ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Երեկ նախագահական նստավայրի մոտ կրկին հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանցից մի քանիսի թույլ տվեցին մտնել շենք: «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին աշխատավարձերի վճարման պահանջով: Սակայն այս անգամ նրանց պայմանները փոխվել էին. աշխատել այլեւս չեն ուզում, միայն աշխատավարձի պարտքն են պահանջում: Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ մոտ 2.000 մարդու վճարելու հնարավորություն չունեն:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ հողի հարկի եւ գույքահարկի մասով ի՞նչ արտոնություններ են գործում:

Վարդան Մելքումյան (33 տարեկան, վիրաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գույքահարկի մասով եւ հողի հարկի մասով արտոնությունները սահմանված են համապատասխանաբար «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10 եւ 11-րդ հոդվածներով:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ Կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել հողի հարկի գծով արտոնություններ: Իսկ ինչ վերաբերում է կուտակված հարկերին, ապա տարիների ընթացքում կուտակված գույքահարկի վճարումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե արդյոք գույքահարկի գանձմամբ զբաղվող իրավասու մարմնի կողմից հարկատուին ներկայացվել է տվյալ տարվա գույքահարկի վճարման ծանուցագիր: Սակայն նման ընթացակարգը շատ գյուղական համայնքներում անուշադրության է մատնված, իսկ համայնքի ղեկավարների մեծ մասն ի սկզբանե բացառում է դատական կարգով խնդրին լուծում տալու տարբերակը: Պատճառն ավելի քան հասկանալի է. ՏԻՄ մարմինները ձեւավորվում են ընտրությունների միջոցով, իսկ ընտրողները համայնքի բնակիչներն են:

 

 

 
ՀԱՐՑ. Տեսախցիկների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ վարչական ակտեր եմ ստացել՝ 53կմ\ժ արագությամբ երթեւեկելու համար, սակայն ակտերում կոնկրետ նշված չէ, թե որ փողոցում եմ կատարել խախտումները, միայն արձանագրված է՝ Երեւան քաղաքում: Խնդրում եմ պարզաբանեք՝ արդյո՞ք ես չեմ կարող հրաժարվել այդ տուգանքների գումարները վճարելուց, քանի որ հստակեցված չէ կոնկրետ փողոցը:

Կառլեն Կուրղինյան (63 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան` տեղեկացնում ենք, որ տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման փաստով կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումներն ամբողջությամբ համապատասխանում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 281 հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշմանը ներկայացվող պահանջներին, իսկ դրա հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ նշված է արագաչափ սարքի տեղակայման վայրը (փողոցը, բնակավայրը), որն էլ հանդիսանում է իրավախախտման վայրը:

ՀՀ ճանապարհային ոստիկանություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ոստիկանությունը պնդում է, որ տուգանքների եւ խախտումների վերաբերյալ հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ սահմանված որոշման դեմ քաղաքացին կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով: Սակայն փաստը մնում է փաստ, որ շատ քաղաքացիների բողոքներն անպատասխան են մնում, իսկ դատարան դիմելը անարդյունք է, քանի որ, ինչպես միշտ, սարքը «երբեք չի սխալվում», իսկ քաղաքացիների դատարան դիմելն ավելի «թանկ» է նստում իրենց վրա:




Լրահոս