ՊԻՈՆԵՐ-ՋՈԿԱՏԱՎԱՐԻ ՊԱՐԳԵՎԸ ՊԵՏՔ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը իր նախորդի պես սիրում է տարբեր տոների առիթով կոչումներ եւ մեդալներ բաժանել: Օրերս էլ հայտնի դարձավ, որ նախագահականը մեդալների եւ կոչումների տուփերի հերթական խմբաքանակն է ձեռք բերել, որ բաժանի: Սակայն բոլոր հարցումները ցույց են տալիս, որ արժանիները ոչ միայն այդ պարգեւներին չեն սպասում, ավելին՝ սպառնում են, որ եթե իրենց տան, չեն վերցնի: Երգահան Ռուբեն Հախվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու ինքն իշխանական պարգեւների չի արժանանում. «Ես ներկա Կառավարության ձեռքից ոչինչ չեմ վերցնի. դա ինձ համար վիրավորանք կլինի, ոչ թե «կոմպլիմենտ»: Նախագահն ադրբեջանական երաժշտություն նվագող մեկին, անունը չեմ հիշում, տալիս է «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան, Պուգաչովային է այդ պարգեւը շնորհում… Սերժ Սարգսյանը երեւի չի իմացել, որ Մաշտոցը սրբերի շարքին է դասվում, պիոներ-ջոկատավարի ինտելեկտով մարդ է, ի՞նչ պետք է իմանա՝ Մաշտոցն ով է»,-ասել է Ռուբեն Հախվերդյանը:

 

 

 

 

Վաչե Գաբրիելյանին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար նշանակելու հանգամանքը անակնկալ էր, քանի որ նա մի փոքր տարբերվում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարության ընդհանուր կազմից: Գաբրիելյանը, ի տարբերություն մյուս նախարարների, խոշոր գործարար չէ, այլ լավ ֆինանսիստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գաբրիելյանն այդ պաշտոնում նշանակվել է հստակ պայմանով, որ պետք է կարողանա միջազգային կառույցներից խոշոր դրամաշնորհներ եւ վարկեր «բերել»: Ենթադրվում է, որ միջազգային կառույցների հետ նրա լավ հարաբերությունները կօգնեն այդ գործում: Ու քաղաքական շրջանակներն արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի արված կանխատեսումը, թե «հաջորդ տարի իշխանությունների վարած համապատասխան քաղաքականության պայմաններում Հայաստանի տնտեսությունը համաշխարհային զարգացման ֆոնին 3.3-տոկոսանոց աճի հնարավորություն կունենա», հենց Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելով են բացատրում:

 

 

 

 
Թվում է, թե այլեւս չենք կարող զարմանալ ՀՀ իշխանությունների անհեթեթ քայլերի վրա, բայց ամեն նոր փաստից հետո հասկանում ենք, որ դեռ ինչեր չգիտենք: «Վիկիլիքսյան» գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2008-ին, երբ ներկայումս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվել է ընդհատակում` իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար, ՀՀ ԱԱԾ-ն նրան փնտրել է ԱՄՆ դեսպանատանը: ՀՀ-ում 2008-ին ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Պետդեպարտամենտին ուղարկված փաստաթղթում տեղեկացրել է, որ 2008թ. մարտի 24-ին ԱԱԾ գնդապետներ Արմեն Ալոյանն ու Վահագն Վարդումյանը՝ ԱԱԾ պետի անունից, ցանկացել են ճշտել, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը չի թաքցնում Նիկոլ Փաշինյանին: Փենինգտոնը, բնականաբար, ԱԱԾ-ականներին պատասխանել է, որ իրենց հասած լուրերը իրականությանը չեն համապատասխանում, միեւնույն ժամանակ հիշեցրել է, որ դեսպանատան շենքն ԱԱԾ-ի աշխատակիցներն են հսկում:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը որոշել են կարճել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներից մեկի մասով մեղադրանքը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՔԾ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաեւ՝ քննչական բաժնի պետի եւ էլի մեկ քննիչի կողմից իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ: Գործն ուղարկվել էր ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն` նախաքննություն իրականացնելու համար: Սա միջգերատեսչական, մասնավորապես, դատախազություն-ՀՔԾ հակամարտության արդյունքում հարուցված քրեական գործն է, որը եւս դատական վախճան չունեցավ, ինչպես կանխատեսվում էր ի սկզբանե:

 

 

 
ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային ուղղված իր ելույթում նախօրեին խոսել էր աշխարհաքաղաքական զարգացումների մասին, փորձել ներկայացնել իրավիճակը ՌԴ-ի ապագայի մասով, սակայն, չնայած հնչած ծափողջույններին, ապագան ՌԴ նախագահի համար եւս կարծես թե մշուշոտ է: «Դժվարությունները, որոնց մենք բախվում ենք, նոր հնարավորութուններ են ստեղծում: Մենք պատրաստ ենք ընդունել ժամանակի ցանկացած մարտահրավեր ու հաղթել»,- ասել էր Պուտինը՝ շարադրելով «պետք է»-ների մի շղթա. «Մեր տնտեսության ծավալներն ու որակը պետք է համապատասխանեն ՌԴ-ի աշխարհաքաղաքական ու պատմական դերին: Պետք է հաղթահարել աճի զրոյական տեմպի ծուղակը մոտակա 3-4 տարվա ընթացքում, համաշխարհային աճի միջին տեմպերին» եւ այլն: Այսինքն՝ ինչ-որ ցանկություններ, որ անհասկանալի է, թե ինչ մեթոդներով պետք է իրականություն դառնան:
Եւ, ահա, Սերժ Սարգսյանն էլ հետ չմնալով «մեծ եղբոր» օրինակից՝ երեկ մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարին, հանդես է եկել մի ելույթով, որը ոչ այլ ինչ է, քան տնտեսագիտական պարզ դասախոսություն՝ պատմական ակնարկներով: «Աշխարհի բոլոր երկրները դասակարգվում են զարգացման 5 փուլերում գտնվող երկրների խմբերի, ընդ որում, 3 փուլեր համարվում են հիմնական, իսկ 2 փուլ՝ մեկ հիմնական փուլից մյուսին անցնելու միջանկյալ փուլեր»,- հայտարարել է Ս. Սարգսայնը: Նրա բացատրությամբ՝ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ հնարավոր չէ անմիջապես ցատկել առաջին փուլից երրորդ փուլ կամ երկրորդ փուլից չորրորդ փուլ… «Սա է տնտեսական զարգացման ճիշտ բանաձեւը»: Ու գործարարները լսելով երկրի առաջնորդի այս խոսքերը՝ պետք է հետեւություններ անեն, թե ինչպես հաղթահարեն ճգնաժամը, արտադրանքի ինչ ծավալներ ապահովեն, ինչպես ապրանքներ հասցնեն ԵՏՄ անդամ երկրների տարածք եւ այլն: Ս. Սարգսյանը, ամփոփելով դասախոսությունը, ահա ինչ դեղատոմս է առաջարկում. «Մեր երկրի տնտեսությունը հաղթահարել է զարգացման երկու կարեւորագույն փուլ եւ այժմ գտնվում է որակական նոր հարթությունում, սակայն նոր մարտահրավերներով, որի համար պետք են ավելի արդյունավետ հենքով տնտեսություն եւ ավելի մրցունակ ձեռնարկություններ»: Ասել է թե՝ Ս. Սարգսյանն էական փոփոխությունների չբերող մտքեր է հայտնել: Անհասկանալի շտամպային ձեւակերպումներ՝ վերջաբանով, թե «հունվարի 1-ից շատ մեծ հեռանկարներ են բացվում գործունյա մարդկանց համար»:
Սա նշանակում է, որ ո՛չ աշխարհին մարտահրավեր նետած ՌԴ-ում, առավել եւս ո՛չ էլ Հայաստանում չգիտեն՝ ինչ անել: Թերեւս Ս. Սարգսյանի խոսքում միակ հիմնավոր փաստարկն այն իրողության արձանագրումն էր, որ թեեւ Վրաստանը ստորագրել է ազատ առեւտրի մասին պայմանագիր, սակայն այնտեղ եւս լարին արժեզրկվում է: Այնպես որ, ԵՏՄ-ն չէ դրամի արժեզրկման միակ մեղավորը:




Լրահոս