Նախօրեին խորհրդարանը հաստատեց 2015 թվականի բյուջեն՝ 71 կողմ, 46 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով: Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշել էր, որ ԲՀԿ-ականների մի հատվածը չմասնակցի քվեարկությանը. այդպես ավելի հարմար է: Ու քանի որ նախքան բյուջեի քվեարկությունը, քվեարկվեց նաեւ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն «մեկ գնդակով երկու նապաստակ խփեց»:
Ի դեպ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին դեմ քվեարկողներն ավելի քիչ էին, քան Հովիկ Աբրահամյանի ներկայացրածին: Տիգրան Սարգսյանի բյուջեն ստացել էր 71 կողմ, 37 դեմ ձայներ:
Եւ այսպես՝ 2015 թվականի բյուջեին չեն քվեարկել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Արագած Ախոյանը, Արա Արամյանը, Ռուստամ Գասպարյանը, բացակա են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Մարտուն Գրիգորյանը, Արշակ Մխիթարյանը (Բռլիանտի Արշակ), Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո), Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո): Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից եւս գտնվել են մարդիկ, որոնք չեն քվեարկել՝ Սպարտակ Մելիքյան (ԺԱԿ առաջնորդ) եւ Առաքել Մովսիսյան (Շմայս):
«Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներից պարզել, թե ինչո՞ւ են որոշել չքվեարկել 2015 թվականի բյուջեի նախագծին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
-Պարո՛ն Մարգարյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել 2015 թվականի բյուջեին դեմ քվեարկել, սակայն Դուք չմասնակցեցիք քվեարկությանը: Ինչո՞ւ չեք քվեարկել:
-Ես առողջական խնդիր եմ ունեցել, չեմ մասնակցել, ինչո՞ւ պետք է միտումնավոր չմասնակցեմ քվեարկությանը:
-Տեղեկություն կար, որ ԲՀԿ խմբակցությունում որոշվել է՝ մի հատվածը չմասնակցի քվեարկությանը: Ձեզ ասե՞լ են, որ քվեարկությանը ներկա չլինեք, այդպես ճիշտ կլինի:
-Նման բան չի ասվել, ուղղակի ես առողջական խնդիրների պատճառով է, որ չեմ մասնակցել: Եթե ֆրակցիան որոշել էր, որ պետք է դեմ քվեարկի, եթե ես ներկա լինեի, պետք է դեմ քվեարկեի:
-Այսինքն՝ Դուք եւս այն կարծիքին եք, որ 2015 թվականի բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի՞, «յոլա» գնալու բյուջե՞ է:
-Խմբակցությունն է այդպես որոշել:
-Նշվում է նաեւ, որ ԲՀԿ-ականներից շատերը չեն մասնակցել 2015 թվականի բյուջեի քվեարկությանն այն բանի համար, որ ՀՀ վարչապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամին է:
-Բազմիցս Ծառուկյանն ասել է, որ բարեկամը քաղաքական կատեգորիա չէ, ու թերեւս վերջին քվեարկությունը բյուջեին նշանակում էր, որ կապ չուներ, եթե չէ՝ կողմ կքվեարկեինք: Այսինքն՝ կապ չունի՝ Ծառուկյանը մնաց իր ասածի տեր, այսինքն՝ բարեկամը քաղաքական կատեգորիա չէ:
-ՀՀ Կառավարությանը առաջարկություն էիք ներկայացրել բյուջեի նախագծի վերաբերյալ. մերժե՞լ թե՞ ընդունել են այն:
-Ասեմ Ձեզ՝ վերջին երեւի մի 4-5 տարին ինչ առաջարկություններ արել եմ, չի ընդունվել, կապված երեւի տնտեսական ճգնաժամի հետ, ու դրանք հաշվի առնելով՝ այլեւս առաջարկություններ չեմ ներկայացրել, անմիտ է: Մի բանը 10 անգամ չպետք է կրկնես, ես 2003 թվականից պատգամավոր եմ, միշտ աշխատել եմ, որպեսզի իմ տարածքի դպրոցաշինության համար գումարներ տրամադրվեն, սակայն վերջին տարիներին նման բան չի եղել: Բազում անգամներ դիմել եմ, հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել եմ, առաջարկություններ եմ ներկայացրել, բայց 5-6 տարի է՝ 2008 թվականից հետո, իմ ոչ մի առաջարկություն չի բավարարվել:
-Բայց ՀՀ Կառավարությունը փոխվել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ, գուցե՞ այս անգամ այլ կերպ ամեն ինչ լիներ:
-Դե, նշեցի, որ նախկին փորձը հաշվի առնելով՝ այլեւս անմիտ եմ համարել դիմելը: Այսօրվա դրությամբ մոտ 10 դպրոց կարիք ունի ֆինանսավորման, տանիքի խնդիր ունեն եւ այլն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀԱՎԱՔ ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ, ԿԱՄ ՈՐ ՆՈՒՅՆՆ Է՝ ԱՍՄՈՒՆՔԻ ԵՐԵԿՈ
Երեկ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողով էր հրավիրել` քաղաքացիներին համախմբելու նպատակով: Այն սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: Հավաքին ներկա էին մի քանի տասնյակ քաղաքացիներ եւ վերոնշյալ կուսակցության անդամներ: Րաֆֆի Հովհաննիսյանը, նայելով սակավաթիվ մարդկանց, ասաց, որ նման իրավիճակներում ինքը եղել է բազմիցս, բայց ժողովրդի պայքարը չի ճանաչում ո՛չ եղանակ, ո՛չ ստվերային խաղեր, ո՛չ կուսակցական պահեր:
Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր բառապաշարում չկա եռյակ, քառյակ, հնգյակ, յոթնյակ մոտեցումը: «Կա խորհրդարանական համագործակցություն, դա պետք է շարունակվի եւ խորանա: Եռյակից դուրս գալու խնդիր չկա, եւ համագործակցությունն անպայման կշարունակվի: Մենք կարծում ենք, որ համագործակցությունը պետք է լինի հրապարակային եւ պետք է ներառի նաեւ նոր ուժեր: Կա օրակարգ ճշտելու խնդիր միայն»,- ասաց Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ, ով ասաց, որ նմանօրինակ ժողովները միտված են ցույց տալու, որ «Ժառանգություն»-ը ժողովրդի կողքին է եւ պատրաստ է կիսելու նրանց խնդիրները:
«Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այսօր այս հարթակում քաղաքացիներն ազատ են իրենց ելույթների մեջ, կարող են «արխային» ելույթ ունենալ»,-ասաց Թեւան Պողոսյանը` հավելելով. «Մենք եռյակից չենք առանձնանում: Ամեն ինչ կարգին է: Սա ազատ արտահայտվելու իրավունք է, որը մենք օգտագործում ենք»: Մեր դիտարկմանը, թե հարթակից ելույթ են ունենում նաեւ քաղաքացիներ, ովքեր պարզապես ասմունքում են, եւ այս իրավիճակը պարզապես նմանվել է ասմունքի երեկոյի` դուրս գալով քաղաքական լուրջ իրադարձություն համարվելու սահմաններից, Պողոսյանը պատասխանեց. «Այստեղ չենք հավաքվել ասմունք լսելու: Դա Ձեր մեկնաբանությունն է, եթե ցանկանում եք այդպես մեկնաբանել, ապա չի նշանակում, որ այսօր ասմունքի երեկո է: Այո՛, մարդիկ ասմունքում են: Եթե մարդը ցանկություն ունի հանդես գալու, ազատ ելույթ ունենալու, ո՞րն է այդտեղ խնդիրը: Ասմունքի ժամն էլ խոսում է միասնականության մասին»:
Վերջինս պարզաբանեց նաեւ այս հանրահավաքի կազմակերպման բուն նպատակը. «Հավաքի իմաստն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եկել է Ազատության հրապարակ` մարդկանց հետ կիսվելու, խոսելու, հարցերին արձագանքելու: Որեւէ մեկը, ինչքան ես եմ հասկանում, եռյակից առանձնանալու խնդիր չի բարձրացրել, ինչպես նաեւ մի քաղաքական ուժը մյուսի աշխատանքին չի խանգարելու»:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՊԱԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ
«Երեւան գարեջուր» ընկերությունը ռուբլու արժեզրկման պատճառով այս օրերին վնասներ է կրում: Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Հայիրյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը երկար ժամանակ է, ինչ գարեջուր է արտահանում ՌԴ, սակայն ռուբլու արժեզրկման պատճառով որոշակի քանակությամբ կրճատել է արտահանման ծավալները: «Գնորդների կողմից տեղում իրացնելու ժամանակ մի շարք խնդիրներ են առաջանում, մարդկանց գնողունակությունն է ընկնում: Հակառակ դեպքում մենք կարող էինք ավելի մեծ քանակությամբ գարեջուր արտահանել Ռուսաստանի Դաշնություն»,-ասաց Հայիրյանը:
ՈՐ ԻՆՉ ԱՆԵՆ
Երեւանի քաղաքապետարանը, հրապարակային ծանուցման համաձայն, այս տարվա դեկտեմբերին ցանկացել է ձեռք բերել 40 կգ տավարի միս, 15 կգ աղ, 200 կգ կարտոֆիլ, 30 կգ սոխ, 30 կգ բրինձ, 60 կգ հավի միս, 20 կգ հնդկաձավար եւ 6 կգ հաճարաձավար: Մրցույթին հայտ ներկայացրել է միայն «Տիսա» ՓԲԸ-ն: Ըստ ծանուցման՝ պայմանագիրը կնքվել է միայն տավարի մսի մատակարարման մասով, որի համար քաղաքապետարանը պետք է վճարի 111 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի քաղաքապետարանից պարզել, թե նշված մթերքն ինչ նպատակով են ցականում ձեռք բերել, ասենք՝ 6 կիլոգրամ հաճարաձավարն ինչ են անելու կամ 20 կիլոգրամ հնդկաձավարը, եւ այսպես շարունակ: Սակայն, ինչպես միշտ, քաղաքապետարանից պահանջեցին հարցը գրավոր ուղարկել, այսինքն՝ պատասխանն էլ կտրվի մի քանի օրում, լավագույն դեպքում:
ՄԻ ՓՈՔՐ ԶԳՈՒՅՇ
Նախօրեին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմեց իր երկրի խորհրդարանին եւ ինչ-որ մարդկանց մեղադրեց ռուսական ռուբլու հետ սպեկուլացիաներ անելու մեջ, այդ հայտարարության հայաստանյան «հետեւանքներն» իրենց երկար սպասել չտվեցին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հայտարարեց, որ դրամի հետ կապված սպեկուլացիաները պետք է բացառվեն, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ շտապեց լրագրողների հետ զրուցում հայտարարել, որ դրամի արժեզրկումը սպեկուլացիայի արդյունք է: Այլ կերպ ասած՝ Հայաստանի պաշտոնյաներն անմիջապես օգտվեցին Պուտինի առաջ քաշած գաղափարից: Սական դժվար թե նրանք կռահեին, որ շատ վտանգավոր բանի մասին են խոսում, քանի որ եթե այդ սպեկուլացիաները հետազոտվեն, ապա կարող է փաստեր պարզվեն, որոնք Պուտինին հաստատ դուր չեն գա: Ասենք՝ կարող է պարզվել, որ Հայաստանում գործող ռուսական բանկերը եւ ընկերությունները վերջին երկու շաբաթվա ընթացքում որքան կարողանում, դոլար են Հայաստանից տանում եւ փոխարենը մեր շուկա են լցնում իրենց արժեզրկված ռուբլին: Այսինքն՝ Հայաստանի պաշտոնյաները դեռ չեն հասկանում, որ այն, ինչ կարելի է Պուտինին, չի նշանակում, որ իրենց էլ է թույլատրվում: