ՆՐԱՆՔ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն փաստը, որ Հայաստանի խորհրդարանի 103 պատգամավորներ կողմ քվեարկեցին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմ մտցնելու մասին պայմանագրին, բազում քննարկումների առիթ է դարձել: Հիմնական հարցը, որ հնչում է, այն է, թե ինչպես կարող է անկախ պետութան խորհրդարանի պատգամավորների 80 տոկոսը կողմ քվեարկել իրենց երկիրը մեկ այլ պետության ենթակայությանը հանձնելու փաստաթղթին:

Այս հարցի պատասխանը գտնելու համար, թերեւս, հարկավոր է հայացք գցել ներկայիս Հայաստանի քաղաքական էլիտայի` իշխանության եւ ոչ իշխանականների ղեկավարության կենսագրությանը: ՀՀԿ-ական մեծամասնության պարագայում առանձնացնենք Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին եւ Գալուստ Սահակյանին, ոչ իշխանականների դեպքում դիտարկենք Լեւոն Տեր-Պետրոսյանին (ՀԱԿ), Ռոբերտ Քոչարյանին (ԲՀԿ) եւ Գագիկ Ծառուկյանին (ԲՀԿ): Թվարկվածներն այն անձինք են, որոնց խոսքը որոշիչ է եղել նշված 103 պատգամավորների քվեարկության հարցում:
Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան շարժման մեկնարկի ժամանակ եղել է 34 տարեկան: 1979-ից 1988 թվականներին եղել է ԼԿԵՄ (Լենինյան կոմերիտական երիտասարդական միության) Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակային ելույթներից մեկում մի անգամ ակնարկեց, որ Սերժ Սարգսյանը եղել է Խորհրդային Միության պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ-ի) գործակալ «Նարիմանով» կեղծանունով:
Հովիկ Աբրահամյանը Ղարաբաղյան շարժման մեկնարկին եղել է 30 տարեկան, բայց պաշտոնապես անհայտ է, թե ինչով է զբաղվել, նրա պաշտոնական կենսագրությունը սկսվում է 1990-ից, Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետի պաշտոնից: Աբրահամյանի կենսագրության բացակայող հատվածում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, նա արհեստանոցում ավտոմեխանիկ է («դզող-փչող») եղել: Խորհրդային կարգերի փոխվելու շրջանում, արագ կողմնորոշվելով, սկսել է սրընթաց կարիերա կառուցել` չնայած կրթություն չի ունեցել: Մի դիտարկում էլ՝ Աբրահամյանի առաջընթացում նշանակալի ներդրում է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ ընտրություններ կեղծել է 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ` հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնում:
Գալուստ Սահակյանը Հայաստանի անկախությունը դիմավորել է 43 տարեկանում: 1972-ից մինչեւ 1991 թվականը Գալուստ Սահակյանը եղել է հայոց լեզվի ուսուցիչ, վերջին տարիներին եղել է Երեւանի թիվ 185 դպրոցի տնօրենը: Հայաստանի անկախանալուց հետո աշխատանքի է տեղափոխվել Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնում: Հայտնի է, որ այս պաշտոնում Գալուստ Սահակյանը նշանակվել է իր աներորդու` Աշոտ Աղաբաբյանի շնորհիվ, որը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին եւ լավ հարաբերությունների մեջ է եղել երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ:
Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան շարժման մեկնարկի ժամանակ՝ 1988-ին եղել է 34 տարեկան: Քոչարյանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ «1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական եւ կուսակցական մարմիններում»: Այսինքն՝ եթե ղարաբաղյան շարժումը չլիներ, Քոչարյանը կուսակցական կարիերա պետք է ունենար, սկզբում պետք է ձգտեր Բաքու տեղափոխվել, անուհետեւ՝ Մոսկվա: Բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ-ում կուսակցական պաշտոններ զբաղեցնողները անպայման ՊԱԿ-ի հետ սերտ առնչություն են ունեցել:
Գագիկ Ծառուկյանի պաշտոնական կենսագրությունը սկսվում է 1989 թվականից, երբ նա արդեն 33 տարեկան է եղել: Այդ տարի նա ավարտել է ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Ի սկզբանե զբաղվել է գործարարությամբ եւ չնայած արդեն հասուն տղամարդ է եղել, բայց երազել է ուժեղ տղա դառնալու մասին, արդյունքում՝ 1996-ին՝ 40 տարեկանում դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998-ին 42 տարեկանում՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն: Ծառուկյանի պաշտոնական կենսագրությունում ոչինչ նշված չէ, բայց հայտնի է, որ 80-ականների սկզբին նա սովետական միլիցա է եղել: Այս տվյալները Ծառուկյանն ամեն կերպ փորձում է ջնջել իր կենսագրությունից:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան շարժման մեկնարկին եղել է 42 տարեկան, 1972-ից զբաղվել է գիտական գործունեությամբ: 1987-ին արդեն դոկտորական թեզը պաշտպանած է եղել: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն վերը թվարկվածների, մեծ մտքի տեր գործիչ է, 1988-ին նա «Ղարաբաղ» կոմիտեին միացել է, երբ այն արդեն մի քանի ամիս գործելիս է եղել, բայց կարճ ժամանակ անց դարձել է նրա առաջնորդներից մեկը:
Վերը բերված գործիչներն այսօրվա Հայաստանի քաղաքական կյանքի առաջնահերթ որոշումներ կայացնողներն են: 103 կողմերը նրանց «ձեռքբերումն» է: Նշված գործիչները, անկախ այն բանից, որ տարբեր մտքի տեր անձինք են, ունեն մեկ ընդհանրություն. նրանք Խորհրդային Միությունում իրենց լավ են զգացել, կարիերա են կառուցել, սիրահարվել են, ամուսնացել են եւ այսպես շարունակ: Նրանք չեն նեղսրտել, որ Հայաստանն անկախ պետություն չէ, որ Հայաստանը ռուսական կայսրության մի փոքր մասն է: Նրանք անկախության համար չեն պայքարել եւ չեն հետապնդվել: Ղարաբաղյան շարժումը նրանցից մի քանիսի կյանքը փոխել է, քանի որ հասցրել են ճիշտ պահին ճիշտ տեղում լինել: Այսինքն՝ այն փաստը, որ այսօր Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը, բնական է, որ նրանց չպիտի մտահոգի: Ավելին՝ կասկածից վեր է, որ յուրաքանչյուրն իր ծրագիրն է մշակել եւ մշակում, թե ինչպես պետք է ռուսների միջոցով իր ունեցած իշխանությունը եւ ֆինանսական կարողությունն ավելացնի: Այս մարդկանցից ակնկալել, որ նրանք անկախության համար կպայքարեն կամ ինչ-որ զոհողությունների կգնան, մեղմ ասած, միամտություն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՉԻ ԻՄԱՑԵԼ
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, ինչպես հայտնի է, չի մասնակցել 2015 թվականի բյուջեի նախագծի քվեարկությանը: «Ժողովուրդ»-ը փորձեց պատգամավորից պարզել, թե որն է եղել քվեարկության չմասնակցելու պատճառը: Պարզվեց՝ Բագրատյանը տեղյակ չի եղել, որ նույն օրը` քննարկումից անմիջապես հետո, կայանալու է նաեւ բյուջեի քվեարկությունը: Ու քանի որ նա մինչ այդ որոշած է եղել, որ բոյկոտելու էր ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագրի քվեարկությունը եւ չէր մասնակցելու դրան, արդյունքում ստացվել էր, որ նա բյուջեի քվեարկությանը եւս չէր մասնակցել: Բանն այն է, որ ԵՏՄ պայմանագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անմիջապես քվեարկության էր դրել 2015 թվականի բյուջեի նախագիծը: «Դա չգիտեմ, տեղյակ չեմ եղել, բյուջեի մասով մեզ չեն ասել, ես սպասում էի, որ մեր առաջարկությունների հետ կապված մանրամասն բացատրություններ կլինեն, բայց ես չեմ իմացել, որ ԵՏՄ-ից հետո բյուջեի քվեարկություն է լինելու»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Հարցին, թե եթե ներկա լինեիք, ինչպե՞ս կքվեարկեիք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա արդեն չեղավ, եթե ներկա լինեինք, կխոսեինք, դա եղավ, եթե հորեղբայրս կին լիներ, հորաքույրս կլիներ տարբերակը»: Նշենք, որ Հ. Բագրատյանը եղել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության ամենաակտիվ քննադատողներից մեկը:

 

ԲՅՈՒՋԵՆ՝ ԳՈՐԾԻՔ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանում է գտնվում ԼՂՀ Կառավարության 2015 թվականի բյուջեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այն այժմ քննարկվում է ԼՂՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովում: Նախատեսված է, որ մինչեւ դեկտեմբերի 25-ը ԼՂՀ Ազգային ժողովը կհաստատի բյուջեն: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե իր կարծիքով արդյո՞ք ԼՂՀ ԱԺ-ն կհաստատի այն, թե նախագծի հետ կապված դժգոհություններ կան: «Դժգոհություններ չեն լինում, միշտ ցանկություններն են շատ լինում, պետք է բյուջեն գործիք լինի երկրի տնտեսության զարգացման համար, պետք է ավելի շատ մտածել գործիքների մասին»,- պատասխանեց վարչապետը:

 

ԱԽՏԱՀԱՆՈՒՄՈՎ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքապետարանն այս տարի քաղաքապետարանի ախտահանման (դերատիզացիոն) աշխատանքների համար վճարել է 120 հազար դրամ: Ի դեպ, նախկինում այս ծառայության նկարագրությունում նշվում էր նաեւ «պաքար կրծողների դեմ»: Սակայն այս տարվա սկզբից պետական հիմնարկներն այդ ծառայությունն ավելի «համեստ» են ներկայացնում:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՆՏՐՎԵՑ
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: Մինչեւ այդ խորհրդի նախագահը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր:

 

ԽԱԽՏԵԼ Է
«Ադրբեջանը ոչ միայն վերացական է դարձնում վստահության ամրապնդման ուղղությամբ քայլերը, այլեւ պարբերաբար սադրանքներ է կազմակերպում` խիստ ավելացնելով լարվածությունը»,- Բազելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի երկրների արտգործնախարարների առջեւ: Հիշեցնելով, որ այս տարի լրանում է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքված հրադադարի համաձայնագրի 20-րդ տարին, Նալբանդյանը նշել է. «Չնայած միջազգային հանրության հորդորներին` Ադրբեջանն արել է ամեն ինչ` հրադադարի ռեժիմը ապակայունացնելու համար»:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկեւիչյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ
Ադրբեջանում դատախազությունը պահանջում է կալանավորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովային: Լրագրողին դատախազություն են կանչել երեկ առավոտյան, որտեղ դատախազը հանդես է եկել նրան կալանավորելու միջնորդությամբ, ապա հրավիրել են Բաքվի դատարան՝ ներկա լինելու միջնորդության քննությանը: Լրագրողը խնդրել է բարեկամներին բերել իր դեղերը եւ հագուստը:

 

ԶՐՈՒՑԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:




Լրահոս