորհրդարանական մեծամասնության կողմից ցինիկաբար թույլ տրված ընթացակարգային բացառիկ խախտումներով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը սահմանելով հերթական հակասահմանադրական դրույթներ՝ կոպտագույնս շրջանցեց ՀՀ ՍԴ վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը եւ արհամարհեց հասարակության մեծամասնության օրինական պահանջներն ու դիրքորոշումն այս չարաբաստիկ օրենքի վերաբերյալ:
…Ելնելով վերոգրյալից՝ ակնկալում ենք ՀՀ ՍԴ օբյեկտիվ գնահատական, ոչ թե ՀՀ Կառավարության աճպարարությունը, այլ կատարած իրական աշխատանքը, այն է՝ 2014 թվականի ապրիլի 2-ին ՍԴՈ-1142 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման կատարումը»:




Լրահոս